Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդեմ

Ապրիլ 17,2006 00:00

Ընդդեմ տոնահանդեսների Այս տարի տասներորդցիները վերջին զանգը կտոնեն հունիսի 10-ին Երեկ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը ՀՀ մարզերի կրթության վարչության պետերին հրավիրել էր իր մոտ՝ ուսումնական տարվա ավարտի հետ կապված ցուցումներ տալու: Այս տարի էլ նախարարը հորդորեց վերջին զանգի արարողություններ կազմակերպելիս սահմանափակվել «դպրոցի տանիքի ներքո եւ այն չվերածել գերջանքեր եւ ֆինանսական միջոցներ պահանջող տոնահանդեսների»: Նկատենք, որ նախորդ տարի էլ նախարարը նույն կոչով հանդես եկավ՝ ասելով, որ խուսափեն ավելորդ ծախսերից ու միայն վերջին զանգի ավարտական ցերեկույթ կազմակերպեն՝ շեշտը դնելով բովանդակության վրա: Սակայն նախարարի ասածը սխալ ընկալվեց եւ տասներորդցիներն ինչպես միշտ մեծ գումարներ հավաքեցին ուսուցիչներին ու տնօրեններին նվերներ մատուցելու եւ խնջույքներ կազմակերպելու համար՝ փոխարենը անտեսելով վերջին զանգի բուն արարողությունը: Ս. Երիցյանը կրթության պատասխանատուներին հանձնարարեց ուշադրություն դարձնել տարեվերջյան բացակայություններին եւ հետեւել, որպեսզի «դասերի վերջին օրերին աշակերտների շարքերը չնոսրանան»: Այս տարի նախարարությունը վերջին զանգի օր սահմանել է հունիսի 10-ը: Ս. Երիցյանի խոսքերով, ուսումնական ողջ գործընթացը կավարտվի հունիսի առաջին շաբաթվա ընթացքում, ինչին կհետեւեն ավարտական եւ փոխադրական քննությունները: Տասներորդցիներին ավարտական ատեստատները կհանձնվեն հուլիսի մեկին: Ավարտական եւ ընդունելության քննությունների հետ կապված բովանդակային փոփոխություններ չեն սպասվում: Նախարարը կրթության վարչության պետերին նաեւ կոչ արեց մարզերի դիմորդներին իրազեկել, որ նրանք միջբուհական պայմանագրերով Ռուսաստանի բուհերում սովորելու հնարավորություն եւս ունեն. «Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Վոլգոգրադի բուհերում քննություններ հանձնելու համար նույն պայմաններն են, ինչ մեր բուհերում»: Ասուլիսի պաշտոնական մասից հետո ԿԳ փոխնախարարն աշխատանքային խորհրդակցություն սկսեց մարզպետարանների կրթության վարչության պետերի հետ: Վերջիններիս հետ լրագրողներին այդպես էլ շփվելու հնարավորություն չտրվեց. մինչդեռ ամեն առիթով պաշտոնյաները դժգոհում են, որ մարզային խնդիրները վրիպում են լրագրողների աչքից: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել