Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ կոմպոզիտորը հիշեցնում է

Ապրիլ 17,2006 00:00

Լրանում է հայ անվանի կոմպոզիտոր Գրիգոր
Հախինյանի ծննդյան 80-ամյակը «Առավոտը» այս առիթով ստացել է օրաթերթի մշտական
ընթերցող, կոմպոզիտորի առաջին ուսանողներից մեկի՝ ներկայումս Իսրայելի Հայֆա քաղաքում
բնակվող կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի «որդիական մտահոգությունը»: Հետեւելով
հայրենիքում կատարվող մշակութային անցուդարձին, հավանաբար իմանալով, որ Հայաստանում
այս կամ այն անվանի արվեստագետի հոբելյանը երբեմն նշվում է ուշացումով կամ նույնիսկ
անտեսվում, Ն. Ասլանյանը իր պարտքը համարեց նախօրոք ահազանգել մեզ, հիշեցնելով, որ
ապրիլի 20-ին Գ. Հախինյանի հոբելյանն է, նշանավոր կոմպոզիտորը կդառնար 80 տարեկան:
Էլեկտրոնային ծավալուն նամակում Ն. Ասլանյանը շարադրել է հիշողություններ
Հախինյանի մասին՝ սկսած Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում նրա հետ առաջին
իսկ հանդիպումից մինչեւ Երեւանի պետկոնսերվատորիա ընդունվելը, որտեղ սովորել է իր
ուսուցչի պրոֆեսորի՝ Գրիգոր Եղիզարյանի դասարանում: Ն. Ասլանյանի հավաստմամբ, Գ.
Հախինյանը անգամ ուսանողական տարիներից հետո էլ «պատասխանատվությամբ էր վերաբերվում
իր մանկավարժական գործունեությանը: Ներկա էր լինում իր ուսանող կոմպոզիտորների բոլոր
նախահամերգյան փորձերին, տեղում խորհուրդներ տալիս: Ավելին, շնորհիվ նրա հեղինակության,
մարդամոտ, ժողովրդական խառնվածքին, իր ուսանողների գործերը կատարում էին այն տարիներին
արդեն ճանաչված երաժիշտներ Վիլեն Չարչօղլյանը, Լեւոն Ալոյանը, Ռուբեն Ալթունյանը,
Ֆլորա Խորենյանը, Ռուբեն Ահարոնյանը, Վահե Ահարոնյանը եւ այլք»: Ն. Ասլանյանը վստահ
է, որ մասնագետները համակարծիք կլինեն իր հետ. «Հախինյանը այսօր էլ մեզ ներկայանում
է որպես խիստ ազգային կոմպոզիտոր: Լավ գիտենալով հայկական ժողովրդական ու գուսանական
երաժշտությունը, նա բարձր է գնահատել ժողովրդի արվեստը, խորապես սիրելով ու ուսումնասիրելով
նյութը: Նա եկել է մի հանրահայտ ճշմարտության, որ կոմպոզիտորական արվեստում ճշմարիտ
ներշնչման աղբյուր կարող է հանդիսանալ ժողովրդական երաժշտությունն իր բոլոր դրսեւորումներով:
Վերջին միտքս վառ երեւում է կոմպոզիտորի երաժշտական, թատերական, կինոֆիլմերի համար
գրած երաժշտությունում, կանտատներում ու օրատորիաներում, կամերային, գործիքային ստեղծագործություններում,
երգերում ու ռոմանսներում: Ժամանակին Երեւանի օպերային թատրոնի խաղացանկը զարդարում
էին Հախինյանի «Լոռեցի Սաքոն», «Ախթամար» բալետները»: Գրիգոր Հախինյանի հոբելյանական
տարեթվի առիթով պարզեցինք, որ ապրիլի 13-ին Կամերային երաժշտության տանը մշակույթի
նախարարության եւ Կոմպոզիտորների ու երաժշտագետների միության համատեղ ջանքերով կայացել
է զուտ հախինյանական ստեղծագործություններից կազմված երեկո, որի համար նախարարությունը
հատկացրել է $1000: Նուբար Ասլանյանը երեկ զանգահարեց «Առավոտ» եւ մեկ այլ
հոբելյանի առիթով տեղեկացրեց, որ Էդվարդ Միրզոյանի ծննդյան 85-ամյակին նվիրված Հայֆայի
«Կիներետ» լարային քառյակը կատարել է իր ստեղծագործությունը, իսկ իր խնդրանքին՝ Հայաստանի
պետական սիմֆոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) կատարմամբ եղեռնի տարելիցի առիթով հնչեցնել «Սիփանա
քաջեր» կոնցերտ-պոեմը, դեռ չեն պատասխանել: «Ի դեպ, «Սիփանա քաջերի» պարտիտուրը գտնվում
է Վիեննայի ազգային գրադարանում, որտեղ պահվում է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40
օրը» վեպի ձեռագիրը»,- ասաց կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը: Այս կապակցությամբ ՀՊՖՆ-ի
տնօրեն Ռուզաննա Սիրունյանը հայտնեց, որ իրենց համերգային ծրագրերը կազմվում ու հաստատվում
են յուրաքանչյուր համերգաշրջանից մոտ 1 տարի առաջ: «Այդ հարցով մշակույթի նախարարություն
է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ իսրայելահայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի
հիշյալ գործը կատարելու խնդրանքով: Այն մենք կարող ենք Ֆիլհարմոնիկի ծրագրում ընդգրկել
միայն 2007-ին»,- տեղեկացրեց Ռ. Սիրունյանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել