Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊՈՐՏՖԵԼԸ

Ապրիլ 17,2006 00:00

ՊՈՐՏՖԵԼԸ ԴԱՐՁԱՎ ԴՂՅԱԿԻ ԲԱՆԱԼԻ Պատմություն այն մասին, թե ինչպես է պաշտոնյա դարձած նախկին հեղափոխականը անում այն, ինչի դեմ պայքարում էր՝ լինելով ընդդիմության շարքերում: «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամբողջ օրը նա մեզ հետ էր անցկացնում, համոզում էր՝ «տեսեք, թե ինչքան լավ բաներ եմ անելու ձեր համար, ոչ մի խնդիր էլ չեք ունենալու»: Բայց հենց ինքն անձամբ դարձավ մեր գլխավոր խնդիրը»,- «Առավոտի» հետ զրույցն այսպես սկսեցին Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի 4-րդ շենքի բնակիչները: Խոսքը նախկինում ԱԺՄ (ընդ որում, այդ կուսակցության ամենաընդդիմադիր եւ հեղափոխական շրջանում), իսկ այժմ՝ ՕԵ կուսակցության անդամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի մասին է: Բնակիչները մեզ ահազանգել էին մի քանի օր առաջ, երբ փոխնախարար հարեւանը մտել էր հարեւան Վրեժի այգին եւ հիմքից կտրել նրա հասուն թթենին, ինչպես նաեւ՝ մյուս ծառի ճյուղերը: Վրեժը Բերիկյանի վերեւի հարեւանն է, իսկ Խնկո-Ապեր փողոցի 9 հասցեում գտնվող նրանց եռահարկ տան դիմացի այգին հստակ եւ սեփականության առանձին փաստաթղթերով սահմանազատված է երկու հարեւանների միջեւ: Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը, վերջինս էլ տեղեկացրել է բնապահպանական տեսչությանը: Տեսչությունը ծառ կտրելու համար տուգանքի ակտ է կազմել եւ հեռացել: Դա՝ պետությանը հասցված վնասի համար, իսկ քաղաքացու կրած բարոյական ու նյութական վնասի փոխհատուցում չի արվել: Բայց սա դեռ բոլորը չէ: Բերիկյանն անցյալ տարվա օգոստոսից տան իր հատվածում սկսել է կառուցել երկհարկանի եւ բավականին առաջ գնացող շինություն, որի լուսավորությունն ապահովելու «խաթեր» էլ ինքնակամ կտրել է հարեւանի ծառը: Մեզ ասացին, որ մինչ այդ էլ նա իր տան ջրահեռացման խողովակի ուղղությունն է փոխել՝ կրկին դեպի հարեւանի տարածք, եւ անձրեւաջրերն այժմ այգին «լվանալով» հոսում են ցած՝ իննհարկանի շենքի կողքով, որտեղով տուն են գալիս բնակիչները: «Անձրեւոտ օրերին մեկ էլ տեսնում ես՝ ցեխախառը գետ է հոսում ճանապարհով, ոչ բարձրանալ է լինում, ոչ իջնել: Այն դեպքում, երբ կարելի էր այդ խողովակը միացնել կոյուղուն, ոչ թե կեղտաջրերը կապել մեզ վրա»,- դժգոհեցին իննհարկանիի բնակիչները: Դեռ հայտնի չէ, թե մինչեւ կառույցի ավարտը փոխնախարարի հարեւանն էլ ինչ փորձանքների միջով պետք է անցնի, սակայն խնդիրը սրանով էլ չի ավարտվում. բանն այն է, որ Ֆ. Բերիկյանը որոշել է իր հողամասը եզրափակող բարձրադիր պատը քանդել եւ կառուցել երկու ավտոտնակ՝ հենց իննհարկանի շենքի բակում: Պատի ու շենքի մուտքի միջեւ ընդամենը 3 մետր տարածություն կա: Մեր բողոքարկուները հավաստի աղբյուրներից տեղեկացել են, որ նախագծի ճարտարապետահատակագծային առաջադրանքն արդեն ստորագրված-պատրաստ է, չնայած նրան, որ Երեւանի քաղաքապետարան հղած իրենց երկու դիմումներին պատասխան է ուղարկվել հետեւյալ բովանդակությամբ. «Ֆիլարետ Բերիկյանի ավտոտնակի մուտքը ձեր շենքի բակային տարածքից կազմակերպելու դեմ ձեր բողոքը քննվել է Ճարտարապետության քաղաքաշինության վարչությունում եւ հայտնում ենք, որ նախագիծը դեռեւս չի համաձայնեցվել եւ համաձայնության ընթացքում ձեր բողոքը հաշվի կառնվի»: Վերջին պատասխանը բնակիչներն այս տարվա հունվար ամսին են ստացել, եւ այժմ կրկին դիմում են պատրաստում: Նկատենք, որ ըստ քաղաքապետարանի պատասխանի բովանդակության՝ նույն նախագծի մեջ է նաեւ փոխնախարարի տան վերակառուցված հատվածը: Ստացվում է, որ երկհարկանի նոր շինությունն իր ավարտին է մոտենում առանց փաստաթղթային հիմքերի, հետեւաբար՝ ապօրինի կառույց է: Այն, որ փոխնախարարը հիշյալ հատվածում է մտադիր բացել իր ավտոտնակների դռները՝ երեւում է նաեւ տարածքով անցնող գազի խողովակներից՝ դրանք նշված հատվածներում վերեւ են բարձրացվել եւ «կամար կապել», բնակիչների ասելով՝ անցյալ տարի եւ Բերիկյանի նախաձեռնությամբ: Մեր հարցին, թե հարեւան Բերիկյանն ինչպե՞ս է արձագանքել ավտոտնակ չկառուցելու բողոքին, «Ցեկայի» նախկին աշխատակիցները միաձայն նույն պատասխանը տվեցին. «Մեզ ասաց՝ ձեր ժամանակներն անցել են, եկել է դղյակ կառուցելու եւ վայելելու ժամանակը»: Այս անկեղծ խոստովանությանը հետեւել են սպառնալիքներ՝ նախկին խոստումների փոխարեն: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել