Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք

Ապրիլ 17,2006 00:00

Մենք էլ ունենք «պսեւդոհայրենասերներ» Դրանցից մեկին մատնանշել է ադրբեջանական մամուլը Երեկ ադրբեջանական մամուլը ողողված էր հունգարական դատարանի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ կայացրած դատավճիռը քննարկել-վերլուծելով: Ու եթե Ադրբեջանում շատերը միայն այդ դատավճռից հետո են հասկացել, որ ադրբեջանական առանձին կազմակերպությունների ու գործիչների կողմից Ռ. Սաֆարովին ազգային հերոս դարձնելն ու դրանով նրան «արջի ծառայություն մատուցելը» ընդամենը պսեւդոհայրենասիրություն էր, որը ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հայերը լավագույնս օգտագործեցին Սաֆարովի դեմ, ապա մենք, թերեւս, նոր-նոր պետք է ընկալենք մի էքսցենտրիկ երիտասարդի՝ Տիգրան Ուրիխանյանի արած՝ Սաֆարովի գլխի համար 125 հազար դոլար առաջարկելու հայտարարության հնարավոր հետեւանքը: Թերթելով ադրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ-ները՝ ակնհայտ է դառնում, որ մարդասպանին դատավճիռը բողոքարկելու, նրան Ադրբեջան տեղափոխելու բոլոր հնարավոր տարբերակների առանցքը հենց Տ. Ուրիխանյանի սույն հայտարարությունն է: Ադրբեջանցի գործիչներն ու վերլուծաբանները հարցադրում են անում՝ իսկ ինչո՞ւ հայերին հաջողվեց օգտագործել Սաֆարովին ազգային հերոս հռչակելու փաստն ու միջազգային հանրությանը ե՛ւ նրան, ե՛ւ Ադրբեջանը ներկայացնել անբարենպաստ լույսի ներքո՝ որպես վայրենիներ ու ագրեսորներ, իսկ մեզ չի հաջողվի նույնն անել Տ. Ուրիխանյանի հայտարարության առիթով: Այսպես, «Day.az»-ը հարցնում է՝ «հնարավո՞ր է հասնել Ռ. Սաֆարովի էքստրադիցիային Ադրբեջան, եւ կա՞ արդյոք վտանգ նրա կյանքին, եթե նա իր պատիժը կրի հունգարական բանտում»: Հարցին պատասխանում է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին. «Անշուշտ, հունգարական բանտում պատժի կրումը սպառնում է Ռ. Սաֆարովի անվտանգությանը: Բավական է հիշել հայկական «Առաջադիմություն» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը, ով Ռամիլ Սաֆարովի գլխի համար բարձրաձայն առաջարկեց 125 հազար դոլար: Մենք արդեն համոզվել ենք, որ նույնիսկ հունգարական դատարանները չկարողացան Ռ. Սաֆարովի դատավճռի հարցում անկողմնակալ լինել՝ ընկնելով հայկական լոբբիի ազդեցության տակ: Ուստի, մենք որեւէ երաշխիք չունենք, որ այդ ազդեցության տակ չի ընկնի հունգարական բանտի հսկիչը, որը պետք է ապահովի մեր սպայի անվտանգությունը: Ելնելով սրանից՝ պետք է առավելագույն ջանքեր գործադրել՝ Սաֆարովին Ադրբեջան էքստրադիցիա անելու համար»: Ադրբեջանական մամուլում մատնանշվում է եւս մի հայտարարություն, որն, իբր, արել են «Հայաստան» ազգային շարժում կոչվող կազմակերպության ներկայացուցիչները՝ Բուդապեշտում: Ըստ այդմ, վերջիններս համարել են, որ Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող Ռ. Սաֆարովը պետք է դատավճռով պատիժը կրի Երեւանում: Հունգարիայի գլխավոր դատախազին ուղղված այդ կազմակերպության դիմումում, իբր, ասված է եղել նաեւ, թե՝ հայ սպային սպանողը պետք է պատժվի, հակառակ դեպքում նա եւս կսպանվի: Այս բոլորն, ըստ ադրբեջանցիների, պետք է ներկայացվի հունգարական դատարանին՝ բացատրելու համար, որ Սաֆարովի կյանքին Հունգարիայում վտանգ է սպառնում: «Բացի այդ, անհրաժեշտ է, որ մարդու կյանքին սպառնացող վտանգի նշված փաստերը իմանա հունգարական հասարակությունը, իսկ դրա համար պետք է պարզապես գնել հունգարական առաջատար թերթերի էջերը: Սեղանի վրա է նաեւ Ադրբեջանի իմիջը, որը կարող է ընդմիշտ ձեռք բերել մի երկրի համբավ, որը ի վիճակի չէ անգամ փոքրիկ դիվանագիտական հաղթանակ տանել Հայաստանի նկատմամբ,»,- գրում է «Day.az»-ը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել