Լրահոս
Օրվա լրահոսը

Նկուղ՝ $248 միլիոնով

Ապրիլ 17,2006 00:00

Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը քննարկեցին
«Գույք՝ գազի գնի դիմաց» գործարքը «Գազ ունեցող երկու պետության հզոր պայքար
է գնում, որտեղ Հայաստանը միայն պեչկայի դեր է կատարում: Հայաստանում Ռուսաստանի
տնտեսական հզորությունն անընդհատ մեծանում է: Կգա 2008 թիվը, եւ Ռուսաստանը կարող
է ասել՝ եթե իմ ուզած մարդը իշխանության գլխին չլինի՝ ես գազի գինը կդարձնեմ 250
դոլար, եթե իմ ուզած մարդը լինի՝ կմնա 110-ի վրա: Այսինքն՝ նորագույն լծակ է հայտնվում
Հայաստանի քաղաքական դաշտի վրա իշխելու»,- երեկ «Գույք՝ գազի գնի դիմաց» գործարքն
այսպես մեկնաբանեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ «Հայելի» ակումբում ՀՔԴՄ նախագահ
Խոսրով Հարությունյանի հետ բանավեճի ժամանակ: Ըստ Վ. Մանուկյանի, հարցին 2007-2008
թթ. ընտրությունների տեսանկյունից նայելիս հասկանում ես, որ «պատահական չի, որ Սերժ
Սարգսյանն այդքան ուրախացած է, ինքը մի առիթով ասել էր՝ բոլոր լավ գործերի մեջ իր
մատը խառն է, ես մի ուրիշ բան կասեմ՝ բոլոր այն դեպքերում, երբ Սերժ Սարգսյանի համար
լավ է, դա մեծ մասամբ Հայաստանի համար վատ է»: Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան գազամուղի
40 կմ հատվածը վաճառելուն՝ ԱԺՄ նախագահի տվյալներով՝ «ասում են, որ դա վաճառված չի.
իրավաբանական տեսակետից ճիշտ են ասում, բայց մենք հո մեր իշխանություններին լավ ենք
ճանաչում, ես պնդում եմ, որ դա արդեն վաճառված է, թե ոնց կձեւակերպվի հետո՝ ուրիշ
հարց է»: Խոսրով Հարությունյանի մեկնաբանությամբ՝ «եթե էներգետիկ անվտանգություն
ասելով մենք հասկանում ենք էներգահամակարգի բնականոն կենսագործունեության երաշխիքները,
ապա այնքան էական չէ, թե ով է արտադրում էլեկտրաէներգիա՝ Ռուսաստա՞նը, թե՞ Պարսկաստանը:
Որպես կոմերցիոն գործարք, 5-րդ բլոկի վաճառքը հաջողված է»: Այս տեսակետը չկիսեց Վ.
Մանուկյանը: Նրա կարծիքով՝ շատ ավելի լավ գործարք էր Իրանի առաջարկած վարկ վերցնելը:
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը ՋԷԿ-ի գործարքի հետ կապված կարծիք
հայտնելիս լրագրողներին հավատացրեց՝ «դե, 250 միլիոնը փող է»: Իսկ ԱԺՄ նախագահի մեկնաբանությամբ՝
«այդ 250-300 միլիոնի մասին որ խոսում ենք՝ ամերիկյան միջին ֆիրմաների մանր փող է,
դրանով չի, որ պետությունը պետք է զարգանա, մանավանդ որ՝ այդ փողը Աստված գիտի, թե
ում գրպանն է մտնելու»: Հարցին, թե չե՞ք կարծում, որ 248 միլիոնով միայն նկուղի նմանվող
ՋԷԿ-ը չենք տվել, դրա տակ այլ բաներ էլ կան վաճառված, Խ. Հարությունյանը պատասխանեց՝
«այդ փաստաթուղթը վերջը գալու է ԱԺ, էնպես չի, որ գաղտնի գողանան տանեն՝ ոչ ոք չիմանա,
պետք է ԱԺ-ն վավերացնի»: Այդ առիթով Վազգեն Մանուկյանը նկատեց. «Նայեք՝ քվեարկությունների
ժամանակ ինչ է լինում՝ Դաշնակցությունն անընդհատ ամպագոռգոռ ազգային չեմ իմանում
ինչից է խորանում, բայց ցանկացած սեփականաշնորհմանը կողմ է քվեարկում, Սոցիալիստական
կուսակցությունն էլ բաշխիչ ցանցերից սկսած միշտ կողմ է քվեարկել, Հանրապետական կուսակցությունն
ազնվորեն ասում է՝ հա, տենց ենք ուզում՝ տենց ենք անում, լավ էլ անում ենք, «Օրինաց
երկիրն» էլ հանրաքվեի կեղծիքներին մասնակցում է, բայց ասում է՝ կեղծիքներ եղավ: Էլ
դրանից հետո ի՞նչ սպասես»: Թե ինչ կարելի էր անել՝ «Գույք՝ գազի գնի դիմաց» գործարքից
խուսափելու համար, Վազգեն Մանուկյանի տրամաբանությամբ՝ «երբ Ռուսաստանը որոշեց գազը
դարձնել 110 դոլար, մենք պիտի առիթից օգտվեինք, ասեինք՝ դե որ այդպես է, իրանական
գազամուղի տրամագիծը մեծացնում եմ ու Իրանից 5-րդ բլոկի համար վարկը վերցնում եմ՝
դե, գնացեք, ի՞նչ եք անելու»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել