Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵՍ ՀԱՅԵՐԵՆ ԵՄ ՆԿԱՐՈՒՄ»

Ապրիլ 17,2006 00:00

Հարցազրույց
նկարիչ Սերգեյ Մալցեւի հետ – Որոշ մասնավոր պատկերասրահների տնօրենների կարծիքով՝
վաղուց անցել են ժամանակները, երբ Վերնիսաժում կարելի էր լավ գործեր տեսնել: Համամի՞տ
եք այս դիտարկման հետ: – Այդ տնօրենները մի քիչ սխալվում են, Վերնիսաժը իր
ուրույն տեղն ու հետքն ունի: 1985-ին, երբ մենք ավարտեցինք Երեւանի գեղարվեստաթատերական
ինստիտուտը, մի գեղեցիկ ակցիա արեցինք՝ բացելով Վերնիսաժը: Ու դեռ այն ժամանակ մեր
նպատակն էր՝ պրոպագանդել պրոֆեսիոնալ արվեստը: Հիմա էլ Վերնիսաժում՝ Սարյանի արձանի
շրջակայքում, պրոֆեսիոնալ նկարիչների գործեր կարելի է տեսնել՝ Մինաս Զաքարյան, Տիգրան
Ավագյան, Սարգիս Աբրահամյան: Պրոֆեսիոնալ նկարչի համար ամենեւին էլ պատվից ցածր չէ
այնտեղ ցուցադրվելը: Վերնիսաժը փոքրիկ մեր բալիկն է, որին հիմա մեծացնում ենք: Չի
կարելի թերագնահատել նրա դերը, դա նույնն է, թե թերագնահատվի Մոնմարտրը՝ Փարիզում:
Վերնիսաժում էլ կա գեղեցիկ, զիլ արվեստ: Եթե մարդը ի վիճակի է պրոֆեսիոնալը տարբերել,
ապա դա կանի նաեւ Վերնիսաժում ներկայացվող գործերը դիտելիս: – Ձեր աշխատանքներում
կանանց անպայման ծաղիկների հետ ենք տեսնում… – Կինը տեղով ծաղիկ է, հետեւաբար
կինն ու ծաղիկը միշտ պետք է միասին լինեն, ես կնոջը ընկալում եմ որպես ծաղիկ, ծաղիկը՝
որպես կին: – Դուք նաեւ «Կերպար» ասոցիացիայի անդամ եք, վերջինս լրացնում
է այն բացը, որ չկա՞ Նկարիչների միությունում: – Մենք «Կերպարում» ավելի ինքն
ուրույն ենք, ինչ չենք կարող անել Նկարիչների միությունում, հնարավոր է «Կերպարում»:
Այդ ասոցիացիան կազմակերպում է ցուցահանդեսներ, առաջիկայում էլ մի խումբ նկարիչներիս
գործեր կցուցադրվեն Փարիզում: Այն նվիրված կլինի Ֆրանսիայում Հայաստանի տարվան: Մի
խոսքով, «Կերպարը» մեզ որոշ չափով փրկում է: Այսօր միությունը, ցավոք, սահմանափակ
հնարավորություններ ունի եւ չի կարող բոլոր նկարիչների հոգսերը հոգալ: –
Դուք շարքերով եք մտածում՝ «Հին Երեւան», «Սեւան», «Պարուհիներ», Կոնդին նվիրված
շարք ունեք… – Ես սիրում եմ Երեւանը, երբեք չեմ հեռանա այստեղից: Նկարում
եմ Հայաստանի օդն ու ջուրը, ծաղիկները, արեւը, մեր լավատեսությունը: Ռուսական միայն
Մալցեւ ազգանունս է մնացել ու որոշ գենետիկ բաներ: Մտածելակերպս հայերեն է, հայերեն
եմ մտածում, հայերեն՝ սեր բացատրում, ես կտավի վրա էլ եմ հայերեն արտահայտվում: Ինչ
վերաբերում է կանանց, մասնավորապես պարուհիներին, ինձ գրավում է նրանց պլաստիկան,
դինամիկան, անբացատրելի հմայքը: – Հե՞շտ է ինքնադիմանկար անելը: –
Եթե լուրջ նկարիչ է, շատ դժվար է, որովհետեւ դու ինքնավերլուծության ես ենթարկում
քեզ: Ինքնադիմանկար անելիս դու ինքդ քո դիմաց կարծես քննություն ես հանձնում: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել