Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Ապրիլ 17,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդԳլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդԳլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ ԿՈՄԵԴԻԱՅԻ ԹԱՏՐՈՆ – Դե լավ,- համաձայնվեց Էֆենդին.- էս կլիենտներիս կոֆե տամ՝ գամ: – Սպասում ենք, Էֆենդի՛,- ասաց Լիզան: – Ես էլ քե՛զ ահագին սպասեցի,- ասացի Լիզային, երբ Էֆենդին արդեն իր դախլի հետեւում էր: – Սկզբում ե՛ս էի քեզ սպասում,- ասաց Լիզան.- սպասելուց հոգնեցի՝ մտա թատրոն: – Ի՞նչ թատրոն: – Էս կողքի շենքը կոմեդիայի թատրոնն է. չգիտե՞ս: – Գիտեմ,- ասացի ես.- բայց էս ժամին ի՞նչ թատրոն: – Էստեղ որ մենակ նստած էի՝ բոլորն ինձ էին նայում. երեւի մտածում էին՝ էս աղջիկն ինչո՞ւ է մենակ: Մեկը նույնիսկ մոտեցավ՝ խոսացրեց: – Ո՞վ,- սրճարանում նստածներին նայելով՝ գոռացի ես: – Իզո՛ւր ես գոռում,- ասաց Լիզան.- էդ տղան արդեն գնացել է: – Ո՞ւր ա գնացել: – Չգիտեմ: Եթե իմանայի քեզ էդքան հետաքրքրում է՝ կհարցնեի: – Ասում ես՝ ուզում էր քեզ խոսացնե՞ր: – Ոչ թե ուզում էր խոսացներ, այլ՝ խոսացրեց: – Ո՞նց խոսացրեց: – Շատ հասարակ: Քեզ նման երկար-բարակ չձգձգեց. միանգամից ասաց, որ ուզում է հետս ծանոթանալ: – Բա դո՞ւ ինչ ասեցիր: – Մինչեւ մտածում էի՝ ինչ ասեմ, Էֆենդին էդ տղային կանչեց դախլի մոտ, ականջին ինչ-որ բան ասաց: – Ի՞նչ ասեց: – Չգիտեմ. երեւի էդ տղային բացատրեց, որ մենակ չեմ: – Հետո՞: – Հետո էդ տղան գնաց, ես էլ գնացի թատրոն: – Ի՞նչ թատրոն: – Էս կոմեդիայի թատրոնը: – Թատրոնում ի՞նչ էիր կորցրել: – Ոչ մի բան էլ չէի կորցրել, բայց էստեղ մնալս արդեն անհարմար էր, որովհետեւ բոլորն ինձ էին նայում: – Խի՞ էին նայում: – Երեւի մտածում էին՝ էս աղջիկն էս սրճարանում ի՞նչ է կորցրել: Տեսա, որ մի տեսակ են նայում, վեր կացա ու գնացի թատրոն: Հա՛, Էֆենդուն էլ զգուշացրի, որ քեզ զգուշացնի, որ գալու եմ: – Բա թատրոնում ի՞նչ էիր անում: – Բամբասում էի: – Ի՞նչ: – Ասում եմ՝ բամբասում էի: – Ումի՞ց էիր բամբասում: Ավելի ճիշտ՝ ո՞ւմ հետ էիր բամբասում: – Էս թատրոնի հսկիչը մեր գյուղից է. մեծ քրոջս հետ նույն դասարանում են սովորել: Անունն էլ Վարդուշ է: Մի ժամ իր հարսից էինք բամբասում: – Լուրջ ե՞ս ասում: – Ո՛չ միայն լուրջ, այլեւ՝ անկեղծ: Ուզո՞ւմ ես՝ ավելի՛ անկեղծ ասեմ: – Ասա՛: – Քո գնալուց հետո զուգարանի պահանջ զգացի. մտածեցի՝ Վարդուշը թատրոնում կլինի, կմտնեմ թատրոնի զուգարան: – Էս կաֆեում զուգարան չկա՞: – Մենակ էդ էր պակաս, որ էսքան տղամարդկանց աչքի առաջ մի հատ էլ զուգարան մտնեի: Համ էլ՝ սրանց զուգարանը եսիմ ինչ փնթի զուգարան է: – Թատրոնինը լավն ա՞: – Չտեսնված: Թատրոնի զուգարանից որ դուրս եկա, Վարդուշի հետ խոսքով ընկանք, ու որ հարսից շատ էր բողոքում, մտածեցի՝ անհարմար է կարճ կապեմ: – Բա մտքովդ չանցա՞վ, որ քեզ սպասում եմ: – Ճիշտն ասած, մի մոմենտ որ Վարդուշն իրենց մյուս հսկիչի հետ զրուցում էր, էդ պահին ինձ մի հատ գցեցի սրճարան, բայց որ տեսա դեռ չես հայտնվել, էլի վերադարձա Վարդուշի մոտ: Իր էդ լաչառ հարսը, փաստորեն, խեղճ կնոջ կյանքը լրիվ դժոխք է դարձրել: – Ինքն է՞ր ասում: – Հա: Խեղճ կինը մղկտում էր. սիրտը կտոր-կտոր էր լինում: – Որ հարսին լսես՝ երեւի ճիշտ հակառակն ասի: – Շատ հնարավոր է,- ասաց Լիզան, հետո նայեց դախլի կողմն ու գոռաց.- Էֆենդի՜, քե՛զ ենք սպասում: – Էս նմուտիս, էս սհաթիս,- մեզ նայելով ու մեզ ժպտալով՝ ասաց Էֆենդին: Քիչ անց Էֆենդին մոտեցավ, նստեց մեզ մոտ, հետո ձայն տվեց իր հավաքարարուհի Ալվարդին, ականջին ինչ-որ բան ասաց, ու քիչ անց Ալվարդն ափսեներ, պատառաքաղներ ու բաժակներ բերեց ու նաեւ՝ երեք շիշ թարխունի լիմոնադ: – Ոգելի՛ց էլ բերել կտայի, բայց մեր մոտ արգելված ա,- արդարացավ Էֆենդին: – Լիմոնադը մեզ լրիվ հերիք է,- ասաց Լիզան.- Արմենակը որ խմում է՝ կռիվ է անում: – Հաստա՞տ,- զարմացավ Էֆենդին: Ես արդեն քյաբաբի փաթեթն էի բաց անում եւ ոչինչ չասացի, որովհետեւ ներքուստ ինձ շատ լավ էի զգում, որ Լիզան, հետս ընդամենը մի քանի ժամվա ծանոթ լինելով, արդեն կատակներ է անում: Քյաբաբներն արդեն լավ ներծծվել էին լավաշների մեջ, եւ ամեն մեկիս մեկական շատ մեծ քյաբաբ էր հասնում, ու չնայած երեքս էլ լավ քաղցած էինք, շատ շուտ կշտացանք: – Ասում եմ, չէ՞. իրանք շատ հաջող քյաբաբ են սարքում,- Ալվարդի բերած անձեռոցիկով ձեռքերն ու բերանը սրբելով՝ ասաց Էֆենդին: – Մերսի, Արմե՛ն ջան, քեզ արդարացրիր,- ասաց Լիզան: – Մերսի, Արմենակ ջան,- տեղից վեր կենալով՝ ասաց Էֆենդին.- ես անցնեմ գործիս՝ քանի կլիենտներս ղալմաղալ չեն դրել: – Վաղուց էսպիսի ախորժակով չէի կերել,- ասաց Լիզան: – Ես է՛լ,- ասացի ես: – Էդ դիետա կոչվածը լրիվ էշություն է,- ասաց Լիզան: – Ժամը քանի՞սն ա,- Լիզայի թեւի ժամացույցին նայելով՝ հարցրի ես: – Ժամացույց չունե՞ս: – Ունեմ. ուղղակի մոռացել եմ կապեմ: – Թե՞ հատուկ չես կապում, որ աղջիկներից ժամ հարցնես: – Էդ է՛լ կա: Ժամը քանի՞սն ա: – Արդեն հինգն անց է,- ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան:- Արդեն երեք ժամվա ծանոթներ ենք: – Ժամ ե՞ս պահել: – Չէ: Սպորտխանութից որ դուրս եկանք՝ երկուսից տասնհինգ էր պակաս: Մտածում էի՝ քրոջս տուն գնա՞մ, թե՝ չէ: – Լավ արիր, որ քրոջդ տուն չգնացիր: – Հա: Շիրազի գրքի մասին որ խոսակցություն չբացեիր՝ հիմա քրոջս տանն էի: – Քույրդ դժվար թե քեզ ըսենց քյաբաբ տար: – Հաստա՛տ չէր տա. ի՛նքն է ինձ խորհուրդ տվել, որ դիետա պահեմ: – Առանձնապես լավ խորհուրդ չի տվել: – Ես է՛լ եմ էդ կարծիքին: Ժա՞մն ինչու ես հարցնում: – Ժամադրված եմ: – Եթե ուշանում ես՝ կարող ես գնալ,- ասաց Լիզան:- Տես՝ իմ պատճառով չուշանաս: – Ժամը յոթին եմ ժամադրված: – Մինչեւ յոթն ահագին ժամանակ կա,- նորից ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան: – Մի հատ էլ սուրճ չխմե՞նք,- հարցրի ես: – Հա,- ասաց Լիզան:- Կուշտ փորով մի հատ մարդավարի սուրճ խմենք: – Էրկու հատ կոֆե, Էֆենդի՛,- գոռացի ես: – Դրել եմ, բատոնո՛ Արմենակ,- ասաց Էֆենդին.- առանց քո ասելու էլ դրել էի: – Լավ մարդ ա էս Էֆենդին,- ասացի Լիզային: – Հա,- ասաց Լիզան.- ընդամենը երրորդ անգամ եմ իրեն տեսնում, բայց կարծես հարազատ մարդ լինի: – Էդ կոֆեների հաշի՞վը խի ես փակել,- հանկարծ հիշեցի ես: – Ի՞նչ կոֆեների հաշիվ,- զարմացավ Լիզան: – Մեր խմած էն կոֆեների հաշիվը: – Ո՞վ ասաց, որ փակել եմ: – Էֆենդի՛ն: Ասեց, որ հաշիվը փակել ու գնացել ես: – Կատակ է արել,- ծիծաղեց Լիզան.- հոգուդ հետ է խաղացել: – Շատ հանաքչի մարդ ա: – Շատ էի՞ր հուզվել: – Ինչի՞ համար: – Որ Էֆենդին ասաց՝ Լիզան գնացել է, շատ հուզվեցի՞ր: – Խի՞ պիտի հուզվեի: – Ո՞նց թե՝ խի պիտի հուզվեիր: Չմտածեցի՞ր, որ ինձ այլեւս չես տեսնելու: – Որ շատ պետք ըլներ՝ մի քանի րոպեում քեզ կգտնեի: – Որտե՞ղ: – Համալսարանում: – Ուրեմն, քսանհինգ օր պիտի սպասեիր՝ մինչեւ դասերը սկսվեին: – Կսպասեի: – Սպասելն էդքան հաճելի բան է՞: – Նայած թե՝ ում ես սպասում: Քեզ սպասելը շատ հաճելի ա: – Բա խի՞ էիր հուզվել: – Ո՞վ ասեց, որ հուզվել էի: – Էֆենդին ասաց՝ քիչ էր մնում շտապօգնություն կանչեինք: – Էֆենդին հանաք էր անում: – Բա չէիր մտածո՞ւմ, որ կարող է հեչ էլ բանասիրականում չեմ սովորում: Հնարավոր չի՞, որ քեզ խաբած լինեի: – Խի՞ պիտի խաբեիր: – Հենց էնպես. հավեսի համար: – Լսի՛,- ասացի ես.- շատ ե՞ս ուզում, որ հուզված ըլնեմ: – Շա՜տ,- ժպտաց Լիզան: – Կայֆ ա՞ տալի: – Էն էլ ո՜նց: – Որ քեզ էդքան պետք ա՝ կարաս հաշվես, որ հուզվել եմ: – Հաշվե՞մ, թե՞ իսկապես ես հուզվել: – Հաշվի, որ իսկապես եմ հուզվել: – Պատասխաններից լավ էլ ճողոպրել գիտես: – Ճողոպրե՜լ. լավ էլ բարդ բառեր գիտես: – Բանասիրականում մեր բանուգործն էդ է: – Հիմի բանասիրական ե՞ս սովորում, թե՞ խաբում ես: – Խի՞ պիտի խաբեմ: – Հավեսի համար. կարող ա՝ կայֆ ա տալի: – Ի՞նչը: – Խաբելը: Կարող ա խաբելուց հաճույք ես ստանում: – Խաբելուց հաճույք ե՞ն ստանում: – Եսի՞մ: Ամեն տեսակ մարդ էլ կա: – Այդուհանդերձ, բանասիրականում եմ սովորում: – Համարյա գրաբար ես խոսում: – Գրաբարից է՛լ եմ «հինգ» ստացել: – Այդուհանդերձ, զարմանալի ա: – Ի՞նչն ա զարմանալի: – Զարմանալի ա, որ մեկ գրաբարով ես խոսում, մեկ՝ գողականով: – Ամեն մեկի հետ իրա լեզվով եմ խոսում: – Այսինքն, լեզուների գծով ուժեղ ես: – Թույլ չեմ: Դրան էլ գումարած, որ մեր բանասիրականում հա՛մ գրաբար ենք անցնում, հա՛մ ժամանակակից հայերեն, հա՛մ բարբառագիտություն, համ էլ նույնիսկ՝ ժարգոն: – Էդքան շատ բան ե՞ք անցնում: – Իհա՛րկե: Դուք չեք անցե՞լ: – Երեւի անցել ենք. լավ չեմ հիշում: – Էդքան հեշտ ե՞ս մոռանում: – Նայած՝ ինչ ու նայած՝ ում: – Ասում ես՝ ժամը յոթին ում հետ ես ժամադրվա՞ծ: – Շատ ա՞ հուզում: – Ամենեւին չեմ հուզվում,- կարմրեց Լիզան: – Չեմ ասում՝ հուզվում ես. ասում եմ՝ քեզ շատ ա՞ հուզում, թե ում հետ եմ ժամադրված: – Շատ ե՞ս ուզում, որ ինձ շատ հուզի: – Շա~տ: – Կայֆ ա՞ տալի: – Էն էլ ո՜նց: – Եթե քեզ այդքան պետք է, կարող ես համարել, որ ինձ շատ է հուզում, թե ում հետ ես ժամադրված: – Շա՜տ հաճելի ա: – Պարզ է, որ հաճելի կլինի, բայց հարցիս չպատասխանեցիր: – Ի՞նչ հարց: – Ժամը յոթին ո՞ւմ հետ ես ժամադրված: – Դու ճանաչում ես: – Ո՞ւմ եմ ճանաչում,- ապշահար ինձ նայեց Լիզան: – Մեր ընդհանուր ծանոթներից ա: – Մեր միակ ընդհանուր ծանոթը մեր կուրսի Կառան է,- մի քիչ մտածելուց հետո ասաց Լիզան,- բայց չեմ կարծում, որ իր հետ ժամադրված լինես: – Ինչի՞ չես կարծում: – Էդքան ճարպիկ չես: Ինքը, ճիշտ է, տղերքի գծով շատ ուժեղ հակվածություն ունի, բայց չեմ կարծում, որ էդ մի քանի վայրկյանների ընթացքում հաջողացնեիք ժամադրվել: – Ինչի՞ չպիտի հաջողացնեինք: – Ես ձեզ որ գոնե մի վայրկյան մենակ թողնեի, շատ հնարավոր է՝ ինքը հաջողացներ: Բայց ես ձեզ ոչ մի վայրկյան առանձին չեմ թողել: – Այսինքն, ինքը մի վայրկյանում տղերքին ժամադրում ա՞: – Ինքը կես վայրկյանում է՛լ քեզ կժամադրեր, միայն թե՝ ինձ վատություն արած լիներ: – Ասում ես՝ հակվածությո՞ւն ունի: – Երեւում է՝ դու է՛լ պակաս հակվածություն չունես: – Ի՞նչ իմաստով: – Կմախքների՛ իմաստով: – Վատ ա: – Ի՞նչն ա վատ: – Շատ վատ ա: – Ի՞նչն ա շատ վատ: – Շատ վատ ա, որ իրան քեզ կոնկուրենտ ես համարում: – Ո՞ւմ եմ կոնկուրենտ համարում: – Կառային: – Լավ էլ հաճույքով անունը տալիս ես: – Իրա մրցակցությունից որ էդքան վախենում ես, ուրեմն՝ հե՛չ ինքնավստահություն չունես: – Իրա մրցակցությունի՛ց չեմ վախենում, խելո՛ք. իրա աներեսությունից ու իրա անամոթությունից եմ վախենում: – Էդ նրանից ա, որ հե՛չ ինքնավստահություն չունես: – Ոչ թե ինքնավստահություն չունեմ, այլ՝ իր հանդեպ վստահություն չունեմ: – Իմ հանդեպ է՛լ վստահություն չունե՞ս: – Քեզ նոր-նոր եմ ճանաչում, ավելի ճիշտ՝ քեզ ընդհա՛նրապես չեմ ճանաչում: Ընդամենը երեք ժամ է՝ ինչ իրար տեսել ենք: Նույնիսկ չգիտեմ էլ, թե ժամը յոթին ում հետ ես ժամադրված: – Շատ ա՞ հետաքրքրում: – Դո՛ւ արհեստականորեն մեջս հետաքրքրություն առաջացրիր: – Ո՞նց արհեստականորեն: – Որ ասացիր՝ մեր ընդհանուր ծանոթներից մեկի հետ ես ժամադրված, մեջս հետաքրքրություն առաջացավ: – Մի հարցում սխալվում ես: – Ո՞ր հարցում: – Ոչ թե մեր ընդհանուր ծանոթներից մեկի՛ հետ եմ ժամադրված, այլ՝ մի քանիսի: – Ո՞նց թե՝ մի քանիսի: Այսինքն, մենք էդ կմախքից բացի՝ ուրիշ ընդհանուր ծանոթներ էլ ունե՞նք: – Իհա՛րկե ունենք: – Վստա՞հ ես: – Հարուր տոկոսով: – Այսինքն, դու ինձ ճանաչո՞ւմ էիր,- կարմրեց Լիզան: – Բա ի՞նչ էիր կարծում. կարծում էիր՝ փողոցներում աղջիկ խոսացնո՞ղ եմ: – Պարզ է: – Ի՞նչն ա պարզ: – Հաստատ մեր բանասիրական ես եկել-գնացել ու ինձ էնտե՛ղ ես տեսել: – Ձեր բանասիրական վերջին անգամ յոթանասունմեկ թվին եմ էկել: Դու էն վախտերը երեւի դպրոցական էիր: – Ոչ թե՝ երեւի, այլ՝ հաստատ: Յոթանասունմեկին վեցերորդ դասարանում էի սովորում: – Էդ թվերին գալիս էինք համալսարան՝ Լեւոն Ներսիսյանի դասախոսությունները լսելու: – Լեւոն Ներսիսյանին ուղղակի պաշտում եմ: – Քեզ դաս ա՞ տվել: – Էս տարի է՛լ է դասավանդելու: Իրեն շատ եմ սիրում: – Հատուկ ես ասում, որ ես էլ քե՞զ խանդեմ: – Մեր կուրսի բոլոր աղջիկներն էլ գժի պես սիրահարված են իրեն: – Որ ասում էի՝ ընդհանուր ծանոթներ ունենք, չէիր հավատում: – Ովքե՞ր են մեր էդ ընդհանուր ծանոթները: – Մեկը՝ Լեւոն Ներսիսյանը: – Բայց Լեւոն Ներսիսյանն ի՞նչ կապ ունի ժամը յոթի քո ժամադրության հետ: – Ինքն է՛լ ա ռեստորան հրավիրված: – Ի՞նչ ռեստորան: – «Արարատ»: – Էն գրախանութի մոտի՞: – Հա: Լեւոն Ներսիսյանն է՛լ ա գալու: – Ինչ-որ առիթ կա՞: – Հա. մեր ընդհանուր ծանոթներից մեկի թոռը Պոլիտեխնիկ ա ընդունվել: Մաղարիչի հարց ա: – Մենակ չասես, թե էդ Պոլիտեխնիկ ընդունվողին է՛լ եմ ճանաչում: – Ընդունվողին՝ չէ, բայց պապին հաստատ ճանաչում ես: – Ո՞ւմ պապին եմ ճանաչում: – Էդ ընդունվողի: Թոռն ընդունվել ա, պապն էլ մաղարիչ ա անում: Ավելի ճիշտ՝ թոռն ընդունվել ա, բայց մաղարիչը ո՛չ թե պապն ա անում, այլ՝ պապի ընկերը: – Հիմա հասկացա. թոռն ընդունվել է, իսկ պապի ընկերը ձեզ հրավիրել է ռեստորան: – Ավելի ճիշտ՝ թոռը ո՛չ թե ընդունվել ա, այլ՝ նոր պիտի ընդունվի: – Չեմ հասկանում: Դեռ չընդունված՝ մաղարիչ ե՞ն անում: – Էրեկվա դրությամբ ընդունված չէր, բայց էսօր արդեն ընդունված կըլնի: – Ի՞նչ գիտես: – Հարուր տոկոսով խոսացած գործ ա: – Ո՞վ է խոսել: – Պապի ընկերը. էդ նույն ընկերը, որը որ մաղարիչը պիտի անի: – Հուսով եմ, որ էդ մաղարիչն անողին չեմ ճանաչում: – Մաղարիչ անողին ավելի լավ ես ճանաչում, քան՝ պապին: – Ի՞նչ պապ: Արդեն ամեն ինչ խառնեցի: Մի րոպե՛,- լրջացավ Լիզան, հետո մի քիչ մտածեց՝ ասաց.- Ինչքան մտածում եմ՝ ծանոթներիցս ոչ մեկն էս տարի Պոլիտեխնիկ ընդունվող չունի, էն էլ՝ թոռ: Իմ ծանոթներն էդքան մեծահասակ չեն, որ թոռ ունենան: – Հաստատ չես կարա ասես: – Դու որ հաստատ ես ասում, դե ասա՝ ովքե՞ր են մեր էդ ընդհանուր ծանոթները: Լեւոն Ներսիսյանը հասկացանք. մյուս երկո՞ւսն ովքեր են: – Մյուս էրկուսին է՛լ ես ճանաչում: – Իրենք էլ ի՞նձ են ճանաչում: – Չեմ ասի,- ասացի ես.- ուզում եմ սյուրպրիզ ըլնի: Հիմի ժամը քանի՞սն ա: – Արդեն վեցն է դառնում,- ասաց Լիզան: – Մի ժամից կիմանաս,- ասացի ես.- հենց ռեստորան մտնենք՝ կհամոզվես, որ էն մյուս էրկուսին է՛լ ես լավ ճանաչում: – Չհասկացա,- զարմացավ Լիզան.- ես էլ ե՞մ հետդ ռեստորան գալու: – Իսկ ինչո՞ւ ոչ: Մանավանդ որ՝ Լեւոն Ներսիսյանին հաստատ ճանաչում ես: – Նույնիսկ կարող եմ ասել, որ ինքն ինձ շատ լավ է վերաբերվում: Վախենամ՝ ռեստորանում խանդի տեսարան սարքես: – Հույս ունեմ՝ առիթ չես տա: – Կատակ եմ անում,- ասաց Լիզան: – Հասկացա,- ասացի ես: – Ուրախ եմ, որ հասկանում ես, բայց ե՛ս չեմ հասկանում: – Ի՞նչը չես հասկանում: – Իրենք քե՛զ են հրավիրել. ես որ հետդ գամ, երեւի ինձ անկոչ հյուրի պես վերաբերվեն: – Բա նոր ասում էիր՝ Լեւոն Ներսիսյանը քեզ լավ ա վերաբերվում: – Մյուս երկուսին նկատի ունեմ: – Դու քեզ շատ ես թերագնահատում: – Ի՞նչ իմաստով: – Ամենաուղղակի՛ իմաստով: – Այսինքն: – Դու, փաստորեն, զարդարելու ես մեր սեղանը: – Ո՞նց եմ զարդարելու,- կարմրեց Լիզան: – Քո գեղեցկությամբ,- ասացի ես: – Պարզվում է՝ կոմպլիմենտ անել է՛լ գիտես: – Նոր ա՞ պարզվում: – Արդեն ուղիղ չորս ժամ է,- ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան: – Չորս ժամ ա, բայց ոնց որ չորս տարի անցած ըլնի: – Քիչ առաջ հազար էիր ասում: Շուտ ես խոսքդ փոխում: – Հազարն ու չորսն էս դեպքում համարյա նույնն են: – Հեչ պարզ չի, թե էս ինչ դեպք է: Երեւի մաթեմատիկայից թույլ ես եղել, դրա համար էլ բանասիրական ես գնացել: – Ճիշտ գլխի ընկար: – Զատո՝ անատոմիայի՛ց ես ուժեղ եղել: – Կոֆեդ խմել ե՞ս: – Ես սուրճը դանդաղ եմ խմում: – Ես է՛լ եմ դանդաղ խմում: – Դա նրանից է, որ շտապելու տեղ չունենք: – Ընդհա՛նրապես եմ դանդաղ խմում: – Ուրեմն՝ ընդհա՛նրապես շտապելու տեղ չունես: – Ճիշտ ես ասում: – Ես մի՛շտ եմ ճիշտ ասում: Ուզո՞ւմ ես՝ բաժակդ նայեմ: – Բաժակ նայում ե՞ս: – Պատահում է: – Որ նայում ես՝ ճիշտ բաներ ե՞ս ասում: – Սուտ բաներ եմ ասում, բայց վերջում պարզվում է՝ ճիշտ եմ ասել: – Դե նայի՛,- սուրճս շտապ խմելով ու բաժակս իրեն մեկնելով՝ ասացի ես: – Շո՛ւռ տուր. բաժակդ շրջիր ափսեիդ մեջ՝ թող մի քիչ չորանա: – Հա,- ասացի ես ու բաժակս շրջեցի: – Հակառակ կողմո՛վ շրջիր,- ասաց Լիզան՝ ձեռքս բռնելով ու բաժակս հակառակ կողմով շրջելով: – Բաժակս կնայես ու կգնանք,- ասացի ես՝ ձեռքն ամուր սեղմելով: – Շատ նստեցինք,- ասաց Լիզան՝ փորձելով ձեռքը փախցնել: – Ոնց որ հազար տարի անցած ըլնի: – Չորս,- ասաց Լիզան: – Երեւի դու է՛լ ես մաթեմատիկայից թույլ էղել,- ասացի ես: – Ճիշտ գլխի ընկար: – Ահագին ընդհանուր գծեր ունենք: – Ձեռքս թո՛ղ,- գոռաց Լիզան՝ ձեռքն իրեն քաշելով: – Ինչո՞ւ այդքան կոպիտ: – Չես ուզո՞ւմ բաժակդ նայեմ: – Ուզում եմ,- ասացի ես՝ բաժակիս մեջ նայելով:- Ոնց որ արդեն չորացել ա: – Պահո՜,- բաժակիս մեջ նայելով՝ զարմացավ Լիզան.- ա՜յ քեզ բաժա՜կ: Հազար ու մի բաժակ եմ նայել, բայց էս տեսակ բաժակ կյանքումս առաջին անգամ եմ տեսնում: Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել