Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանականը՝

Ապրիլ 17,2006 00:00

Ադրբեջանականը՝ վրացական պարկերո՞վ Կառավարությանը դեռ չի հաջողվել պարարտանյութի խնդրին խելքին մոտ լուծում տալ: Հայաստանի մարզերում նոր խառնաշփոթ է առաջացել. գյուղացիները կասկածում են, որ Հայաստան ներկրվող ազոտական պարարտանյութն իրականում արտադրվում է Ադրբեջանում եւ փաթեթավորվելով վրացական պարկերով՝ հայ սպառողներին է հրամցվում վրացականի անվան տակ: Այս առնչությամբ գյուղերում պարարտանյութից քիչ թե շատ գլուխ հանողները հավաքվել են, նախկինում գնված վրացական պարարտանյութը համեմատել են այժմ շուկայում նույն ապրանքանիշով ու նույնանման պարկերով վաճառվող պարարտանյութի հետ, հետո ուսումնասիրել նաեւ ռուսականն ու եկել այն եզրակացության, որ պարարտանյութի հատիկները խիստ տարբեր են՝ մեկը հատիկ-հատիկ է, մյուսը՝ մանր փոշի, ուստի շատ հնարավոր է, որ Հայաստանի գյուղատնտեսությանը վնաս տալու համար սա Ադրբեջանի կողմից նախօրոք մշակված հատուկ քաղաքականություն լինի: «Նման բան չի կարող լինել, Վրաստանի պարարտանյութի գործարանը ռուսական «ԻՏԵՌԱ»-ի սեփականությունն է, իսկ Սումգայիթում արտադրվող պարարտանյութը լրիվ այլ տեսակի է: Ազոտական պարարտանյութ Հարավային Կովկասում արտադրվում է միայն Վրաստանում եւ Հայաստան ներկրվում է հենց վրացական արտադրանք»,- գյուղացիների ահազանգը «Առավոտին» այսպես մեկնաբանեց գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ վերջին շրջանում գյուղացիները դժգոհել են, որ շուկայում անգամ շատ բարձր գին ունեցող հայտնի ֆիրմաների արտադրանքը չի համապատասխանում իր պիտակին, եւ որ իրենք հավատալով պարկի վրա նշված «սորտին»՝ գնել են ու սպասվող առատ բերքի փոխարեն հավաքել փտած կարտոֆիլներ ու գաճաճ լոլիկներ: Կառավարությունը որակյալ պարարտանյութ գտնելու եւ վաճառելու հոգսը դրել է մարզպետարանների վրա: Որպեսզի հավասարության սկզբունքը պահպանվի, մշակվել է հատուկ ձեւ, ըստ որի պարարտանյութը բաշխվելու է ըստ հողատարածքի եւ 1 հողօգտագործողին թույլատրվում է տալ ոչ ավելի, քան 500 կգ պարարտանյութ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ պարարտանյութի դիմաց գյուղացիները պետք է վճարեն «նաղդ» փողով, իսկ գարնան այս սեզոնը միայն հողի եկամուտով ապրող գյուղացու համար ամենաաղքատ ժամանակաշրջանն է: Նրանց խոսքերով՝ «դեռ բերք չծախած՝ մեզ որտեղի՞ց փող, որ խաբար-խաբար են անում, թե փողերը հավաքեք՝ որ տանք: Հլը թող բաժանեն, բարով-խերով բերքը ծախենք, հետո իրանց փողերը կտանք, հո չփախա՞նք»: Գյուղացիների հիմնական մտավախությունն այն է, որ փող ունեցողը տոննաներով կգնի, 500 կգ սահմանված շեմը կխախտի, իսկ իրենք նորից ստիպված կլինեն շուկայից «յա բախտի» պարարտանյութ գնել: Այնինչ պետության վաճառած արտադրանքը ձեռնտու է գյուղացիներին ոչ միայն որակի, այլեւ գնի առումով: Այս տարվա համար նախատեսվել է շուրջ 21 հազար տոննա վաճառել՝ 1 տոննան 74 հազար դրամով: «Առավոտի» հետ զրույցում Գառնիկ Պետրոսյանը կանխատեսեց գյուղացու հաջորդ ահազանգը՝ կապված ոռոգման ջրի հետ: Քանի որ այդ հարցը բուսաբուծության վարչության լուծելիք խնդիրը չէ, պարոն Պետրոսյանը խոստովանեց. «Ջրատարների մաքրման աշխատանքները շատ դանդաղ են ընթանում, այսօր ջրի հսկայական քանակ գնում է Թուրքիա, բայց գյուղացուն չեն տալիս, մի տասը օրից գյուղացիները ջրի մեծ պահանջարկ են ունենալու ու անտեղի քաշքշուկներ են լինելու»: Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել