Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լուծումը հետաձգելո՞ւ համար

Ապրիլ 17,2006 00:00

Տնտեսագետն
ու մաթեմատիկոսը ՍԴ-ում իրավական հարց են լուծում՝ դիմելով փորձագետների օգնությանը
Թվաց, թե չարաբաստիկ Հյուսիսային պողոտայի ու Կենտրոնի վերակառուցման (որն
ընդամենը մասնավոր անձանց կողմից շենքեր կառուցելու եւ վաճառելու գործընթաց է, այլ
ոչ թե, ինչպես ճգնում են ներկայացնել, պետության համար «բացառիկ» դեպք) համար հափշտակված
տարածքների նախկին բնակիչների բողոքները վերջապես կստանան արդարացի, ասել է թե՝ իրավական
լուծում։ ՍԴ նիստում կառավարությունը ներկայացնում էր ՀՀ արդարադատության
նախարարը։ Նա, անտարակույս, մասնակցել է երեք անգամ փոխված, մեկը մյուսին հակասող,
սեփականատերերի հողամասերն ու անշարժ գույքը խլելու տարբեր կարգ ու պայմաններ նախատեսող
որոշումների նախագծերի քննարկմանը։ Բայց չհասկանալով (որ ավելի հավանական է) կամ
դիտավորությամբ (որ նույնպես չի բացառվում) չի ներկայացրել դրանց հակասահմանադրական
բնույթը։ Ուրեմն նա ինքն իր դեմ չի գնա եւ ի սկզբանե տրամադրված է, որպեսզի խնդիրը
իրավական լուծում չստանա։ Եվ ամեն ինչ անում է դրա համար։ Բոլոր երկրներում
«թիվ մեկ իրավաբանը» Սահմանադրական դատարանի նախագահն է։ «Թիվ երկու իրավաբանը»՝
արդարադատության նախարարը։ Մեզանում այդ պաշտոնյաները ընդհանրապես իրավաբաններ չեն։
Մեկը տնտեսագետ է, մյուսը՝ ֆիզիկ՟մաթեմատիկոս։ Եվ ահա Հայաստանի «թիվ երկու իրավաբանի»
առաջարկով «թիվ մեկ իրավաբանը» որոշում է քննարկվող հարցում ճիշտ կողմնորոշվելու
համար դիմել փորձագետների օգնությանը։ Եթե ՍԴ-ն լսեր գյուղատնտեսությանը կամ
անասնապահությանը վերաբերող հարց, հասկանալի, բնական ու բանական կլիներ ճիշտ կողմնորոշվելու
համար դիմել փորձագետների օգնությանը։ Բայց ՍԴ-ն՝ երկրի դատական իշխանության բարձրագույն
մարմինը, որի միակ գործը սահմանադրական նորմերի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն
է, Սահմանադրության նորմի խախտման հարցում կողմնորոշվելու համար դիմում է փորձագետի,
այն էլ քաղաքացիական իրավունքի մասնագետի օգնությանը։ Որ պետության «թիվ մեկ իրավաբանն
է» այդ քայլին դիմել՝ զարմանալի չէ, նա մասնագիտությամբ իրավաբան չէ եւ բնական է,
որ պետք է դիմեր ինչ-որ մեկի օգնությանը, բայց ՍԴ՟ի մնացած անդամների մասնագիտական
ինքնասիրությունը ո՞նց է թույլ տվել հայտնվել եռանկյունաչափական խնդիրը լուծելու
համար առաջին դասարանցու օգնությունը հայցող՝ տասներորդ դասարանցու վիճակում։ Ես
ՍԴ անդամներից շատերին ճանաչում եմ եւ ինձ համար զարմանալի է, թե նրանց մասնագիտական
արժանապատվությունը ինչպե՞ս է թույլ տվել այդ քայլին դիմել։ Կամ, որ հավանական է,
փորձագետին դիմելը միջոց էր խնդրի լուծումը հետաձգելու, ժամանակ շահելու, անհրաժեշտ
մարդկանց «մշակելու» համար։ Չար լեզուներն ասում են, որ ի կատարումն վերը
նշվածի, Մարդու իրավունքների պաշտպանը ՍԴ առաջին նիստից հետո արդարադատության նախարարի
մեքենայով ոչ թե տուն է գնացել, այլ տարվել է տատամիի վրա հանդիպման։ Եվ հնարավոր
է, որ ապրիլի 18-ին նա հարյուր ութսուն աստիճան շուռ եկած լինի։ Ինչպես տեսնում
եք, ես ոչ մի օրենք կամ հոդված չնշեցի։ Ժամանակին արժանահիշատակ Վլադիմիր Նազարյանը՝
ի պատասխան պատգամավոր Շ. Քոչարյանի հարցումի, նշել էր Սահմանադրության եւ Քաղաքացիական
օրենսգրքի այն բոլոր հոդվածները, որոնք խախտվել էին կառավարության կողմից։ Վ. Նազարյանից
լավ ես չէի գրի։ Բոլոր խախտումները հատիկ-հատիկ ներկայացվել են ՀՀ ԱԺ խմբակցություններին։
Բոլորը, առանց բացառության, մատը մատին չտվեցին իրավիճակը շտկելու, խախտումները
վերացնելու համար։ Այսօր էլ են լռում։ ՍԴ-ում լսվող հարցի վերաբերյալ իրենց կարծիքն
ու տեսակետները արտահայտելու փոխարեն տազ են արել, սպասում են։ Միայն անհասկանալի
է, թե ու՞մ եւ ինչի՞։ Այն տեսակետը, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից
հարցը բարձրացնելը սոսկ ինչ-որ մեկի համար վարչապետի աթոռը ազատելու նպատակ, միջոց
է, երեւի թե ճիշտ էր։ Բայց վարչապետը կմնա իր աթոռին, թե՝ ոչ, կապված է նրանից, թե
նախորդ նիստից հետո Մարդու իրավունքների պաշտպանը տատամիի վրա առողջությունը քայքայող
ի՞նչ կարգի վնասվածքներ է ստացել։ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ Արդարադատության
3-րդ դասի պետական խորհրդական Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել