Լրահոս
Օրվա լրահոսը

Կոզերնի հարցը կլուծեն

Ապրիլ 18,2006 00:00

«Մինչեւ
կոզերնցիների սեփականության իրավունքի հարցը չլուծենք՝ թաղամասի իրացումը չենք սկսի»,-
երեկ խոստացավ Երեւանի քաղաքապետը: Երեւանի իրացման գոտիների եռամյա պատմության
մեջ առաջին անգամ «իրացվող» բնակիչներն իրավունք են ստացել մասնակցել վերակառուցման
գործընթացին: Հիշեցնենք, որ մինչ այդ՝ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների համար իրացվող
տարածքները կառավարության որոշումներով օտարվում էին այս կամ այն ընկերությանը կամ
անհատին՝ որպես վաղօրոք հայտնի գնորդներ: Այս տարի նախատեսվում է իրացնել «Ֆիրդուսնոցը»,
Սարալանջի փողոցի մի հատվածը, Կոնդ եւ Կոզերն թաղամասերը: Վերջինիս մասին երեկ Երեւանի
քաղաքապետ Երվանդ Զախարյանն ասաց, որ առանց սեփականության փաստաթղթի մնացած բնակիչների
խնդիրը տուն առ տուն ուսումնասիրվելու է, ինչպես դա արեցին կոնդեցիների համար: «Առավոտի»
հարցին, թե կառուցապատման համար անցկացվող մրցութային կարգում նախատեսվա՞ծ է որեւէ
արտոնություն՝ իրացվող տարածքի սեփականատիրոջ մասնակցության դեպքում: Օրինակ՝ առաջնահերթության
իրավունք: Պարզվեց՝ ոչ մի արտոնություն սահմանված չէ, նույնիսկ՝ հավասար ֆինանսական
առաջարկների դեպքում: Իհարկե, եթե բնակիչներից որեւէ մեկը ցանկություն ունի շարունակել
կյանքն իր մանկության թաղամասում՝ կարող է պայմանագիր կնքել կառուցապատողի հետ եւ
իր հասանելիք բնակարանը ստանալ նույն տարածքում: Մինչդեռ որքան էլ բաց մրցույթը
համարվի բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններով անցկացվող գործառույթ, տվյալ
դեպքում տրամաբանական կլիներ առաջնահերթություն սահմանել նրանց համար, ովքեր ծնվել-մեծացել
են այդ տարածքում: Հատկապես, որ վաղօրոք նախագծված կառուցապատման ծրագիրը նրանց ցանկությունից
չի տուժում. այսինքն՝ կառուցվելու է քաղաքապետարանի նախատեսած նույն շենքը, բայց՝
տեղացու ֆինանսական ներդրումով: Շարունակելով Կոզերնի թեման, քաղաքապետը նշեց,
որ գտնվելով Ազգային ժողովի եւ Պռոշյան փողոցին հարակից կառավարական ամառանոցի մեջտեղում՝
թաղամասը համարվում է անվտանգության գոտի, եւ այստեղ նախատեսվում է կառուցել ցածրահարկ՝
4-5 հարկանի շենքեր: Իսկ իրացվող տարածքների բնակիչներին տրված փոխհատուցումների
մասին Ե. Զախարյանն ունի իր կարծիքը. «Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաներում մենք
գործ ենք ունեցել շուրջ 1300 բնակչի հետ: Չեմ ասում, թե 100 տոկոսով բավարարել ենք
նրանց պահանջները, բայց եթե բողոքողները հազիվ 15-16-ն են, ուրեմն իրացման աշխատանքները
վատ չեն ընթացել»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել