Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ

Ապրիլ 17,2006 00:00

«ԵՍ ՀԱՅԵՐԵՆ ԵՄ ՆԿԱՐՈՒՄ» Հարցազրույց նկարիչ Սերգեյ Մալցեւի հետ – Որոշ մասնավոր պատկերասրահների տնօրենների կարծիքով՝ վաղուց անցել են ժամանակները, երբ Վերնիսաժում կարելի էր լավ գործեր տեսնել: Համամի՞տ եք այս դիտարկման հետ: – Այդ տնօրենները մի քիչ սխալվում են, Վերնիսաժը իր ուրույն տեղն ու հետքն ունի: 1985-ին, երբ մենք ավարտեցինք Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, մի գեղեցիկ ակցիա արեցինք՝ բացելով Վերնիսաժը: Ու դեռ այն ժամանակ մեր նպատակն էր՝ պրոպագանդել պրոֆեսիոնալ արվեստը: Հիմա էլ Վերնիսաժում՝ Սարյանի արձանի շրջակայքում, պրոֆեսիոնալ նկարիչների գործեր կարելի է տեսնել՝ Մինաս Զաքարյան, Տիգրան Ավագյան, Սարգիս Աբրահամյան: Պրոֆեսիոնալ նկարչի համար ամենեւին էլ պատվից ցածր չէ այնտեղ ցուցադրվելը: Վերնիսաժը փոքրիկ մեր բալիկն է, որին հիմա մեծացնում ենք: Չի կարելի թերագնահատել նրա դերը, դա նույնն է, թե թերագնահատվի Մոնմարտրը՝ Փարիզում: Վերնիսաժում էլ կա գեղեցիկ, զիլ արվեստ: Եթե մարդը ի վիճակի է պրոֆեսիոնալը տարբերել, ապա դա կանի նաեւ Վերնիսաժում ներկայացվող գործերը դիտելիս: – Ձեր աշխատանքներում կանանց անպայման ծաղիկների հետ ենք տեսնում… – Կինը տեղով ծաղիկ է, հետեւաբար կինն ու ծաղիկը միշտ պետք է միասին լինեն, ես կնոջը ընկալում եմ որպես ծաղիկ, ծաղիկը՝ որպես կին: – Դուք նաեւ «Կերպար» ասոցիացիայի անդամ եք, վերջինս լրացնում է այն բացը, որ չկա՞ Նկարիչների միությունում: – Մենք «Կերպարում» ավելի ինքն ուրույն ենք, ինչ չենք կարող անել Նկարիչների միությունում, հնարավոր է «Կերպարում»: Այդ ասոցիացիան կազմակերպում է ցուցահանդեսներ, առաջիկայում էլ մի խումբ նկարիչներիս գործեր կցուցադրվեն Փարիզում: Այն նվիրված կլինի Ֆրանսիայում Հայաստանի տարվան: Մի խոսքով, «Կերպարը» մեզ որոշ չափով փրկում է: Այսօր միությունը, ցավոք, սահմանափակ հնարավորություններ ունի եւ չի կարող բոլոր նկարիչների հոգսերը հոգալ: – Դուք շարքերով եք մտածում՝ «Հին Երեւան», «Սեւան», «Պարուհիներ», Կոնդին նվիրված շարք ունեք… – Ես սիրում եմ Երեւանը, երբեք չեմ հեռանա այստեղից: Նկարում եմ Հայաստանի օդն ու ջուրը, ծաղիկները, արեւը, մեր լավատեսությունը: Ռուսական միայն Մալցեւ ազգանունս է մնացել ու որոշ գենետիկ բաներ: Մտածելակերպս հայերեն է, հայերեն եմ մտածում, հայերեն՝ սեր բացատրում, ես կտավի վրա էլ եմ հայերեն արտահայտվում: Ինչ վերաբերում է կանանց, մասնավորապես պարուհիներին, ինձ գրավում է նրանց պլաստիկան, դինամիկան, անբացատրելի հմայքը: – Հե՞շտ է ինքնադիմանկար անելը: – Եթե լուրջ նկարիչ է, շատ դժվար է, որովհետեւ դու ինքնավերլուծության ես ենթարկում քեզ: Ինքնադիմանկար անելիս դու ինքդ քո դիմաց կարծես քննություն ես հանձնում: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել