Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գիքորը»՝ մյուզիքլի թատրոնում

Ապրիլ 17,2006 00:00

Երիտասարդ
ռեժիսոր Լուսինե Մելիքսեթյանի դեբյուտը Հունիս-հուլիս ամիսներին Երաժշտական
կամերային թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Ստեփան Ջրբաշյանի «Գիքոր» օպերան, որն
իրականացնում է Լուսինե Մելիքսեթյանը: Նա ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական
ինստիտուտը՝ Վահե Շահվերդյանի արվեստանոցը: Տեղեկացնենք, որ հիշյալ օպերան
70-ականների սկզբներից սկսած՝ շուրջ 10 տարի Ազգային օպերային թատրոնի խաղացանկում
էր: Հարցին՝ ի՞նչ աղերս կա «Գիքոր» օպերայի եւ մյուզիքլի թատրոնի միջեւ, մեր զրուցակիցը
պատասխանեց. «Մենք ունենք փոփ օպերա, ունեցել ենք նաեւ երաժշտական դրամա, այնպես
որ, օպերայի մուտքը մեր թատրոն՝ պետք է զարմանալի չթվա: Երաժշտական բոլոր ստեղծագործություններն
էլ կարող են տեղ գտնել Երաժշտական կամերային թատրոնում»: «Գիքորի» աշխատանքներն
արդեն ընթացքի մեջ են: Ներկայացման մեջ ներգրավված են երիտասարդ դերասանները, այդ
թվում՝ Միշա Հովակիմյանը, Դավիթ Խաչատրյանը, Գոհար Ազիզյանը, Ռուզաննա Ջամբազյանը:
Լ. Մելիքսեթյանը հավաստիացրեց, որ այն շատ ողբերգական չի լինելու: Իսկ ինչո՞ւ
հենց «Գիքոր» եւ ոչ թե այլ ստեղծագործություն: «Կարծում եմ, «Գիքորը» կհետաքրքրի
երիտասարդներին եւ հատկապես երեխաներին, մանավանդ հանդիսատեսը պետք է ձեւավորվի մանկուց:
Մեր հանդիսատեսն ընդհանուր առմամբ լավն է, բայց երբեմն թատրոն են գալիս այնպիսիները,
որոնց կուզենայինք ավելի կիրթ տեսնել: Միգուցե դա վերջին տարիների բացթողման արդյունքն
է»,- նշեց երիտասարդ ռեժիսորը: Որպես բեմադրիչ՝ Լուսինեն առաջին անգամ «Գիքորով»
է հանդես գալու: Նա թատրոնում աշխատում է գեղարվեստական ղեկավարի ասիստենտ, հավաստիացնում
է, որ համարյա բոլոր ներկայացումներում ունեցել է իր փոքրիկ մասնակցությունը: Խոստովանում
է, որ այս օպերան բեմադրելու մտահղացումը պատկանում է հորը՝ թատրոնի գեղարվեստական
ղեկավար Արմեն Մելիքսեթյանին: «Միշտ ցանկացած ներկայացում, հատկապես մյուզիքլը,
ավելի ճոխ ու վառ ես պատկերացնում, բայց դա նախեւառաջ պայմանավորված է ֆինանսով:
Չնայած, Հայաստանում միշտ էլ սեղմ գումարով արվում է առավելագույնը»,- համոզված է
ռեժիսորը: «Շատ կուզենայի հաջորդ անագամ բրոդվեյյան մյուզիքլներից բեմադրել:
Իհարկե, կողմնակից եմ, որ հայ կոմպոզիտորի գործ բեմադրվի: Շատերն ասում են՝ կան նման
ստեղծագործություններ, բայց ո՞ւր են: Միայն օդում են խոսում… Ես կողմնակից եմ այն
արվեստին, որը բարձրարժեք է, բայց նաեւ եկամուտ է բերում: Սակայն այդ գործերը չպետք
է լինեն պարզապես եկամտաբեր ու էժանագին ինչ-որ բաներ»,- ասում է Լ. Մելիքսեթյանը:
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել