Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդեմ տոնահանդեսների

Ապրիլ 17,2006 00:00

Այս
տարի տասներորդցիները վերջին զանգը կտոնեն հունիսի 10-ին Երեկ կրթության եւ
գիտության նախարար Սերգո Երիցյանը ՀՀ մարզերի կրթության վարչության պետերին հրավիրել
էր իր մոտ՝ ուսումնական տարվա ավարտի հետ կապված ցուցումներ տալու: Այս տարի էլ նախարարը
հորդորեց վերջին զանգի արարողություններ կազմակերպելիս սահմանափակվել «դպրոցի տանիքի
ներքո եւ այն չվերածել գերջանքեր եւ ֆինանսական միջոցներ պահանջող տոնահանդեսների»:
Նկատենք, որ նախորդ տարի էլ նախարարը նույն կոչով հանդես եկավ՝ ասելով, որ խուսափեն
ավելորդ ծախսերից ու միայն վերջին զանգի ավարտական ցերեկույթ կազմակերպեն՝ շեշտը
դնելով բովանդակության վրա: Սակայն նախարարի ասածը սխալ ընկալվեց եւ տասներորդցիներն
ինչպես միշտ մեծ գումարներ հավաքեցին ուսուցիչներին ու տնօրեններին նվերներ մատուցելու
եւ խնջույքներ կազմակերպելու համար՝ փոխարենը անտեսելով վերջին զանգի բուն արարողությունը:
Ս. Երիցյանը կրթության պատասխանատուներին հանձնարարեց ուշադրություն դարձնել տարեվերջյան
բացակայություններին եւ հետեւել, որպեսզի «դասերի վերջին օրերին աշակերտների շարքերը
չնոսրանան»: Այս տարի նախարարությունը վերջին զանգի օր սահմանել է հունիսի
10-ը: Ս. Երիցյանի խոսքերով, ուսումնական ողջ գործընթացը կավարտվի հունիսի առաջին
շաբաթվա ընթացքում, ինչին կհետեւեն ավարտական եւ փոխադրական քննությունները: Տասներորդցիներին
ավարտական ատեստատները կհանձնվեն հուլիսի մեկին: Ավարտական եւ ընդունելության քննությունների
հետ կապված բովանդակային փոփոխություններ չեն սպասվում: Նախարարը կրթության վարչության
պետերին նաեւ կոչ արեց մարզերի դիմորդներին իրազեկել, որ նրանք միջբուհական պայմանագրերով
Ռուսաստանի բուհերում սովորելու հնարավորություն եւս ունեն. «Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի,
Վոլգոգրադի բուհերում քննություններ հանձնելու համար նույն պայմաններն են, ինչ մեր
բուհերում»: Ասուլիսի պաշտոնական մասից հետո ԿԳ փոխնախարարն աշխատանքային
խորհրդակցություն սկսեց մարզպետարանների կրթության վարչության պետերի հետ: Վերջիններիս
հետ լրագրողներին այդպես էլ շփվելու հնարավորություն չտրվեց. մինչդեռ ամեն առիթով
պաշտոնյաները դժգոհում են, որ մարզային խնդիրները վրիպում են լրագրողների աչքից:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել