Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԻՆՔՍ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԽԱՂԱԼ»

Ապրիլ 17,2006 00:00

Հարցազրույց
ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հետ – Դուք հաստիքով եք աշխատում Հրաչյա
Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, սակայն ձեզ հաճախ չենք տեսնում բեմում:
Մասնագետների համոզմամբ, թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Արմեն
Խանդիկյանը ստեղծել է ռեժիսորի ինքնիշխանության թատրոն, ինչի արդյունքում դուք եւ
էլի մի քանի վառ անհատականություններ հայտնվել են լուսանցքում… – Ես քանիցս
ասել եմ, որ 15 տարի այս թատրոնում կորցրել եմ: Այդ տարիները վերադարձնելն այլեւս
անհնար է. այն, ինչ կարող էիր անել երեկ, այսօր չես անի: Մեղավորներ բնավ չեմ ուզում
փնտրել: Թատրոնը առանձնահատկություններ ունի՝ ջահելություն է գալիս, «դրամարկղային»
ներկայացումներ պիտի անել եւ այլն: Պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ թատրոնում
անունով դերասաններ կան: Ու եթե յուրաքանչյուր այդպիսի դերասանի համար ռեժիսորը ուժեղ
ներկայացում բեմադրի, ապա ստիպված կլինի մեկ տարվա ընթացքում հազիվ մի 4 պրեմիերա
անել: Կարճ ասած, եթե մի 10 այդպիսի դերասան եղավ ու մի անգամ էլ հատուկ ինձ համար
ներկայացում դրեցին, ուրեմն մեկ էլ 10 տարի հետո պիտի ինչ-որ դեր խաղամ: Իհարկե,
բացառություններ պետք է լինեն անպայման: Ռեժիսորը այնպիսի անձնավորություն է, որ
ունի իր տեսակետները, օրինակ՝ դերասաններ, որոնց հետ նրա համար ավելի հեշտ է աշխատել:
Դրանք նրբերանգներ են, որոնց դեղատոմս չեմ կարող առաջարկել: Մյուս կողմից էլ այս
բոլորը կուտակվում են, ու դուք այսօր այդ հարցն եք ինձ տալիս: Իմ դեպքում ես ինչ-որ
իմաստով չկորցրի իմ տարիները (խոսքը թատրոնում կորցրածիս մասին է), ֆիլմ նկարեցի՝
«Գրիգոր Նարեկացի», նկարչությամբ զբաղվեցի, ասմունքի CD արեցի: Մի խոսքով՝ ինչ-որ
բաներ արեցի եւ փորձեցի պակասը լրացնել, բայց մեկ է՝ թատրոնը մնում է թատրոն: Բայց
բաներ կան, որ հենց կենսագրության համար ֆունկցիոնալ նշանակություն ունեն: Փառք Աստծո,
2005 թվականը վատ չէր ինձ համար, 3 պրեմիերա ունեցա՝ Զեյթունցյանի «Կանգ առ, երկրագունդ»,
իմ բեմադրած «Մսյո Ամիլկարը»՝ «Վճարովի պատրանք» վերնագրով, Շեքսպիրյան մոնոներկայացումների
փառատոնում՝ «Տիմոն Աթենացին» (Արտաշես Հովհաննիսյանի բեմադրությամբ): – Դրամատիկ
թատրոնում սերնդափոխության խնդիրը մի քիչ այլ կերպ լուծվեց: Ու ձեր սերնդի դերասանները
ոչ թե առճակատման գնացին, այլ լուռ դիմակայեցին… – Օրինակ՝ ֆուտբոլում,
եթե սերնդափոխություն է լինում, հիմնական խաղացողներին միանգամից չեն հանում ու երիտասարդներին
ներգրավում: Իհարկե՝ այդպես էլ է լինում, դրա համար էլ նման թիմերը միշտ զրո միավորներ
են հավաքում: Սերնդափոխությունը պետք է լինի աչքի համար ոչ տեսանելի, այսինքն՝ մեծերի
կողքին երիտասարդները պետք է խաղան, սովորեն, մի քիչ էլ բեմի փոշին ծծեն: Երեւացողը՝
կերեւա: Հիմա նոր սերունդը հակված է ամեն ինչ ռեժիսորի վրա թողնել, իրենց չեն սովորեցնում
դեր սարքելու արվեստը: – Դուք դասավանդում եք Կինոյի ու թատրոնի ինստիտուտում…
– Էի… Հիմա այլեւս չեմ դասավանդում: – Ինչո՞ւ – Ձեռնպահ կմնամ
հարցին պատասխանել, այդ մասին գիտեն ինստիտուտայինները: – Վերջերս Կապանում
էիք, ասում են՝ տարիների ընդմիջումից հետո էլ շատ ցանկալի էիք կապանցիների համար:
– Ես ընդամենը 1,5 թատերաշրջան եմ աշխատել Կապանում: Վերջերս, երբ «Արտավազդ»
մրցանակաբաշխության առիթով էի այնտեղ, հանդիպեցի 58-59թթ. իմ երկրպագուներին: Բավական
ջերմ մթնոլորտ էր, մի բան էր միայն փոխվել՝ նրանք ալեհեր էին: – Ինչպե՞ս եք
վերաբերվում նոր ստեղծվելիք թատերական միությանը: – Առաջին անգամ եմ այդ մասին
լսում: Ինչո՞ւ է պետք ավելորդ մրցակցությունը, դա ի՞նչ կտա դերասանին: Ես վաղուց
Թատերական գործիչների միության անդամ էլ չեմ…Ցավոք, այսօր դերասանը միշտ սպասողական
վիճակում է, ինքը թատրոնի տնօրենը չի, որ ինչ-որ բաներ պլանավորի ու իրագործի: 1000
ու մի բան կա գլխումս, բայց ես չեմ կարող ինքս ինձ համար խաղալ, բեմադրել, դեկորացիա
սարքել, թատրո՛նը պետք է դա անի՝ ինձ հետ համագործակցելով: Թե չէ մենք՝ դերասաններս,
էսպես ձեռքներս պարզած՝ աղքատի նման սպասում ենք, որ մեկի մտքով անցնենք, մի դեր
ստանանք կամ ֆիլմում նկարահանվելու հրավեր: Զրուցեց ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել