Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊՈՐՏՖԵԼԸ ԴԱՐՁԱՎ ԴՂՅԱԿԻ ԲԱՆԱԼԻ

Ապրիլ 17,2006 00:00

Պատմություն
այն մասին, թե ինչպես է պաշտոնյա դարձած նախկին հեղափոխականը անում այն, ինչի դեմ
պայքարում էր՝ լինելով ընդդիմության շարքերում: «Խորհրդարանական ընտրությունների
ժամանակ ամբողջ օրը նա մեզ հետ էր անցկացնում, համոզում էր՝ «տեսեք, թե ինչքան լավ
բաներ եմ անելու ձեր համար, ոչ մի խնդիր էլ չեք ունենալու»: Բայց հենց ինքն անձամբ
դարձավ մեր գլխավոր խնդիրը»,- «Առավոտի» հետ զրույցն այսպես սկսեցին Բաղրամյան պողոտայի
1-ին նրբանցքի 4-րդ շենքի բնակիչները: Խոսքը նախկինում ԱԺՄ (ընդ որում, այդ կուսակցության
ամենաընդդիմադիր եւ հեղափոխական շրջանում), իսկ այժմ՝ ՕԵ կուսակցության անդամ, աշխատանքի
եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի մասին է: Բնակիչները մեզ ահազանգել
էին մի քանի օր առաջ, երբ փոխնախարար հարեւանը մտել էր հարեւան Վրեժի այգին եւ հիմքից
կտրել նրա հասուն թթենին, ինչպես նաեւ՝ մյուս ծառի ճյուղերը: Վրեժը Բերիկյանի վերեւի
հարեւանն է, իսկ Խնկո-Ապեր փողոցի 9 հասցեում գտնվող նրանց եռահարկ տան դիմացի այգին
հստակ եւ սեփականության առանձին փաստաթղթերով սահմանազատված է երկու հարեւանների
միջեւ: Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը, վերջինս էլ տեղեկացրել է բնապահպանական
տեսչությանը: Տեսչությունը ծառ կտրելու համար տուգանքի ակտ է կազմել եւ հեռացել:
Դա՝ պետությանը հասցված վնասի համար, իսկ քաղաքացու կրած բարոյական ու նյութական
վնասի փոխհատուցում չի արվել: Բայց սա դեռ բոլորը չէ: Բերիկյանն անցյալ տարվա
օգոստոսից տան իր հատվածում սկսել է կառուցել երկհարկանի եւ բավականին առաջ գնացող
շինություն, որի լուսավորությունն ապահովելու «խաթեր» էլ ինքնակամ կտրել է հարեւանի
ծառը: Մեզ ասացին, որ մինչ այդ էլ նա իր տան ջրահեռացման խողովակի ուղղությունն է
փոխել՝ կրկին դեպի հարեւանի տարածք, եւ անձրեւաջրերն այժմ այգին «լվանալով» հոսում
են ցած՝ իննհարկանի շենքի կողքով, որտեղով տուն են գալիս բնակիչները: «Անձրեւոտ օրերին
մեկ էլ տեսնում ես՝ ցեխախառը գետ է հոսում ճանապարհով, ոչ բարձրանալ է լինում, ոչ
իջնել: Այն դեպքում, երբ կարելի էր այդ խողովակը միացնել կոյուղուն, ոչ թե կեղտաջրերը
կապել մեզ վրա»,- դժգոհեցին իննհարկանիի բնակիչները: Դեռ հայտնի չէ, թե մինչեւ
կառույցի ավարտը փոխնախարարի հարեւանն էլ ինչ փորձանքների միջով պետք է անցնի, սակայն
խնդիրը սրանով էլ չի ավարտվում. բանն այն է, որ Ֆ. Բերիկյանը որոշել է իր հողամասը
եզրափակող բարձրադիր պատը քանդել եւ կառուցել երկու ավտոտնակ՝ հենց իննհարկանի շենքի
բակում: Պատի ու շենքի մուտքի միջեւ ընդամենը 3 մետր տարածություն կա: Մեր բողոքարկուները
հավաստի աղբյուրներից տեղեկացել են, որ նախագծի ճարտարապետահատակագծային առաջադրանքն
արդեն ստորագրված-պատրաստ է, չնայած նրան, որ Երեւանի քաղաքապետարան հղած իրենց երկու
դիմումներին պատասխան է ուղարկվել հետեւյալ բովանդակությամբ. «Ֆիլարետ Բերիկյանի
ավտոտնակի մուտքը ձեր շենքի բակային տարածքից կազմակերպելու դեմ ձեր բողոքը քննվել
է Ճարտարապետության քաղաքաշինության վարչությունում եւ հայտնում ենք, որ նախագիծը
դեռեւս չի համաձայնեցվել եւ համաձայնության ընթացքում ձեր բողոքը հաշվի կառնվի»:
Վերջին պատասխանը բնակիչներն այս տարվա հունվար ամսին են ստացել, եւ այժմ կրկին դիմում
են պատրաստում: Նկատենք, որ ըստ քաղաքապետարանի պատասխանի բովանդակության՝ նույն
նախագծի մեջ է նաեւ փոխնախարարի տան վերակառուցված հատվածը: Ստացվում է, որ երկհարկանի
նոր շինությունն իր ավարտին է մոտենում առանց փաստաթղթային հիմքերի, հետեւաբար՝ ապօրինի
կառույց է: Այն, որ փոխնախարարը հիշյալ հատվածում է մտադիր բացել իր ավտոտնակների
դռները՝ երեւում է նաեւ տարածքով անցնող գազի խողովակներից՝ դրանք նշված հատվածներում
վերեւ են բարձրացվել եւ «կամար կապել», բնակիչների ասելով՝ անցյալ տարի եւ Բերիկյանի
նախաձեռնությամբ: Մեր հարցին, թե հարեւան Բերիկյանն ինչպե՞ս է արձագանքել
ավտոտնակ չկառուցելու բողոքին, «Ցեկայի» նախկին աշխատակիցները միաձայն նույն պատասխանը
տվեցին. «Մեզ ասաց՝ ձեր ժամանակներն անցել են, եկել է դղյակ կառուցելու եւ վայելելու
ժամանակը»: Այս անկեղծ խոստովանությանը հետեւել են սպառնալիքներ՝ նախկին խոստումների
փոխարեն: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել