Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՊԱՏԻԺ

Ապրիլ 17,2006 00:00

ԱՆՊԱՏԻԺ ԾԵԾ ԴՊՐՈՑՈՒՄ Դատախազությունը հրաժարվում է քրգործ հարուցել 2005թ. սեպտեմբերի 30-ին, ժ.12-ի սահմաններում, Գորիսի Խնձորեսկ գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները չավարտվեցին, քանի որ ծեծկռտուք տեղի ունեցավ 10-րդ դասարանցիների միջեւ: Տասներորդցի Գեւորգ Աբրահամյանը, լինելով թեկնածուներից մեկի վստահված անձը, դաժանաբար ծեծի ենթարկվեց մյուս թեկնածուի կողմնակիցների կողմից, ստանալով մարմնական վնասվածքներ՝ ուղեղի ցնցում, գիտակցության կորուստ: Նշվում էր պատանի ջարդարարների անունները՝ Արամ Վարդազարյան, Վահե Սողոմոնյան, Հայկ Կարապետյան, Արտակ Արզանյան եւ Անդրանիկ Արջունց: Նկարագրվում է անգամ պատանիների առանձնակի դաժանության այս դրվագը. «Երկուսը բռնել էին նրա թեւերից եւ գցել գետնին: Դրանից հետո հինգ տղաները ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրեցին Գեւորգի գլխին»: Ընտրությունը հարամվում է, եւ Գեւորգին տեղափոխում են հիվանդանոց: Պատանին կորցրել է աջ ականջի լսողությունը, ձախ ոտքը չի ծալվում, տեսողությունը 15 տոկոսով պակասել է, դպրոց չի հաճախում, որովհետեւ գանգատվում է գլխի, ողնաշարի սուր ցավերից: Իսկ Գորիսի բժշկական կոնսուլտացիոն հանձնաժողովը թիվ 180 արձանագրությամբ որոշում էր կայացրել նրա «դպրոցի ուսուցումը կազմակերպել եւ անցկացնել տանը»: Մի խոսքով, ապագա զորակոչիկը դարձել է կես մարդ: Սյունիքի մարզի դատախազությունում իմիտացիա են ստեղծել, թե նախապատրաստվում են քրեական գործ հարուցել, սակայն դատախազի օգնական Ս. Վարդանյանը որոշում է կայացրել մերժել քրգործի հարուցումը՝ «նկատի ունենալով, որ կատարված արարքի հետեւանքով ոչ էական վնաս է պատճառվել եւ քրեական հետապնդում իրականացնելը նպատակահարմար չէ»: Պատասխանատվության չի ենթարկվել դպրոցի ոչ մի աշխատակից: Ավելին, ծաղրի են ենթարկել իր երեխայի առողջությամբ մտահոգ հորը, առանց բուժզննման եզրակացնելով, թե Գեւորգը առողջ է: Տարբեր բուժհաստատություններ տարբեր բաներ են նկատել. սուր նեֆրիտի մնացորդային երեւույթներ գլխուղեղի ցնցումից հետո: «Քիթ-կոկորդի բժիշկը հիվանդին բուժում է նշանակել, սակայն ժխտել քիթ-կոկորդ-ականջի որեւէ հիվանդության առկայություն»,- «Առավոտին» տեղեկացնում է Գեւորգի հայրը՝ Արմեն Աբրահամյանը: Նախաքննությունն իրականացնող մարմինը չի հարցաքննել դեպքի ականատեսներին՝ բուժքրոջը, որը բավական երկար ժամանակում հազիվ է գիտակցության բերել երեխային, վարորդին, որը երեխային հասցրել է հիվանդանոց, հաշվի չի առել նաեւ ջարդարարներից մեկի ինքնախոստովանությունը, թե «իր միջնորդությամբ է կանխվել ծեծը, այլապես Գեւորգին ծեծելով կսպանեին»: Երեխայի ծնողները դիմել են մայրաքաղաքի 2-րդ շտապօգնության հիվանդանոց եւ բժիշկները առանց հետազոտման արձանագրել են, թե ոչինչ չկա: Երեխան հետազոտվել է «Էրեբունի» հիվանդանոցում, ուր հաստատվել է ուղեղի ցնցումը, երիկամների սուր նեֆրիտը: Մինչ օրս Աբրահամյանի ընտանիքը չի ճանաչվել տուժող, իրավաբանական օգնություն նա չի կարողացել ստանալ եւ ոչ մեկից: Դիմել է գլխավոր դատախազությանը, սակայն գործը ուղարկել են նույն այն դատախազություն, որը կոծկել է հանցագործությունը: Դատախազության պատասխանը հետեւյալն էր. «Ծեծի հետեւանքով ձեր երեխայի բուժման ծախսերի վերաբերյալ քաղհայցով դուք կարող եք դիմել դատարան: Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում դուք կարող եք բողոքարկել վերադաս դատախազին կամ վերաքննիչ դատարան»: «Ի՞նչ է նշանակում, երբ տուժողը պետք է ամիսներով ֆիզիկապես եւ նյութապես քայքայվի՝ բուժհիմնարկներից տուն չվերադառնալով, իսկ հանցագործները եւ նրա հովանավորները ստորացնեն ինչպես իմ ընտանիքի, այնպես էլ պետության պատիվն ու արժանապատվությունը»,- ՀՀ նախագահին երեկ ուղղված նամակում գրում է Ա. Աբրահամյանը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել