Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ

Ապրիլ 17,2006 00:00

Ո՞ՒՄ ԿԱՄՔԻՑ Է Խորհրդարանական ուժերը գծում են 2007-ի ԱԺ-ն Երեկ ճեպազրույցների ժամանակ գրեթե բոլոր խորհրդարանական ուժերը չդիմացան գայթակղությանը եւ «կանխատեսեցին», որ ով՝ ով, բայց իրենք հաստատ կլինեն 2007-ի խորհրդարանում: Ամենից իրատեսը կարծես «Ազգային միաբանությունը» գտնվեց, որի քարտուղար Ալեքսան Կարապետյանը կանխատեսումից առաջ հայտարարեց. «Ի՞նչ կլինին» կախված է այնքան բաներից, կախված է այսօրվա հանրապետության նախագահի դիրքորոշումից, ակտիվությունից, ինչքան ակտիվ լինի, այնքան ապագան անորոշ կլինի: Եթե ինքը այդ ընտրությունների ժամանակ չլինի, այսինքն՝ այդպիսի բարի բաներ կատարվեն, եւ ինքը հրաժարական տա, գուցե կարելի կլինի ավելի ճիշտ նկարագրել: Բայց, վերջիվերջո, պետք է ժողովուրդը ընտրի»: Չի՞ ստացվում, որ սպասում են նախագահի կամքին: Ըստ Ալեքսան Կարապետյանի, այդպես չի ստացվում, բայց նաեւ վախ ունի, որ «Եթե մենք չկարողանանք նախագահին համոզել, որ եթե ինքը չխառնվի ընտրական գործընթացին, ապա մեծ օգնություն արած կլինի ապագա ԱԺ-ին, որը այդ դեպքում կընտրվի ժողովրդի կողմից, ապա լավ չի լինի»: Մի բանում «ԱՄ» փոխնախագահը վստահ է՝ «ԱՄ»-ն կլինի նաեւ նոր խորհրդարանում, որովհետեւ նրանից ժողովուրդը դեռ ակնկալիքներ ունի: ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը չխուսափեց խոսել կոնկրետ անուններով: Ըստ այդմ, նոր խորհրդարանում իհարկե կլինի իր գլխավորած Միավորված աշխատանքային կուսակցությունը, նաեւ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն, «Ազգային միաբանությունը»: «Մնաց «Արդարություն» դաշինքը, այն չի լինի որպես «Արդարություն» դաշինք, բացառված չէ, որ ներկայացված կլինի «Արդարություն» դաշինքի միայն մեկ բաղադրիչ (ավելի ուշ հստակեցրեց, որ այդ բաղադրիչը չի լինի ՀԺԿ-ն- Մ. Ե.), եւ խնդրեմ, ավելացրեք եւս մեկ քաղաքական ուժ, որը կանցնի խորհրդարան»: Նկատի ուներ նոր կազմավորված կուսակցություններից մեկը, սակայն անունը չուզեց հրապարակել: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն առայժմ չգիտի, թե որ քաղաքական ուժերը կհայտնվեն նոր խորհրդարանում, բայց մի բան հաստատ գիտի՝ «Խորհրդարանում կա մի կայուն զանգված, որը 92-ից խորհրդարանական է, եւ նրանք էլի կմնան, թե ի՞նչ կուսակցությամբ եւ ի՞նչ ձեւերով, դա արդեն ուրիշ հարց է»: Իսկ որքանո՞վ խորհրդարանի պատկերը կախված կլինի Ռոբերտ Քոչարյանի կամքից: Ասաց, որ «անհատները միշտ էլ ազդեցություն ունենալու են, բայց նաեւ կարեւորվում է կուսակցական ցանկերի շուրջ հետաքրքրությունը, համամասնությունների փոփոխությունը իրավիճակ է ստեղծել, եւ եթե նկատում եք, կուսակցությունների հանդեպ հետաքրքրություն կա եւ նոր կուսակցությունների ձեւավորման հիմք»: «Արդարություն» խմբակցության անդամ Վիկտոր Դալլաքյանը ի պատասխան Գուրգեն Արսենյանի գնահատականի, որ «Արդարություն» դաշինքից միայն մեկ ուժ է լինելու նոր խորհրդարանում, եւ դա ՀԺԿ-ն չէ, ասաց. «ՀԺԿ-ն որպես քաղաքական ուժ կարող է ընտրություններին մասնակցել առանձին, չնայած չեմ բացառում, որ դաշինքը ներկայացնող որոշ ուժերի հետ կարող է համագործակցել նաեւ դաշինքային ձեւով: Իսկ նոր խորհրդարանի պատկերը կախված կլինի ժողովրդի կամքից, եւ ի վերջո Հայաստանում պետք է անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ»: Ուզեց նաեւ հատուկ շեշտել. «Ես համոզված եմ, որ 2007 թվականի ԱԺ-ում ՀԺԿ-ն ներկայացված կլինի, եւ կասկածի տակ եմ դնում այն ուժի ներկայացված լինելը (խոսքը ՄԱԿ-ի մասին է – Մ.Ե.), որի մասին դուք ասացիք»: ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը երեկ հայտարարեց միայն իր ցանկությունը, այն է՝ թող ազնիվ եւ թափանցիկ պայքարի կողմնակիցները գան, «որպեսզի մրցակցային դաշտը եւ խաղի կանոնները լինեն հստակ, գործի ընտրական համակարգը: Մնացածը՝ ընտրի ժողովուրդը»: Իսկ Ռոբերտ Քոչարյանի կա՞մքը: Պատասխանեց, որ ընտրությունը ժողովրդինն է, եւ արդյունքը պետք է կախված լինի ժողովրդից: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընտրությունների մասին իր կարծիքն ունի եւ ասաց. «Կոնկրետ անուններ չեմ ասի, որովհետեւ կանխավարկածային կլինի, դեռ նախընտրական գործառույթներ չեն սկսվել, համենայնդեպս, այսօր եղածների մեծ մասը կլինեն խորհրդարանում»: Իսկ Քոչարյանի կամքից ի՞նչ է կախված մեր հարցին ի պատասխան՝ իմաստուն Գալուստ Գրիգորիչը չթաքցրեց իսկությունը. «Քոչարյանի կամքից շատ բան է կախված»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել