Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2000

Ապրիլ 17,2006 00:00

2000 ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ Երեկ «Ազգային միաբանություն» խմբակցությունը ճեպազրույցի էր ներկայացել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, անկուսակցական Սպարտակ Զավենի Եղիազարյանի հետ, որը խմբակցությանն էր դիմել հետեւյալի մասին. «Ինչպես 2003 թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ 2005 թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ համապատասխանաբար եղել եմ 04/30 եւ 14/32 ընտրական տեղամասի նախագահ՝ որպես ՀՀ նախագահի ներկայացուցիչ: Նախագահական ընտրությունների երկու փուլերի եւ հանրաքվեի ժամանակ էլ արձանագրությունները չեն համապատասխանում իրականությանը, անձամբ ես եմ թույլ տվել խախտումներ, որի մասին ցանկանում եմ հրավիրել մամուլի ասուլիս, խնդրում եմ ձեր օժանդակությունը մամուլի ասուլիս հրավիրելու համար»: Երեկ իր ճեպազրույցի 20 րոպեի 10 րոպեն «ԱՄ» խմբակցությունը նվիրել էր Սպարտակ Եղիազարյանին, որն էլ բացատրեց, որ մինչ այդ իրեն վախեցրել են, սպառնացել, եւ ինքը կատարել է այդ խախտումները, թեպետ ասաց նաեւ, որ դրանց փոխարեն իրեն կաշառք չեն առաջարկել եւ չեն տվել: Պատմեց հետեւյալը. «Ընտրությունների ժամանակ խայտառակ իրավիճակ էր, քանի որ բոլորս պետք է պաշտպանեինք Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, բայց քվեաթերթիկների հաշվառումից հետո նրա օգտին ստացվեց 12 տոկոս ձայն, երկրորդ տեղում պարոն Գեղամյանն էր, իսկ առաջին տեղում՝ պարոն Դեմիրճյանը: Իրականությունը սա էր, բայց քանի որ պարտավորվել էին 60 տոկոս ձայն ապահովել Քոչարյանին, բոլոր քվեաթերթիկները դրվում էին Քոչարյանի օգտին, եւ գրեցինք՝ 60 տոկոս: Նույն մեխանիզմը կիրառվեց ամբողջ մարզում: Իսկ հանրաքվեի ժամանակ մեզ բաժանվեցին երկու տեղամասերի ընտրացուցակները՝ լրացված անձնագրի համարներով եւ այլ տվյալներով. սա կատարվել է ամբողջ մարզում: Իրականում հանրաքվեին մասնակցել էր 60 մարդ, որից 30-ը «այո» էր ասել, 22-ը՝ «ոչ» եւ 8-ը՝ անվավեր: Բայց նախօրոք կազմած՝ ներկայացվել է 1649 «այո»: Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել