ԹՌԻՉՔՆԵՐ՝ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԵՎԵՐՈՎ «Ավանդական» քննությունների վերջին տարում տաղանդավոր աշակերտները շատացել են Այս տարի շուրջ 27 աշակերտ իր 9-րդ դասարանի առաջին կիսամյակի ավարտից հետո, հանձնելով 9-րդ դասարանի 2-րդ կիսամյակի եւ 10-րդի առաջին կիսամյակի քննությունները, երկրորդ կիսամյակից արդեն սկսել է սովորել 10-րդ դասարանում: Սա կոչվում է էքստեռն փոխադրում եւ իրականացվում է «Էքստեռն փոխադրումներ եւ ավարտական քննություններ կազմակերպելու կարգի» համաձայն: Այս կարգը 3 տարի առաջ կասեցրել էր ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը: «Երբ ես ծանոթացա թռիչքների կարգին եւ ձեւին, պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում հանկարծակի հայտնվում են հարյուրավոր հանճարեղ երեխաներ եւ, որպես կանոն, այդ երեխաների ծնողները հաճախ բարձրաստիճան պաշտոնյաներ են լինում կամ՝ ոչ այնքան բարձրաստիճան,- ասում է Լեւոն Մկրտչյանը:- Իմ խորին համոզմամբ, դա հարվածում էր ավագ դպրոցի հեղինակությանը եւ կարծում եմ, որ ճիշտ քայլ եմ կատարել՝ կասեցնելով այդ կարգը»: Այս տարի ԿԳՆ պաշտոնյաները որոշել են նորից կյանքի կոչել այդ կարգը: Պատճառները կարող են տարբեր լինել: Եթե նախկինում ամեն գնով այս քայլին էին դիմում հիմնականում տղաները, որոնք ունեին բանակի խնդիր եւ այնպես էր ստացվում, որ ընդունելության քննություններից առաջին տարում անհաջողություն ունենալու պարագայում այլեւս տարիքը թույլ չէր տալիս 2-րդ տարում էլ փորձել, ապա այս տարի դրան գումարվել է եւս մեկ պատճառ: Խնդիրն այն է, որ մյուս տարվանից մտցվելու է ընդունելության քննությունների նոր՝ թեստային համակարգը, եւ շատերը խուսափում են ընկնել «փորձարկման» տակ՝ գերադասելով օգտագործել վերջին հնարավորությունը՝ հին մեթոդով, արդեն քանի տարի կրկնուսույցների մոտ անգիր արած թեմաներով քննություն տալ: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարի ողջ հանրապետության մասշտաբով էքստեռն քննություն է հանձնել 28 աշակերտ, որից մեկը առաջին դասարանցի է: Մնացած 27-ի գերակշիռ մասը մայրաքաղաքից է: Նախարարությունն այդպես էլ մեր բանավոր խնդրանքով չտրամադրեց մեզ այդ երեխաների ու նրանց դպրոցների մասին տեղեկատվություն, ինչն առաջիկայում կխնդրենք պաշտոնական նամակով: Թե ում երեխաներն են նրանք եւ որ դպրոցների սաներն են (դրանք, որպես կանոն, լինում են էլիտար դպրոցներում սովորող պաշտոնյաների երեխաները)՝ խոսակցության այլ թեմա է: Իսկ միայն թվերին նայելով՝ փորձենք հասկանալ, արդյո՞ք այդքան տաղանդավոր երեխաներ կան մեր դպրոցներում. մանավանդ մեր օրերում, երբ ամեն օր խոսվում է դպրոցի ցածր մակարդակի եւ բարձր դասարանցիների՝ դպրոց չհաճախելու խնդրի մասին: «Իմ կարծիքով, դրանք կարող են լինել տարվա մեջ 1-2, առավելագույնը 5-6 հոգի՝ ողջ հանրապետության մակարդակով,- ասում է Լ. Մկրտչյանը:- Այն, ինչ կատարվում է, դատելով թվերից, իսկապես խոր մտահոգություն է պատճառում: Իմ կարծիքով, դա պետք է անի հատուկ հանձնաժողովը՝ լուրջ չափորոշիչների մշակմամբ, որտեղ կլինեն բացարձակ վստահություն եւ հեղինակություն վայելող մասնագետներ, որովհետեւ սուբյեկտիվ գործոնն այստեղ շատ մեծ կարող է լինել: Եթե ուշադրություն դարձնեք, այդ թռիչքների համար որեւէ չափորոշիչային հենք չկա: (Ես հիմա գիտեմ, որ նույնիսկ կան դեպքեր, որ 8-րդ դասարանից են թռիչքներ կատարվում 10-րդ դասարան, երբեմն այդպիսի դեպքեր էլ կան): Խնդիրը հետեւյալն է. երեխան պետք է այնքան հանճարեղ եւ զարգացած լինի, որ կարողանա լրացնել ողջ 2 տարիների կուրսը՝ մեկ տարվա ընթացքում, ունենա 2 կուրսին համարժեք պատրաստվածություն: Իսկ սրանք կարող են լինել միայն անհատներ: Չեմ կարծում, որ նրանք կարող են լինել 5-6 հոգուց ավելի»: Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ 3 տարի առաջ այդ երեխաների թիվն ավելի մեծ է եղել եւ նորմալ է համարում ողջ հանրապետությունից 28 տաղանդավոր երեխա ունենալը: Իսկ գործընթացը կազմակերպվում է հետեւյալ կերպ. դպրոցի մանկավարժական խորհուրդը երաշխավորական նամակով դիմում է նախարարություն, որպեսզի վերջինս թույլ տա այսինչ երեխային՝ հանձնել վաղաժամկետ քննություններ: Նախարարության մասնագետները հարցազրույց են ունենում տվյալ երեխայի հետ, որի ժամանակ, բնականաբար, չի կարող բոլոր առարկաների ողջ ծրագրի իմացությունը ստուգվել: Հետեւաբար՝ մասնագետների խումբը որոշում է, թե ինչ թեմաներ պետք է ընդգրկել քննություններում, որ առարկան պետք է գրավոր հանձնել, որ առարկան՝ բանավոր: Այսպիսով, նախարարությունը կատարում է իր միսիան՝ չափորոշիչների մասով, եւ… ամեն ինչ թողնվում է դպրոցի հայեցողությանը: Քննությունները կազմակերպվում են դպրոցում, մանկավարժական խորհուրդը համապատասխան որոշում է կայացնում, տնօրենն էլ հաստատում է այն: Իսկ այս ձեւով, ամեն տարի 28 չէ՝ 128 տաղանդ էլ կարելի է ունենալ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ