Դատախազությունը
հրաժարվում է քրգործ հարուցել 2005թ. սեպտեմբերի 30-ին, ժ.12-ի սահմաններում,
Գորիսի Խնձորեսկ գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները
չավարտվեցին, քանի որ ծեծկռտուք տեղի ունեցավ 10-րդ դասարանցիների միջեւ: Տասներորդցի
Գեւորգ Աբրահամյանը, լինելով թեկնածուներից մեկի վստահված անձը, դաժանաբար ծեծի ենթարկվեց
մյուս թեկնածուի կողմնակիցների կողմից, ստանալով մարմնական վնասվածքներ՝ ուղեղի ցնցում,
գիտակցության կորուստ: Նշվում էր պատանի ջարդարարների անունները՝ Արամ Վարդազարյան,
Վահե Սողոմոնյան, Հայկ Կարապետյան, Արտակ Արզանյան եւ Անդրանիկ Արջունց: Նկարագրվում
է անգամ պատանիների առանձնակի դաժանության այս դրվագը. «Երկուսը բռնել էին նրա թեւերից
եւ գցել գետնին: Դրանից հետո հինգ տղաները ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրեցին
Գեւորգի գլխին»: Ընտրությունը հարամվում է, եւ Գեւորգին տեղափոխում են հիվանդանոց:
Պատանին կորցրել է աջ ականջի լսողությունը, ձախ ոտքը չի ծալվում, տեսողությունը 15
տոկոսով պակասել է, դպրոց չի հաճախում, որովհետեւ գանգատվում է գլխի, ողնաշարի սուր
ցավերից: Իսկ Գորիսի բժշկական կոնսուլտացիոն հանձնաժողովը թիվ 180 արձանագրությամբ
որոշում էր կայացրել նրա «դպրոցի ուսուցումը կազմակերպել եւ անցկացնել տանը»: Մի
խոսքով, ապագա զորակոչիկը դարձել է կես մարդ: Սյունիքի մարզի դատախազությունում իմիտացիա
են ստեղծել, թե նախապատրաստվում են քրեական գործ հարուցել, սակայն դատախազի օգնական
Ս. Վարդանյանը որոշում է կայացրել մերժել քրգործի հարուցումը՝ «նկատի ունենալով,
որ կատարված արարքի հետեւանքով ոչ էական վնաս է պատճառվել եւ քրեական հետապնդում
իրականացնելը նպատակահարմար չէ»: Պատասխանատվության չի ենթարկվել դպրոցի ոչ մի աշխատակից:
Ավելին, ծաղրի են ենթարկել իր երեխայի առողջությամբ մտահոգ հորը, առանց բուժզննման
եզրակացնելով, թե Գեւորգը առողջ է: Տարբեր բուժհաստատություններ տարբեր բաներ են
նկատել. սուր նեֆրիտի մնացորդային երեւույթներ գլխուղեղի ցնցումից հետո: «Քիթ-կոկորդի
բժիշկը հիվանդին բուժում է նշանակել, սակայն ժխտել քիթ-կոկորդ-ականջի որեւէ հիվանդության
առկայություն»,- «Առավոտին» տեղեկացնում է Գեւորգի հայրը՝ Արմեն Աբրահամյանը: Նախաքննությունն
իրականացնող մարմինը չի հարցաքննել դեպքի ականատեսներին՝ բուժքրոջը, որը բավական
երկար ժամանակում հազիվ է գիտակցության բերել երեխային, վարորդին, որը երեխային հասցրել
է հիվանդանոց, հաշվի չի առել նաեւ ջարդարարներից մեկի ինքնախոստովանությունը, թե
«իր միջնորդությամբ է կանխվել ծեծը, այլապես Գեւորգին ծեծելով կսպանեին»: Երեխայի
ծնողները դիմել են մայրաքաղաքի 2-րդ շտապօգնության հիվանդանոց եւ բժիշկները առանց
հետազոտման արձանագրել են, թե ոչինչ չկա: Երեխան հետազոտվել է «Էրեբունի» հիվանդանոցում,
ուր հաստատվել է ուղեղի ցնցումը, երիկամների սուր նեֆրիտը: Մինչ օրս Աբրահամյանի
ընտանիքը չի ճանաչվել տուժող, իրավաբանական օգնություն նա չի կարողացել ստանալ եւ
ոչ մեկից: Դիմել է գլխավոր դատախազությանը, սակայն գործը ուղարկել են նույն այն դատախազություն,
որը կոծկել է հանցագործությունը: Դատախազության պատասխանը հետեւյալն էր. «Ծեծի հետեւանքով
ձեր երեխայի բուժման ծախսերի վերաբերյալ քաղհայցով դուք կարող եք դիմել դատարան:
Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում դուք կարող եք բողոքարկել վերադաս դատախազին
կամ վերաքննիչ դատարան»: «Ի՞նչ է նշանակում, երբ տուժողը պետք է ամիսներով ֆիզիկապես
եւ նյութապես քայքայվի՝ բուժհիմնարկներից տուն չվերադառնալով, իսկ հանցագործները
եւ նրա հովանավորները ստորացնեն ինչպես իմ ընտանիքի, այնպես էլ պետության պատիվն
ու արժանապատվությունը»,- ՀՀ նախագահին երեկ ուղղված նամակում գրում է Ա. Աբրահամյանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ