Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիին

Ապրիլ 17,2006 00:00

Գյումրիին թանգարաններ ու դպրոցներ պետք չե՞ն Քաղաքապետարանը փորձում է ազատվել դրանցից Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջերս Գյումրիի քաղաքապետարանը ավագանու նիստ է հրավիրել ու իր հաշվեկշռում գտնվող 4 թանգարանները մշակույթի նախարարությանը փոխանցելու որոշում կայացրել: Իսկ ինչո՞վ է բացատրվում նման նախաձեռնությունը, մի՞թե պատճառը քաղաքապետարանի ծանրաբեռնված բյուջեն «ավելորդ» ծախսերից ազատելն ու մշակութային գործիչներին «անտեղի» վարձատրելուց հրաժարվելն է: Արդյո՞ք քաղաքապետարանի պաշտոնյաները չեն վախենում, որ այս քայլով հաստատում են այն խոսակցությունները, թե Վարդան Ղուկասյանի ղեկավարած կառույցը «սպանում» է Գյումրիի մշակույթը: Այս եւ այլ մշակութային խնդիրների մասին պարզաբանումներ խնդրեցինք քաղաքապետարանի մշակութային բաժնի պետ Արա Պապանյանից: Պաշտոնյան փորձում էր հավատացնել, որ խնդիրը ֆինանսական միջոցները չեն, որ «թանգարանները Գյումրիից ոչ մեկը չի վերցնելու ու տանելու, շենքն ու գույքը դարձյալ մնալու են քաղաքապետարանին, պարզապես, ի տարբերություն մշակույթի նախարարության, քաղաքապետարանը չունի թանգարանային մասնագետ»: «Թանգարանային նյութերը` էքսպոնատները ազգային արժեք են եւ հարկավոր է ճիշտ տեղադրել, մասնագիտական մոտեցում ցուցաբերել»,- քաղաքապետարանի ցանկությունն այսպես է հիմնավորում Ա. Պապանյանը: Իսկ ինչո՞ւ է քաղաքապետարանը միայն վերջերս հիշել թանգարանագետ չունենալու մասին: Ա. Պապանյանի խոսքով, Գյումրիի թանգարանները ստեղծվել են վերջին 4-5 տարիներին՝ քաղաքապետարանի կողմից «եւ, բնականաբար, չէինք ցանկանա մեր ստեղծածը ուրիշին տալ»: Ի դեպ, թանգարանները քաղաքապետարանի հաշվեկշռից նախարարության հաշվեկշիռ փոխանցելը միայն քաղաքապետարանի ցանկությունն է եւ կարծես առաջարկվող «նվերը» մշակույթի նախարարությանը չի ոգեւորել, քանի որ առայժմ հարցը անորոշության մեջ Է: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում պաշտոնյան այն քննադատություններին, թե թանգարանների դռները մշտապես փակ են, դրանց նույնիսկ ցուցանակներ փակցված չեն: Հիշեցնենք, որ մեր թերթում նմանատիպ մտահոգությամբ էր հանդես եկել Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի նախկին պետ Աշոտ Մկրտչյանը: «Շատ վատ է, որ մշակույթի բաժնի պետից էդպիսի բաներ են հնչել, չեմ ուզում քննարկել էդ հարցը, որովհետեւ Գյումրիի թանգարանները նորմալ գործում են, դպրոցականները միշտ բաց դասեր են անցկացնում այնտեղ: Ինչ վերաբերում է ցուցանակներին, դրանք էլ շուտով կլինեն»,- ասում է Ա. Պապանյանը: Պաշտոնյայից փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ երաժշտական դպրոցների խնդիրների՝ մասնավորապես թիվ 4 երաժշտականում տնօրենի փոխվելուց հետո ուսուցիչներին մասսայաբար կրճատելու վտանգի, ինչպես նաեւ 1-ին ու 2-րդ երաժշտականների հնարավոր օպտիմալացման մասին: Ըստ մշակութային բաժնի պետի, այս պահին օպտիմալացման ծրագիր դեռ չկա (թեեւ նա չբացառեց նման ելքը- Ն. Ա.), պարզապես տնակներում գտնվող երկու երաժշտական դպրոցները տեղափոխվում են քարաշեն կառույց: Նկատենք, որ երաժշտականներից մեկի տարածքը դեռ չազատված՝ վաղուց վաճառված է, սեփականատերն էլ սրտատրոփ սպասում է երաժշտականի «քոչելուն»: Իսկ թիվ 4 երաժշտական դպրոցում սպասվող մասսայական կրճատումներից պաշտոնյան զարմանալիորեն տեղյակ չէր: Ըստ նրա՝ «Նման բան չկա եւ որեւէ մեկից բողոք չենք ստացել»: Տեղեկացնենք, սակայն, որ այս հարցով բոլորն են իրար խառնված, հատկապես ավագանին: Խնդիրը քննարկվել է ավագանու նիստերից մեկի ժամանակ, որի ընթացքում քաղաքապետն արդարացել է. «Եթե մասնագետ չեն, գալիս են ուղղակի սուրճ խմելու, իհարկե՝ կրճատելու ենք»: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել