Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ

Ապրիլ 17,2006 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓՆՈՎՈՒՄ ԿԱՄ ԳՈՎՈՒՄ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆԸ Անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանի մեկնաբանությունները – Ինչո՞ւ հենց 21-րդ դարում սկսեցին ավելի շատ խոսել այն մասին, թե ազգային պարը աղավաղվում է: – Սովետմիության շրջանում արվեստի ցանկացած տեսակ ծաղկում էր, կար լուրջ ուշադրություն, ֆինանսավորում, սկուտեղի վրա ամեն ինչ մատուցում էին: Մենք տեղյակ էինք ԽՍՀՄ բոլոր կոլեկտիվների ծրագրերին, մինչդեռ այսօր չգիտենք՝ որոշ կոլեկտիվներ կա՞ն, գոյություն ունե՞ն: Բայց ԽՍՀՄ շրջանում կար համատարած բոլորին միօրինակ դարձնելու միտում: Բոլոր կոլեկտիվների ծրագրերը 90%-ով նման էին, ասես մի սանրով սանրած լինեին: Թեեւ մեկը հայկական հենքի վրա էր, մյուսը՝ ռուսական, երրորդը՝ ուկրաինական, բայց համատարած նույն ձեռագիրն էր: Դա պարտադիր էր, որովհետեւ բոլոր խմբերը պետք է «խոսեին» նույն՝ ողջ խորհրդային ժողովրդին հասկանալի լեզվով, իսկ ֆոլկլորը դուրս էր մնացել: Կարճ ասած՝ այդ ժամանակաշրջանում ստեղծված հայկական պարացանկը, մեղմ ասած, հեռու է ազգային խոր արմատներից: Իսկ այսօր գոնե փորձում են հայեցի պարել: Եվ որտեղ աշխատանք, այնտեղ էլ՝ քննադատություն: Ցավում եմ, որ հաճախ քննադատում են մարդիկ, ովքեր իրենք են ստեղծել նման պարատեսակներ: Փաստորեն, իրենք խոսում են իրենց ստեղծածի դեմ: – Իսկ, ի վերջո, ի՞նչ ասել է հայկական, ազգային պար: – Ազգայինը իր բնական տեսքով այսօր բեմ հանել չի կարելի: Չի կարելի այն իմաստով, որ բեմն ունի իր պահանջներն ու պայմանները: Ամենատարրական օրինակը բերեմ՝ մեր պարերի 90%-ը շուրջպարեր են, բեմի վրա շուրջպարը մինչեւ փակվի՝ կտեւի 10-15 րոպե, ու հանդիսատեսը մեջքով կտեսնի պարողներին, ինչը ճիշտ չէ: Կամ զուռնան ու դհոլն էլ երաժշտական իմաստով պետք է հետաքրքիր դարձվի, դա էլ կախված է բեմադրողի ճաշակից, երեւակայությունից: Բնականաբար, ամեն ինչ պետք է արվի ազգային պարի հենքի վրա՝ անպայման հարմարեցնելով բեմին: Պարը պետք է ունենա իր դրամատուրգիան, սկիզբը, բարձրակետը, վերջը: Փորձում ենք հենց դրան էլ ուշադրություն դարձնել, ինչի համար մեզ շատ են քարկոծում, որ իբր Պարի պետական անսամբլում տեխնիկան պակաս է, հնարքներ չենք օգտագործում: Ախր մեր պարին դրանք բնորոշ չեն: Օրինակ՝ «Հովիվների պարում» նման բաներ կան, ինչն արդարացված է. հովիվները բարձրացել են յայլաները, կոխ բռնել, խաղացել, գուցե նրանցից մեկն էլ ինչ-որ բարդ հնարք է ցույց տվել, ինչը եւ օգտագործել ենք պարում: Բոլոր հայկական պարերում անհեթեթություն կլինի նման հնարքներ ներմուծելը: Պատկերացրեք՝ պարում ենք «Զարթոնք», անունն արդեն հուշում է՝ ինչի մասին է, ու այդ պարում մեկը հանկարծ սկսում է գլխի վրա պտտվել: Հնարքներն օգտագործելիս պետք է ունենալ դրանց հիմնավորումը: Թե չէ կստացվեն բառակապակցություններ, որտեղ բառերն իրար հետ կապ չունեն: Չէ՞ որ պարն էլ է խոսք, նախադասություն: Թեեւ կան պարեր, որ տրամադրության պարեր են ու ասելիք չունեն, ինչպես, օրինակ՝ «Շալախոն»: – Ձեր գործընկերներից ոմանք Ձեզ մեղադրում են նրա համար, որ Պարի պետականի պարերում ոգի չկա: – Միգուցե ինչ-որ իմաստով դա ճիշտ է: Ես արդարացում չեմ փնտրում, բայց դա նաեւ երկրի վիճակից ու մեր պայմաններից է: Այսօր պարող տղաները քիչ են: Ես 11 տղայով եմ անսամբլն ընդունել, հիմա 17-ն ունեմ: Վստահ եմ, եթե վաղը աշխատավարձը բարձրանա, հաստատ նրանց թիվը կկրկնապատկվի: Մյուս կողմից, մեր համերգներին ներկա լինել եւ հայկական ոգին չնկատել, մեղմ ասած՝ չուզողություն է: Շատերին թվում է` Պարի պետականը սովետի թեւի տակ պահած անսամբլն է, մնում է միայն գան, նստեն ու վայելեն: Մոռանում են, որ ժամանակները վաղուց փոխվել են: – Ժամանակին կոմպոզիտորները հատուկ ազգային-ժողովրդական ոգով երաժշտություն էին հորինում պարային կոլեկտիվների համար: Այսօր ինչպե՞ս եք այդ խնդիրը լուծում: – Այո, պարային երաժշտության ասպարեզում իսկապես լուրջ խնդիրներ կան: Շատերը նախընտրում են փոփ երգ գրել, որովհետեւ դրանով եւ հանրաճանաչ են դառնում, եւ գումար վաստակում: Հայկ Գրիգորյանը մեր անսամբլի երաժշտական մասի ղեկավարն է, հենց նրա գործերից էլ օգտվում ենք: Հայկը նաեւ հավաքում է ազգային երաժշտական նյութերը, գործիքավորում, դարձնում է Պարի պետականին հարիր երաժշտություն: Բեմական հագուստների վրա էլ ենք աշխատում: Պիտի գտնել թեթեւը, գեղեցիկը, սլացիկը՝ իհարկե ազգային տարազի հիմքի վրա: Այստեղ էլ համագործակցում ենք Ռուբինա Հովհաննիսյանի, Սահակ Մուրադյանի եւ այլոց հետ: Ցավոք, ինչի մասին խոսում ենք, վերջում հանգում ենք ֆինանսներին: – Ձեր կարծիքով ո՞րն է պարարվեստի 2 միությունների (ղեկավարներ՝ Վանուշ Խանամիրյան եւ Կարեն Գեւորգյան) տարաձայնությունների պատճառը: – Կարծում եմ, պարարվեստի գործիչները հավաքվել են ոչ թե ինչ-որ նպատակի, այլ ընդամենը՝ 2 մարդու շուրջ: Մյուս բնագավառներում հակամարտությունները հասկանալի են՝ մեծ գումարներ կան արանքում, իսկ էստեղ, ախր, ոչինչ չկա: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել