Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓՆՈՎՈՒՄ ԿԱՄ ԳՈՎՈՒՄ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆԸ

Ապրիլ 17,2006 00:00

Անսամբլի
գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանի մեկնաբանությունները – Ինչո՞ւ հենց
21-րդ դարում սկսեցին ավելի շատ խոսել այն մասին, թե ազգային պարը աղավաղվում է:
– Սովետմիության շրջանում արվեստի ցանկացած տեսակ ծաղկում էր, կար լուրջ ուշադրություն,
ֆինանսավորում, սկուտեղի վրա ամեն ինչ մատուցում էին: Մենք տեղյակ էինք ԽՍՀՄ բոլոր
կոլեկտիվների ծրագրերին, մինչդեռ այսօր չգիտենք՝ որոշ կոլեկտիվներ կա՞ն, գոյություն
ունե՞ն: Բայց ԽՍՀՄ շրջանում կար համատարած բոլորին միօրինակ դարձնելու միտում: Բոլոր
կոլեկտիվների ծրագրերը 90%-ով նման էին, ասես մի սանրով սանրած լինեին: Թեեւ մեկը
հայկական հենքի վրա էր, մյուսը՝ ռուսական, երրորդը՝ ուկրաինական, բայց համատարած
նույն ձեռագիրն էր: Դա պարտադիր էր, որովհետեւ բոլոր խմբերը պետք է «խոսեին» նույն՝
ողջ խորհրդային ժողովրդին հասկանալի լեզվով, իսկ ֆոլկլորը դուրս էր մնացել: Կարճ
ասած՝ այդ ժամանակաշրջանում ստեղծված հայկական պարացանկը, մեղմ ասած, հեռու է ազգային
խոր արմատներից: Իսկ այսօր գոնե փորձում են հայեցի պարել: Եվ որտեղ աշխատանք, այնտեղ
էլ՝ քննադատություն: Ցավում եմ, որ հաճախ քննադատում են մարդիկ, ովքեր իրենք են ստեղծել
նման պարատեսակներ: Փաստորեն, իրենք խոսում են իրենց ստեղծածի դեմ: – Իսկ,
ի վերջո, ի՞նչ ասել է հայկական, ազգային պար: – Ազգայինը իր բնական տեսքով
այսօր բեմ հանել չի կարելի: Չի կարելի այն իմաստով, որ բեմն ունի իր պահանջներն ու
պայմանները: Ամենատարրական օրինակը բերեմ՝ մեր պարերի 90%-ը շուրջպարեր են, բեմի
վրա շուրջպարը մինչեւ փակվի՝ կտեւի 10-15 րոպե, ու հանդիսատեսը մեջքով կտեսնի պարողներին,
ինչը ճիշտ չէ: Կամ զուռնան ու դհոլն էլ երաժշտական իմաստով պետք է հետաքրքիր դարձվի,
դա էլ կախված է բեմադրողի ճաշակից, երեւակայությունից: Բնականաբար, ամեն ինչ պետք
է արվի ազգային պարի հենքի վրա՝ անպայման հարմարեցնելով բեմին: Պարը պետք է ունենա
իր դրամատուրգիան, սկիզբը, բարձրակետը, վերջը: Փորձում ենք հենց դրան էլ ուշադրություն
դարձնել, ինչի համար մեզ շատ են քարկոծում, որ իբր Պարի պետական անսամբլում տեխնիկան
պակաս է, հնարքներ չենք օգտագործում: Ախր մեր պարին դրանք բնորոշ չեն: Օրինակ՝ «Հովիվների
պարում» նման բաներ կան, ինչն արդարացված է. հովիվները բարձրացել են յայլաները, կոխ
բռնել, խաղացել, գուցե նրանցից մեկն էլ ինչ-որ բարդ հնարք է ցույց տվել, ինչը եւ
օգտագործել ենք պարում: Բոլոր հայկական պարերում անհեթեթություն կլինի նման հնարքներ
ներմուծելը: Պատկերացրեք՝ պարում ենք «Զարթոնք», անունն արդեն հուշում է՝ ինչի մասին
է, ու այդ պարում մեկը հանկարծ սկսում է գլխի վրա պտտվել: Հնարքներն օգտագործելիս
պետք է ունենալ դրանց հիմնավորումը: Թե չէ կստացվեն բառակապակցություններ, որտեղ
բառերն իրար հետ կապ չունեն: Չէ՞ որ պարն էլ է խոսք, նախադասություն: Թեեւ կան պարեր,
որ տրամադրության պարեր են ու ասելիք չունեն, ինչպես, օրինակ՝ «Շալախոն»: –
Ձեր գործընկերներից ոմանք Ձեզ մեղադրում են նրա համար, որ Պարի պետականի պարերում
ոգի չկա: – Միգուցե ինչ-որ իմաստով դա ճիշտ է: Ես արդարացում չեմ փնտրում,
բայց դա նաեւ երկրի վիճակից ու մեր պայմաններից է: Այսօր պարող տղաները քիչ են: Ես
11 տղայով եմ անսամբլն ընդունել, հիմա 17-ն ունեմ: Վստահ եմ, եթե վաղը աշխատավարձը
բարձրանա, հաստատ նրանց թիվը կկրկնապատկվի: Մյուս կողմից, մեր համերգներին ներկա
լինել եւ հայկական ոգին չնկատել, մեղմ ասած՝ չուզողություն է: Շատերին թվում է` Պարի
պետականը սովետի թեւի տակ պահած անսամբլն է, մնում է միայն գան, նստեն ու վայելեն:
Մոռանում են, որ ժամանակները վաղուց փոխվել են: – Ժամանակին կոմպոզիտորները
հատուկ ազգային-ժողովրդական ոգով երաժշտություն էին հորինում պարային կոլեկտիվների
համար: Այսօր ինչպե՞ս եք այդ խնդիրը լուծում: – Այո, պարային երաժշտության
ասպարեզում իսկապես լուրջ խնդիրներ կան: Շատերը նախընտրում են փոփ երգ գրել, որովհետեւ
դրանով եւ հանրաճանաչ են դառնում, եւ գումար վաստակում: Հայկ Գրիգորյանը մեր անսամբլի
երաժշտական մասի ղեկավարն է, հենց նրա գործերից էլ օգտվում ենք: Հայկը նաեւ հավաքում
է ազգային երաժշտական նյութերը, գործիքավորում, դարձնում է Պարի պետականին հարիր
երաժշտություն: Բեմական հագուստների վրա էլ ենք աշխատում: Պիտի գտնել թեթեւը, գեղեցիկը,
սլացիկը՝ իհարկե ազգային տարազի հիմքի վրա: Այստեղ էլ համագործակցում ենք Ռուբինա
Հովհաննիսյանի, Սահակ Մուրադյանի եւ այլոց հետ: Ցավոք, ինչի մասին խոսում ենք, վերջում
հանգում ենք ֆինանսներին: – Ձեր կարծիքով ո՞րն է պարարվեստի 2 միությունների
(ղեկավարներ՝ Վանուշ Խանամիրյան եւ Կարեն Գեւորգյան) տարաձայնությունների պատճառը:
– Կարծում եմ, պարարվեստի գործիչները հավաքվել են ոչ թե ինչ-որ նպատակի, այլ
ընդամենը՝ 2 մարդու շուրջ: Մյուս բնագավառներում հակամարտությունները հասկանալի են՝
մեծ գումարներ կան արանքում, իսկ էստեղ, ախր, ոչինչ չկա: Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել