«Առավոտը» հյուրընկալել էր ՀՀ ժողովրդական
արտիստ, պրոֆեսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի նորաբաց
մասնաճյուղի տնօրեն Հակոբ Ազիզյանին: Թատրոնն արվեստի հին տեսակներից է ու
պահպանողական, սակայն, ինչպես մեր զրույցի սկզբում նշեց պարոն Ազիզյանը, այժմ այն
հակասության մեջ է ժամանակաշրջանի, իրավիճակի, Հայաստան աշխարհի հետ. այսօր բազմաթիվ
աստղեր կան, որոնք բոլորովին էլ կապ չունեն դրանց հետ. «Շոուների ժամանակ է, մերկ
մարմիններն են գերիշխում եւ եթե թատրոնում այս ամենը չկա, առանձնապես չեն էլ գալիս:
Ցավոք՝ անցողիկ, էժանագինը վատ է անդրադառնում պրոֆեսիոնալ արվեստի, մասնավորապես՝
թատերարվեստի վրա: Ժամանակը երբեմն տուրք է տալիս մոդայիկ ուղղություններին»: Հայաստանի,
Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի, ԽՍՀՄ մյուս հանրապետությունների, Ֆրանսիայի, Պորտուգալիայի
բեմերում ավելի քան 40 տարի ծառայած արվեստագետը կարծում է, որ եթե այսօր իսկական
թատերական հանդիսատես չկա, մեղավորը թատրոնն է, ժամանակը, որովհետեւ «այսօրվա սերունդն
իսկական թատրոնում չի եղել, չի վառվել ներկայացումով, դահլիճում չի սիրահարվել այս
կամ այն կերպարին»: Հիշեցնենք թատրոնում եւ կինոյում մեր զրուցակցի կերտած կերպարներից
մի քանիսը (դրանք անցնում են 100-ից). Երանոս («Հեղնար աղբյուր»), Դիլան դայի («Այս
կանաչ-կարմիր աշխարհը»), Սահակ («Հնձանը»), Միքայել («Քաոս»), Արկադի Սամսոնյան («Ամուսիններ»)
եւ այլն: Նա ցավ է ապրում, որ արվեստագետներն ու մտավորականները համախմբված չեն,
իսկ մի քանի հոգու միասնությունը մնացածներին մտահոգվելու տեղիք է տալիս: Կարծում
է, որ միասին լինելու դեպքում շատ բան կարելի է վերանայել՝ հօգուտ հայ արվեստի: Հետաքրքրվեցինք՝
վերջին տարիներին իրար հետեւից փոփոխվող մշակույթի նախարարները, օրինակ, Վանաձորի
Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացումներ դիտե՞լ են: «Անընդհատ
իրար հաջորդող նախարարները ամիսներ շարունակ Վանաձոր կամ Գյումրի չեն այցելել»,-
նշեց պարոն Ազիզյանը: Իսկ թե ինչո՞ւ արվեստում չի երեւում այսօրվա մեր ժամանակը,
ինչո՞ւ ասելու նյութը կա՝ ասողը չկա, կամ լռում է դիտարկմանն ի պատասխան, դերասանն
ասաց, որ թատրոնի ու կինոյի պարտքն է՝ լրացնել չկարդալու համատարած բացը, գրական
մեծերին մեկ ուրիշ արվեստի ձեւով ժողովրդին վերադարձնելը: Ուզում է, որ հայն ընթերցող
մնա, որովհետեւ «ընթերցանությունը դաստիարակության բացառիկ ու յուրահատուկ միջոց
է»: Չի պատկերացնում հայ մարդ, որ գիրք, լրագիր չի կարդում, թատրոն չի գնում… Հետաքրքրվեցինք
նաեւ՝ տարիների վաստակ ունեցող դերասանն ու այսօր վարչական աշխատանքի անցած մտավորականը
չի՞ պատրաստվում Վանաձորի մասնաճյուղում հիմնել ուսանողական թատրոն: Հ. Ազիզյանն
ասաց. «Իհարկե, մտադիր եմ բուհում ստեղծել ուսանողական թատրոն, որը սկսնակ դերասաններին
հնարավորություն կտա կայանալ՝ մեծ բեմ մտնելուց առաջ: Սակայն դրա համար պիտի բավարար
լինեն գոնե շենքային պայմանները: Դրանց առկայության դեպքում կբացվեն նոր բաժիններ,
այնպիսին, ինչպիսիք կան, օրինակ, մայր բուհում (նկատի ունի Երեւանի թատրոնի եւ կինոյի
ինստիտուտը): Վանաձորի նորաստեղծ մասնաճյուղը նպատակ ունի նաեւ երիտասարդ դերասաններով
համալրել տեղի թատրոնը: Սերնդափոխության մասին մտածելն էլ կարեւոր է ու անհրաժեշտ,
քանի որ Լոռիից մայրաքաղաք մեկնած ու ինստիտուտում սովորող երիտասարդներից քչերն
են վերադառնում, եթե չասենք՝ չեն վերադառնում»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ