Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՐԱՆՅԱՆ

Ապրիլ 17,2006 00:00

«ԻՐԱՆՅԱՆ ԴՈՍԻԵՆ» ԿԼԻՆԻ ԱԼԻԵՎ-ԲՈՒՇ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆ Կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն Մայիսի 13-ին Ադրբեջանի 10 ընտրատարածքներում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին կայացած ընտրություններից հետո հիշյալ ընտրատարածքներում դրանց արդյունքները չեղյալ էին համարվել ընդդիմության բողոքի ցույցերի եւ միջազգային հանրության ճնշման տակ: Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Մաուրիսիոն Պավեսին նախօրեին հայտարարել է, թե ԵԱՀԿ-ն դրական է գնահատում Ադրբեջանում նախընտրական քարոզարշավը՝ հավելելով, թե ապրիլի 24-ին այդ կազմակերպության 10 դիտորդներ են ժամանելու Ադրբեջան՝ ընտրությունները դիտարկելու նպատակով: Ադրբեջանում սպասվող առաջիկա ընտրությունների եւ այլ հարցերի շուրջ երեկ զրուցեցինք «Ճգնաժամային իրավիճակների կովկասյան հետազոտական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի հետ: – Դեռեւս 2005թ. նոյեմբերին տեղի ունեցած Միլի Մեջլիսի ընտրություններից հետո միջազգային կառույցները հայտարարեցին, թե ուշի-ուշով հետեւելու են կրկնակի ընտրությունների ընթացքին, իսկ ԵԽԽՎ-ն նաեւ հայտարարեց, թե Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը մեծապես պայմանավորված կլինի այդ ընտրությունների՝ եվրոպական ժողովրդավարական չափանիշների համապատասխանությունից: Ինչպիսի՞ն է այսօր նախընտրական մթնոլորտն Ադրբեջանում: – Նախընտրական փուլը ե՛ւ պակաս հետաքրքիր, ե՛ւ պակաս նկատելի է: Բայց շատ փառասերներ կան, ովքեր շատ են ուզում հայտնվել խորհրդարանում, օգտվել «ժողովրդի ընտրյալի» բարիքներից: Հարցն այն է, որ ընտրությունների արդյունքն արդեն այսօր հայտնի է, խորհրդարանի ճակատագիրն էլ՝ վաղուց կանխորոշված: Դեռ անցյալ տարի նոյեմբերին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում խորհրդարանի 125 տեղերից 115-ն արդեն բաշխվել է այն մարդկանց միջեւ, ում հարմար էր գտել Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, եւ հիմա պատգամավորական տասը մանդատը զուտ դեկորացիա է: Ամենայն հավանականությամբ, այդ 10 տեղերից երեւի 8-9-ը կտրվեն ընդդիմության ներկայացուցիչներին: – Ձեր կարծիքով, դրանք իրական ընդդիմադիրնե՞րը կլինեն, թե՞ «ընդդիմություն» խաղացողներն ու իշխանությունների հետ համագործակցողները: – Չհամագործակցողներն արդեն վաղուց են բոյկոտել ընտրությունները, թեեւ նրանք 2000 թ.-ին իրենք էլ էին ստանձնել այն դերը, ինչ հիմա «Մուսաֆատը»՝ համագործակցություն իշխանությունների հետ ու նրանց հետ մուկն ու կատու խաղալ, ինչն ընդամենը շիրմա էր ընտրությունները կեղծելու համար: Հիմա այդ դերը ստանձնել է «Մուսաֆատը»: Իսկ ընդհանրապես, այս ընտրությունները ոչինչ չեն փոխելու, որովհետեւ խորհրդարանը ոչինչ չի որոշում. դա իշխանության ձեւական բաղադրիչն է: – Այդուհանդերձ, ի՞նչ եք կարծում, ընտրություններն ավելի արդար ու ժողովրդավարական կլինե՞ն, քան անցյալ նոյեմբերին էին: – Նոյեմբերյան ընտրությունների ժամանակ մի շարք ընտրատարածքներում ընտրություններն անցել էին բացարձակապես թափանցիկ ու արդար, բայց հատկապես այդ ընտրատարածքների արդյունքներն էին չեղյալ համարվել Ադրբեջանի Սահմանադրական դատարանի կողմից, որովհետեւ դրանց արդյունքներն էին, որ չէին բավարարել նախագահի աշխատակազմին: Իսկ մնացած բոլոր ընտրատարածքներում կեղծիքներ են եղել: – Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ 9-10 ընտրատարածքներում ընդդիմադիրներն այս անգամ չհաղթեն օբյեկտիվորեն: – Մի շարք ընտրատարածքներում ընդդիմությունը կանցնի, ընդ որում՝ արդար ձեւով: Այդ դեպքում իշխանությունները ջանք չեն գործադրի արդյունքները չեղյալ համարելու համար, որովհետեւ խաղն արդեն խաղացված է, եւ դա իրենց շահերից չի բխի: Նրանք աչք կփակեն այդ մի քանի ընդդիմադիրների կողմից մանդատներ ստանալու վրա, առավել եւս, որ դրանց թվում հայտնի անուններ չկան: – Ապրիլի 28-ին Ադրբեջանի նախագահը այցելելու է Միացյալ Նահանգներ: Կա՞ն սպասելիքներ այդ այցից, մասնավորապես` ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում: – Երեւի միամիտները սպասելիքներ ունեն, ես՝ ոչ, որովհետեւ ԱՄՆ-ի դիրքորոշումը պարզ է: Սառեցված հակամարտության 12 տարվա ընթացքում ԱՄՆ-ը ցինիկորեն եւ երեսպաշտորեն պաշտպանում է ագրեսորին՝ Հայաստանին, եւ հայտարարում է, թե չի կարող մատնացույց անել ագրեսորին, հակամարտության մեղավորին, ու ահռելի ֆինանսական միջոցներ է հատկացնում Հայաստանին, ապահովում է նաեւ նրա քաղաքական աջակցությունը: Այդ իմաստով Ադրբեջանը չի կարող ԱՄՆ-ի դիրքորոշման մեծ փոփոխություններ սպասել: – Արդյոք Ձեր այդ դիտարկումը հենված է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի ղեկավար Ջեյմս Քոլբիի օրերս Բաքվում արած այն անկեղծ հայտարարությա՞ն վրա, թե՞ ԱՄՆ-ը կարող է պաշտպանել որեւէ խաղաղ լուծում, բայց դա կողմերին պարտադրել չի կարող: – Դա անկեղծություն չէր: Ավելի շուտ` դա ամերիկյան ընդունված արտահայտություն է, որը համահունչ է ԱՄՆ-ի որդեգրած տրիվյալ դիրքորոշմանը, երբ ագրեսորին ու դրա զոհին դնում է միեւնույն հարթության վրա: – Ի՞նչ եք կարծում, ուրիշ ի՞նչ հարցերի շուրջ է, որ բանակցելու են ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի նախագահները՝ Ադրբեջանում կայանալիք ընտրություններ, ԼՂ հարցի կարգավորում, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակ, 907 բանաձեւի վերացում… – 907 ուղղումն իր իմաստը վաղուց արդեն կորցրել է, որովհետեւ Ադրբեջանը ինքնաբավ երկիր է եւ ֆինանսական աջակցության կարիք չունի: Ինչ վերաբերում է Իրանին, ապա դա լուրջ խնդիր է, եւ կարծում եմ, այցելության ժամանակ հենց «իրանյան դոսիեն» է լինելու քննարկման գլխավոր թեման: Զրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել