Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիին թանգարաններ ու դպրոցներ պետք չե՞ն

Ապրիլ 17,2006 00:00

Քաղաքապետարանը փորձում է
ազատվել դրանցից Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջերս Գյումրիի քաղաքապետարանը
ավագանու նիստ է հրավիրել ու իր հաշվեկշռում գտնվող 4 թանգարանները մշակույթի նախարարությանը
փոխանցելու որոշում կայացրել: Իսկ ինչո՞վ է բացատրվում նման նախաձեռնությունը, մի՞թե
պատճառը քաղաքապետարանի ծանրաբեռնված բյուջեն «ավելորդ» ծախսերից ազատելն ու մշակութային
գործիչներին «անտեղի» վարձատրելուց հրաժարվելն է: Արդյո՞ք քաղաքապետարանի պաշտոնյաները
չեն վախենում, որ այս քայլով հաստատում են այն խոսակցությունները, թե Վարդան Ղուկասյանի
ղեկավարած կառույցը «սպանում» է Գյումրիի մշակույթը: Այս եւ այլ մշակութային խնդիրների
մասին պարզաբանումներ խնդրեցինք քաղաքապետարանի մշակութային բաժնի պետ Արա Պապանյանից:
Պաշտոնյան փորձում էր հավատացնել, որ խնդիրը ֆինանսական միջոցները չեն, որ
«թանգարանները Գյումրիից ոչ մեկը չի վերցնելու ու տանելու, շենքն ու գույքը դարձյալ
մնալու են քաղաքապետարանին, պարզապես, ի տարբերություն մշակույթի նախարարության,
քաղաքապետարանը չունի թանգարանային մասնագետ»: «Թանգարանային նյութերը` էքսպոնատները
ազգային արժեք են եւ հարկավոր է ճիշտ տեղադրել, մասնագիտական մոտեցում ցուցաբերել»,-
քաղաքապետարանի ցանկությունն այսպես է հիմնավորում Ա. Պապանյանը: Իսկ ինչո՞ւ է քաղաքապետարանը
միայն վերջերս հիշել թանգարանագետ չունենալու մասին: Ա. Պապանյանի խոսքով, Գյումրիի
թանգարանները ստեղծվել են վերջին 4-5 տարիներին՝ քաղաքապետարանի կողմից «եւ, բնականաբար,
չէինք ցանկանա մեր ստեղծածը ուրիշին տալ»: Ի դեպ, թանգարանները քաղաքապետարանի հաշվեկշռից
նախարարության հաշվեկշիռ փոխանցելը միայն քաղաքապետարանի ցանկությունն է եւ կարծես
առաջարկվող «նվերը» մշակույթի նախարարությանը չի ոգեւորել, քանի որ առայժմ հարցը
անորոշության մեջ Է: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում պաշտոնյան այն քննադատություններին,
թե թանգարանների դռները մշտապես փակ են, դրանց նույնիսկ ցուցանակներ փակցված չեն:
Հիշեցնենք, որ մեր թերթում նմանատիպ մտահոգությամբ էր հանդես եկել Գյումրիի քաղաքապետարանի
մշակույթի բաժնի նախկին պետ Աշոտ Մկրտչյանը: «Շատ վատ է, որ մշակույթի բաժնի պետից
էդպիսի բաներ են հնչել, չեմ ուզում քննարկել էդ հարցը, որովհետեւ Գյումրիի թանգարանները
նորմալ գործում են, դպրոցականները միշտ բաց դասեր են անցկացնում այնտեղ: Ինչ վերաբերում
է ցուցանակներին, դրանք էլ շուտով կլինեն»,- ասում է Ա. Պապանյանը: Պաշտոնյայից
փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ երաժշտական դպրոցների խնդիրների՝ մասնավորապես
թիվ 4 երաժշտականում տնօրենի փոխվելուց հետո ուսուցիչներին մասսայաբար կրճատելու
վտանգի, ինչպես նաեւ 1-ին ու 2-րդ երաժշտականների հնարավոր օպտիմալացման մասին: Ըստ
մշակութային բաժնի պետի, այս պահին օպտիմալացման ծրագիր դեռ չկա (թեեւ նա չբացառեց
նման ելքը- Ն. Ա.), պարզապես տնակներում գտնվող երկու երաժշտական դպրոցները տեղափոխվում
են քարաշեն կառույց: Նկատենք, որ երաժշտականներից մեկի տարածքը դեռ չազատված՝ վաղուց
վաճառված է, սեփականատերն էլ սրտատրոփ սպասում է երաժշտականի «քոչելուն»: Իսկ թիվ
4 երաժշտական դպրոցում սպասվող մասսայական կրճատումներից պաշտոնյան զարմանալիորեն
տեղյակ չէր: Ըստ նրա՝ «Նման բան չկա եւ որեւէ մեկից բողոք չենք ստացել»: Տեղեկացնենք,
սակայն, որ այս հարցով բոլորն են իրար խառնված, հատկապես ավագանին: Խնդիրը քննարկվել
է ավագանու նիստերից մեկի ժամանակ, որի ընթացքում քաղաքապետն արդարացել է. «Եթե մասնագետ
չեն, գալիս են ուղղակի սուրճ խմելու, իհարկե՝ կրճատելու ենք»: ՆՈՒՆԵ
ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել