«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԻՆՔՍ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԽԱՂԱԼ» Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հետ – Դուք հաստիքով եք աշխատում Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, սակայն ձեզ հաճախ չենք տեսնում բեմում: Մասնագետների համոզմամբ, թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը ստեղծել է ռեժիսորի ինքնիշխանության թատրոն, ինչի արդյունքում դուք եւ էլի մի քանի վառ անհատականություններ հայտնվել են լուսանցքում… – Ես քանիցս ասել եմ, որ 15 տարի այս թատրոնում կորցրել եմ: Այդ տարիները վերադարձնելն այլեւս անհնար է. այն, ինչ կարող էիր անել երեկ, այսօր չես անի: Մեղավորներ բնավ չեմ ուզում փնտրել: Թատրոնը առանձնահատկություններ ունի՝ ջահելություն է գալիս, «դրամարկղային» ներկայացումներ պիտի անել եւ այլն: Պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ թատրոնում անունով դերասաններ կան: Ու եթե յուրաքանչյուր այդպիսի դերասանի համար ռեժիսորը ուժեղ ներկայացում բեմադրի, ապա ստիպված կլինի մեկ տարվա ընթացքում հազիվ մի 4 պրեմիերա անել: Կարճ ասած, եթե մի 10 այդպիսի դերասան եղավ ու մի անգամ էլ հատուկ ինձ համար ներկայացում դրեցին, ուրեմն մեկ էլ 10 տարի հետո պիտի ինչ-որ դեր խաղամ: Իհարկե, բացառություններ պետք է լինեն անպայման: Ռեժիսորը այնպիսի անձնավորություն է, որ ունի իր տեսակետները, օրինակ՝ դերասաններ, որոնց հետ նրա համար ավելի հեշտ է աշխատել: Դրանք նրբերանգներ են, որոնց դեղատոմս չեմ կարող առաջարկել: Մյուս կողմից էլ այս բոլորը կուտակվում են, ու դուք այսօր այդ հարցն եք ինձ տալիս: Իմ դեպքում ես ինչ-որ իմաստով չկորցրի իմ տարիները (խոսքը թատրոնում կորցրածիս մասին է), ֆիլմ նկարեցի՝ «Գրիգոր Նարեկացի», նկարչությամբ զբաղվեցի, ասմունքի CD արեցի: Մի խոսքով՝ ինչ-որ բաներ արեցի եւ փորձեցի պակասը լրացնել, բայց մեկ է՝ թատրոնը մնում է թատրոն: Բայց բաներ կան, որ հենց կենսագրության համար ֆունկցիոնալ նշանակություն ունեն: Փառք Աստծո, 2005 թվականը վատ չէր ինձ համար, 3 պրեմիերա ունեցա՝ Զեյթունցյանի «Կանգ առ, երկրագունդ», իմ բեմադրած «Մսյո Ամիլկարը»՝ «Վճարովի պատրանք» վերնագրով, Շեքսպիրյան մոնոներկայացումների փառատոնում՝ «Տիմոն Աթենացին» (Արտաշես Հովհաննիսյանի բեմադրությամբ): – Դրամատիկ թատրոնում սերնդափոխության խնդիրը մի քիչ այլ կերպ լուծվեց: Ու ձեր սերնդի դերասանները ոչ թե առճակատման գնացին, այլ լուռ դիմակայեցին… – Օրինակ՝ ֆուտբոլում, եթե սերնդափոխություն է լինում, հիմնական խաղացողներին միանգամից չեն հանում ու երիտասարդներին ներգրավում: Իհարկե՝ այդպես էլ է լինում, դրա համար էլ նման թիմերը միշտ զրո միավորներ են հավաքում: Սերնդափոխությունը պետք է լինի աչքի համար ոչ տեսանելի, այսինքն՝ մեծերի կողքին երիտասարդները պետք է խաղան, սովորեն, մի քիչ էլ բեմի փոշին ծծեն: Երեւացողը՝ կերեւա: Հիմա նոր սերունդը հակված է ամեն ինչ ռեժիսորի վրա թողնել, իրենց չեն սովորեցնում դեր սարքելու արվեստը: – Դուք դասավանդում եք Կինոյի ու թատրոնի ինստիտուտում… – Էի… Հիմա այլեւս չեմ դասավանդում: – Ինչո՞ւ – Ձեռնպահ կմնամ հարցին պատասխանել, այդ մասին գիտեն ինստիտուտայինները: – Վերջերս Կապանում էիք, ասում են՝ տարիների ընդմիջումից հետո էլ շատ ցանկալի էիք կապանցիների համար: – Ես ընդամենը 1,5 թատերաշրջան եմ աշխատել Կապանում: Վերջերս, երբ «Արտավազդ» մրցանակաբաշխության առիթով էի այնտեղ, հանդիպեցի 58-59թթ. իմ երկրպագուներին: Բավական ջերմ մթնոլորտ էր, մի բան էր միայն փոխվել՝ նրանք ալեհեր էին: – Ինչպե՞ս եք վերաբերվում նոր ստեղծվելիք թատերական միությանը: – Առաջին անգամ եմ այդ մասին լսում: Ինչո՞ւ է պետք ավելորդ մրցակցությունը, դա ի՞նչ կտա դերասանին: Ես վաղուց Թատերական գործիչների միության անդամ էլ չեմ…Ցավոք, այսօր դերասանը միշտ սպասողական վիճակում է, ինքը թատրոնի տնօրենը չի, որ ինչ-որ բաներ պլանավորի ու իրագործի: 1000 ու մի բան կա գլխումս, բայց ես չեմ կարող ինքս ինձ համար խաղալ, բեմադրել, դեկորացիա սարքել, թատրո՛նը պետք է դա անի՝ ինձ հետ համագործակցելով: Թե չէ մենք՝ դերասաններս, էսպես ձեռքներս պարզած՝ աղքատի նման սպասում ենք, որ մեկի մտքով անցնենք, մի դեր ստանանք կամ ֆիլմում նկարահանվելու հրավեր: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ