Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլ 15,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք երկրորդ

Գլուխ քսանութերորդ

ԿՈՄԵԴԻԱՅԻ ԹԱՏՐՈՆ

– Դե լավ,- համաձայնվեց Էֆենդին.- էս կլիենտներիս կոֆե տամ՝ գամ:

– Սպասում ենք, Էֆենդի՛,- ասաց Լիզան:

– Ես էլ քե՛զ ահագին սպասեցի,- ասացի Լիզային, երբ Էֆենդին արդեն իր դախլի հետեւում էր:

– Սկզբում ե՛ս էի քեզ սպասում,- ասաց Լիզան.- սպասելուց հոգնեցի՝ մտա թատրոն:

– Ի՞նչ թատրոն:

– Էս կողքի շենքը կոմեդիայի թատրոնն է. չգիտե՞ս:

– Գիտեմ,- ասացի ես.- բայց էս ժամին ի՞նչ թատրոն:

– Էստեղ որ մենակ նստած էի՝ բոլորն ինձ էին նայում. երեւի մտածում էին՝ էս աղջիկն ինչո՞ւ է մենակ: Մեկը նույնիսկ մոտեցավ՝ խոսացրեց:

– Ո՞վ,- սրճարանում նստածներին նայելով՝ գոռացի ես:

– Իզո՛ւր ես գոռում,- ասաց Լիզան.- էդ տղան արդեն գնացել է:

– Ո՞ւր ա գնացել:

– Չգիտեմ: Եթե իմանայի քեզ էդքան հետաքրքրում է՝ կհարցնեի:

– Ասում ես՝ ուզում էր քեզ խոսացնե՞ր:

– Ոչ թե ուզում էր խոսացներ, այլ՝ խոսացրեց:

– Ո՞նց խոսացրեց:

– Շատ հասարակ: Քեզ նման երկար-բարակ չձգձգեց. միանգամից ասաց, որ ուզում է հետս ծանոթանալ:

– Բա դո՞ւ ինչ ասեցիր:

– Մինչեւ մտածում էի՝ ինչ ասեմ, Էֆենդին էդ տղային կանչեց դախլի մոտ, ականջին ինչ-որ բան ասաց:

– Ի՞նչ ասեց:

– Չգիտեմ. երեւի էդ տղային բացատրեց, որ մենակ չեմ:

– Հետո՞:

– Հետո էդ տղան գնաց, ես էլ գնացի թատրոն:

– Ի՞նչ թատրոն:

– Էս կոմեդիայի թատրոնը:

– Թատրոնում ի՞նչ էիր կորցրել:

– Ոչ մի բան էլ չէի կորցրել, բայց էստեղ մնալս արդեն անհարմար էր, որովհետեւ բոլորն ինձ էին նայում:

– Խի՞ էին նայում:

– Երեւի մտածում էին՝ էս աղջիկն էս սրճարանում ի՞նչ է կորցրել: Տեսա, որ մի տեսակ են նայում, վեր կացա ու գնացի թատրոն: Հա՛, Էֆենդուն էլ զգուշացրի, որ քեզ զգուշացնի, որ գալու եմ:

– Բա թատրոնում ի՞նչ էիր անում:

– Բամբասում էի:

– Ի՞նչ:

– Ասում եմ՝ բամբասում էի:

– Ումի՞ց էիր բամբասում: Ավելի ճիշտ՝ ո՞ւմ հետ էիր բամբասում:

– Էս թատրոնի հսկիչը մեր գյուղից է. մեծ քրոջս հետ նույն դասարանում են սովորել: Անունն էլ Վարդուշ է: Մի ժամ իր հարսից էինք բամբասում:

– Լուրջ ե՞ս ասում:

– Ո՛չ միայն լուրջ, այլեւ՝ անկեղծ: Ուզո՞ւմ ես՝ ավելի՛ անկեղծ ասեմ:

– Ասա՛:

– Քո գնալուց հետո զուգարանի պահանջ զգացի. մտածեցի՝ Վարդուշը թատրոնում կլինի, կմտնեմ թատրոնի զուգարան:

– Էս կաֆեում զուգարան չկա՞:

– Մենակ էդ էր պակաս, որ էսքան տղամարդկանց աչքի առաջ մի հատ էլ զուգարան մտնեի: Համ էլ՝ սրանց զուգարանը եսիմ ինչ փնթի զուգարան է:

– Թատրոնինը լավն ա՞:

– Չտեսնված: Թատրոնի զուգարանից որ դուրս եկա, Վարդուշի հետ խոսքով ընկանք, ու որ հարսից շատ էր բողոքում, մտածեցի՝ անհարմար է կարճ կապեմ:

– Բա մտքովդ չանցա՞վ, որ քեզ սպասում եմ:

– Ճիշտն ասած, մի մոմենտ որ Վարդուշն իրենց մյուս հսկիչի հետ զրուցում էր, էդ պահին ինձ մի հատ գցեցի սրճարան, բայց որ տեսա դեռ չես հայտնվել, էլի վերադարձա Վարդուշի մոտ: Իր էդ լաչառ հարսը, փաստորեն, խեղճ կնոջ կյանքը լրիվ դժոխք է դարձրել:

– Ինքն է՞ր ասում:

– Հա: Խեղճ կինը մղկտում էր. սիրտը կտոր-կտոր էր լինում:

– Որ հարսին լսես՝ երեւի ճիշտ հակառակն ասի:

– Շատ հնարավոր է,- ասաց Լիզան, հետո նայեց դախլի կողմն ու գոռաց.- Էֆենդի՜, քե՛զ ենք սպասում:

– Էս նմուտիս, էս սհաթիս,- մեզ նայելով ու մեզ ժպտալով՝ ասաց Էֆենդին:

Քիչ անց Էֆենդին մոտեցավ, նստեց մեզ մոտ, հետո ձայն տվեց իր հավաքարարուհի Ալվարդին, ականջին ինչ-որ բան ասաց, ու քիչ անց Ալվարդն ափսեներ, պատառաքաղներ ու բաժակներ բերեց ու նաեւ՝ երեք շիշ թարխունի լիմոնադ:

– Ոգելի՛ց էլ բերել կտայի, բայց մեր մոտ արգելված ա,- արդարացավ Էֆենդին:

– Լիմոնադը մեզ լրիվ հերիք է,- ասաց Լիզան.- Արմենակը որ խմում է՝ կռիվ է անում:

– Հաստա՞տ,- զարմացավ Էֆենդին:

Ես արդեն քյաբաբի փաթեթն էի բաց անում եւ ոչինչ չասացի, որովհետեւ ներքուստ ինձ շատ լավ էի զգում, որ Լիզան, հետս ընդամենը մի քանի ժամվա ծանոթ լինելով, արդեն կատակներ է անում:

Քյաբաբներն արդեն լավ ներծծվել էին լավաշների մեջ, եւ ամեն մեկիս մեկական շատ մեծ քյաբաբ էր հասնում, ու չնայած երեքս էլ լավ քաղցած էինք, շատ շուտ կշտացանք:

– Ասում եմ, չէ՞. իրանք շատ հաջող քյաբաբ են սարքում,- Ալվարդի բերած անձեռոցիկով ձեռքերն ու բերանը սրբելով՝ ասաց Էֆենդին:

– Մերսի, Արմե՛ն ջան, քեզ արդարացրիր,- ասաց Լիզան:

– Մերսի, Արմենակ ջան,- տեղից վեր կենալով՝ ասաց Էֆենդին.- ես անցնեմ գործիս՝ քանի կլիենտներս ղալմաղալ չեն դրել:

– Վաղուց էսպիսի ախորժակով չէի կերել,- ասաց Լիզան:

– Ես է՛լ,- ասացի ես:

– Էդ դիետա կոչվածը լրիվ էշություն է,- ասաց Լիզան:

– Ժամը քանի՞սն ա,- Լիզայի թեւի ժամացույցին նայելով՝ հարցրի ես:

– Ժամացույց չունե՞ս:

– Ունեմ. ուղղակի մոռացել եմ կապեմ:

– Թե՞ հատուկ չես կապում, որ աղջիկներից ժամ հարցնես:

– Էդ է՛լ կա: Ժամը քանի՞սն ա:

– Արդեն հինգն անց է,- ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան:- Արդեն երեք ժամվա ծանոթներ ենք:

– Ժամ ե՞ս պահել:

– Չէ: Սպորտխանութից որ դուրս եկանք՝ երկուսից տասնհինգ էր պակաս: Մտածում էի՝ քրոջս տուն գնա՞մ, թե՝ չէ:

– Լավ արիր, որ քրոջդ տուն չգնացիր:

– Հա: Շիրազի գրքի մասին որ խոսակցություն չբացեիր՝ հիմա քրոջս տանն էի:

– Քույրդ դժվար թե քեզ ըսենց քյաբաբ տար:

– Հաստա՛տ չէր տա. ի՛նքն է ինձ խորհուրդ տվել, որ դիետա պահեմ:

– Առանձնապես լավ խորհուրդ չի տվել:

– Ես է՛լ եմ էդ կարծիքին: Ժա՞մն ինչու ես հարցնում:

– Ժամադրված եմ:

– Եթե ուշանում ես՝ կարող ես գնալ,- ասաց Լիզան:- Տես՝ իմ պատճառով չուշանաս:

– Ժամը յոթին եմ ժամադրված:

– Մինչեւ յոթն ահագին ժամանակ կա,- նորից ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան:

– Մի հատ էլ սուրճ չխմե՞նք,- հարցրի ես:

– Հա,- ասաց Լիզան:- Կուշտ փորով մի հատ մարդավարի սուրճ խմենք:

– Էրկու հատ կոֆե, Էֆենդի՛,- գոռացի ես:

– Դրել եմ, բատոնո՛ Արմենակ,- ասաց Էֆենդին.- առանց քո ասելու էլ դրել էի:

– Լավ մարդ ա էս Էֆենդին,- ասացի Լիզային:

– Հա,- ասաց Լիզան.- ընդամենը երրորդ անգամ եմ իրեն տեսնում, բայց կարծես հարազատ մարդ լինի:

– Էդ կոֆեների հաշի՞վը խի ես փակել,- հանկարծ հիշեցի ես:

– Ի՞նչ կոֆեների հաշիվ,- զարմացավ Լիզան:

– Մեր խմած էն կոֆեների հաշիվը:

– Ո՞վ ասաց, որ փակել եմ:

– Էֆենդի՛ն: Ասեց, որ հաշիվը փակել ու գնացել ես:

– Կատակ է արել,- ծիծաղեց Լիզան.- հոգուդ հետ է խաղացել:

– Շատ հանաքչի մարդ ա:

– Շատ էի՞ր հուզվել:

– Ինչի՞ համար:

– Որ Էֆենդին ասաց՝ Լիզան գնացել է, շատ հուզվեցի՞ր:

– Խի՞ պիտի հուզվեի:

– Ո՞նց թե՝ խի պիտի հուզվեիր: Չմտածեցի՞ր, որ ինձ այլեւս չես տեսնելու:

– Որ շատ պետք ըլներ՝ մի քանի րոպեում քեզ կգտնեի:

– Որտե՞ղ:

– Համալսարանում:

– Ուրեմն, քսանհինգ օր պիտի սպասեիր՝ մինչեւ դասերը սկսվեին:

– Կսպասեի:

– Սպասելն էդքան հաճելի բան է՞:

– Նայած թե՝ ում ես սպասում: Քեզ սպասելը շատ հաճելի ա:

– Բա խի՞ էիր հուզվել:

– Ո՞վ ասեց, որ հուզվել էի:

– Էֆենդին ասաց՝ քիչ էր մնում շտապօգնություն կանչեինք:

– Էֆենդին հանաք էր անում:

– Բա չէիր մտածո՞ւմ, որ կարող է հեչ էլ բանասիրականում չեմ սովորում: Հնարավոր չի՞, որ քեզ խաբած լինեի:

– Խի՞ պիտի խաբեիր:

– Հենց էնպես. հավեսի համար:

– Լսի՛,- ասացի ես.- շատ ե՞ս ուզում, որ հուզված ըլնեմ:

– Շա՜տ,- ժպտաց Լիզան:

– Կայֆ ա՞ տալի:

– Էն էլ ո՜նց:

– Որ քեզ էդքան պետք ա՝ կարաս հաշվես, որ հուզվել եմ:

– Հաշվե՞մ, թե՞ իսկապես ես հուզվել:

– Հաշվի, որ իսկապես եմ հուզվել:

– Պատասխաններից լավ էլ ճողոպրել գիտես:

– Ճողոպրե՜լ. լավ էլ բարդ բառեր գիտես:

– Բանասիրականում մեր բանուգործն էդ է:

– Հիմի բանասիրական ե՞ս սովորում, թե՞ խաբում ես:

– Խի՞ պիտի խաբեմ:

– Հավեսի համար. կարող ա՝ կայֆ ա տալի:

– Ի՞նչը:

– Խաբելը: Կարող ա խաբելուց հաճույք ես ստանում:

– Խաբելուց հաճույք ե՞ն ստանում:

– Եսի՞մ: Ամեն տեսակ մարդ էլ կա:

– Այդուհանդերձ, բանասիրականում եմ սովորում:

– Համարյա գրաբար ես խոսում:

– Գրաբարից է՛լ եմ «հինգ» ստացել:

– Այդուհանդերձ, զարմանալի ա:

– Ի՞նչն ա զարմանալի:

– Զարմանալի ա, որ մեկ գրաբարով ես խոսում, մեկ՝ գողականով:

– Ամեն մեկի հետ իրա լեզվով եմ խոսում:

– Այսինքն, լեզուների գծով ուժեղ ես:

– Թույլ չեմ: Դրան էլ գումարած, որ մեր բանասիրականում հա՛մ գրաբար ենք անցնում, հա՛մ ժամանակակից հայերեն, հա՛մ բարբառագիտություն, համ էլ նույնիսկ՝ ժարգոն:

– Էդքան շատ բան ե՞ք անցնում:

– Իհա՛րկե: Դուք չեք անցե՞լ:

– Երեւի անցել ենք. լավ չեմ հիշում:

– Էդքան հեշտ ե՞ս մոռանում:

– Նայած՝ ինչ ու նայած՝ ում:

– Ասում ես՝ ժամը յոթին ում հետ ես ժամադրվա՞ծ:

– Շատ ա՞ հուզում:

– Ամենեւին չեմ հուզվում,- կարմրեց Լիզան:

– Չեմ ասում՝ հուզվում ես. ասում եմ՝ քեզ շատ ա՞ հուզում, թե ում հետ եմ ժամադրված:

– Շատ ե՞ս ուզում, որ ինձ շատ հուզի:

– Շա~տ:

– Կայֆ ա՞ տալի:

– Էն էլ ո՜նց:

– Եթե քեզ այդքան պետք է, կարող ես համարել, որ ինձ շատ է հուզում, թե ում հետ ես ժամադրված:

– Շա՜տ հաճելի ա:

– Պարզ է, որ հաճելի կլինի, բայց հարցիս չպատասխանեցիր:

– Ի՞նչ հարց:

– Ժամը յոթին ո՞ւմ հետ ես ժամադրված:

– Դու ճանաչում ես:

– Ո՞ւմ եմ ճանաչում,- ապշահար ինձ նայեց Լիզան:

– Մեր ընդհանուր ծանոթներից ա:

– Մեր միակ ընդհանուր ծանոթը մեր կուրսի Կառան է,- մի քիչ մտածելուց հետո ասաց Լիզան,- բայց չեմ կարծում, որ իր հետ ժամադրված լինես:

– Ինչի՞ չես կարծում:

– Էդքան ճարպիկ չես: Ինքը, ճիշտ է, տղերքի գծով շատ ուժեղ հակվածություն ունի, բայց չեմ կարծում, որ էդ մի քանի վայրկյանների ընթացքում հաջողացնեիք ժամադրվել:

– Ինչի՞ չպիտի հաջողացնեինք:

– Ես ձեզ որ գոնե մի վայրկյան մենակ թողնեի, շատ հնարավոր է՝ ինքը հաջողացներ: Բայց ես ձեզ ոչ մի վայրկյան առանձին չեմ թողել:

– Այսինքն, ինքը մի վայրկյանում տղերքին ժամադրում ա՞:

– Ինքը կես վայրկյանում է՛լ քեզ կժամադրեր, միայն թե՝ ինձ վատություն արած լիներ:

– Ասում ես՝ հակվածությո՞ւն ունի:

– Երեւում է՝ դու է՛լ պակաս հակվածություն չունես:

– Ի՞նչ իմաստով:

– Կմախքների՛ իմաստով:

– Վատ ա:

– Ի՞նչն ա վատ:

– Շատ վատ ա:

– Ի՞նչն ա շատ վատ:

– Շատ վատ ա, որ իրան քեզ կոնկուրենտ ես համարում:

– Ո՞ւմ եմ կոնկուրենտ համարում:

– Կառային:

– Լավ էլ հաճույքով անունը տալիս ես:

– Իրա մրցակցությունից որ էդքան վախենում ես, ուրեմն՝ հե՛չ ինքնավստահություն չունես:

– Իրա մրցակցությունի՛ց չեմ վախենում, խելո՛ք. իրա աներեսությունից ու իրա անամոթությունից եմ վախենում:

– Էդ նրանից ա, որ հե՛չ ինքնավստահություն չունես:

– Ոչ թե ինքնավստահություն չունեմ, այլ՝ իր հանդեպ վստահություն չունեմ:

– Իմ հանդեպ է՛լ վստահություն չունե՞ս:

– Քեզ նոր-նոր եմ ճանաչում, ավելի ճիշտ՝ քեզ ընդհա՛նրապես չեմ ճանաչում: Ընդամենը երեք ժամ է՝ ինչ իրար տեսել ենք: Նույնիսկ չգիտեմ էլ, թե ժամը յոթին ում հետ ես ժամադրված:

– Շատ ա՞ հետաքրքրում:

– Դո՛ւ արհեստականորեն մեջս հետաքրքրություն առաջացրիր:

– Ո՞նց արհեստականորեն:

– Որ ասացիր՝ մեր ընդհանուր ծանոթներից մեկի հետ ես ժամադրված, մեջս հետաքրքրություն առաջացավ:

– Մի հարցում սխալվում ես:

– Ո՞ր հարցում:

– Ոչ թե մեր ընդհանուր ծանոթներից մեկի՛ հետ եմ ժամադրված, այլ՝ մի քանիսի:

– Ո՞նց թե՝ մի քանիսի: Այսինքն, մենք էդ կմախքից բացի՝ ուրիշ ընդհանուր ծանոթներ էլ ունե՞նք:

– Իհա՛րկե ունենք:

– Վստա՞հ ես:

– Հարուր տոկոսով:

– Այսինքն, դու ինձ ճանաչո՞ւմ էիր,- կարմրեց Լիզան:

– Բա ի՞նչ էիր կարծում. կարծում էիր՝ փողոցներում աղջիկ խոսացնո՞ղ եմ:

– Պարզ է:

– Ի՞նչն ա պարզ:

– Հաստատ մեր բանասիրական ես եկել-գնացել ու ինձ էնտե՛ղ ես տեսել:

– Ձեր բանասիրական վերջին անգամ յոթանասունմեկ թվին եմ էկել: Դու էն վախտերը երեւի դպրոցական էիր:

– Ոչ թե՝ երեւի, այլ՝ հաստատ: Յոթանասունմեկին վեցերորդ դասարանում էի սովորում:

– Էդ թվերին գալիս էինք համալսարան՝ Լեւոն Ներսիսյանի դասախոսությունները լսելու:

– Լեւոն Ներսիսյանին ուղղակի պաշտում եմ:

– Քեզ դաս ա՞ տվել:

– Էս տարի է՛լ է դասավանդելու: Իրեն շատ եմ սիրում:

– Հատուկ ես ասում, որ ես էլ քե՞զ խանդեմ:

– Մեր կուրսի բոլոր աղջիկներն էլ գժի պես սիրահարված են իրեն:

– Որ ասում էի՝ ընդհանուր ծանոթներ ունենք, չէիր հավատում:

– Ովքե՞ր են մեր էդ ընդհանուր ծանոթները:

– Մեկը՝ Լեւոն Ներսիսյանը:

– Բայց Լեւոն Ներսիսյանն ի՞նչ կապ ունի ժամը յոթի քո ժամադրության հետ:

– Ինքն է՛լ ա ռեստորան հրավիրված:

– Ի՞նչ ռեստորան:

– «Արարատ»:

– Էն գրախանութի մոտի՞:

– Հա: Լեւոն Ներսիսյանն է՛լ ա գալու:

– Ինչ-որ առիթ կա՞:

– Հա. մեր ընդհանուր ծանոթներից մեկի թոռը Պոլիտեխնիկ ա ընդունվել: Մաղարիչի հարց ա:

– Մենակ չասես, թե էդ Պոլիտեխնիկ ընդունվողին է՛լ եմ ճանաչում:

– Ընդունվողին՝ չէ, բայց պապին հաստատ ճանաչում ես:

– Ո՞ւմ պապին եմ ճանաչում:

– Էդ ընդունվողի: Թոռն ընդունվել ա, պապն էլ մաղարիչ ա անում: Ավելի ճիշտ՝ թոռն ընդունվել ա, բայց մաղարիչը ո՛չ թե պապն ա անում, այլ՝ պապի ընկերը:

– Հիմա հասկացա. թոռն ընդունվել է, իսկ պապի ընկերը ձեզ հրավիրել է ռեստորան:

– Ավելի ճիշտ՝ թոռը ո՛չ թե ընդունվել ա, այլ՝ նոր պիտի ընդունվի:

– Չեմ հասկանում: Դեռ չընդունված՝ մաղարիչ ե՞ն անում:

– Էրեկվա դրությամբ ընդունված չէր, բայց էսօր արդեն ընդունված կըլնի:

– Ի՞նչ գիտես:

– Հարուր տոկոսով խոսացած գործ ա:

– Ո՞վ է խոսել:

– Պապի ընկերը. էդ նույն ընկերը, որը որ մաղարիչը պիտի անի:

– Հուսով եմ, որ էդ մաղարիչն անողին չեմ ճանաչում:

– Մաղարիչ անողին ավելի լավ ես ճանաչում, քան՝ պապին:

– Ի՞նչ պապ: Արդեն ամեն ինչ խառնեցի: Մի րոպե՛,- լրջացավ Լիզան, հետո մի քիչ մտածեց՝ ասաց.- Ինչքան մտածում եմ՝ ծանոթներիցս ոչ մեկն էս տարի Պոլիտեխնիկ ընդունվող չունի, էն էլ՝ թոռ: Իմ ծանոթներն էդքան մեծահասակ չեն, որ թոռ ունենան:

– Հաստատ չես կարա ասես:

– Դու որ հաստատ ես ասում, դե ասա՝ ովքե՞ր են մեր էդ ընդհանուր ծանոթները: Լեւոն Ներսիսյանը հասկացանք. մյուս երկո՞ւսն ովքեր են:

– Մյուս էրկուսին է՛լ ես ճանաչում:

– Իրենք էլ ի՞նձ են ճանաչում:

– Չեմ ասի,- ասացի ես.- ուզում եմ սյուրպրիզ ըլնի: Հիմի ժամը քանի՞սն ա:

– Արդեն վեցն է դառնում,- ասաց Լիզան:

– Մի ժամից կիմանաս,- ասացի ես.- հենց ռեստորան մտնենք՝ կհամոզվես, որ էն մյուս էրկուսին է՛լ ես լավ ճանաչում:

– Չհասկացա,- զարմացավ Լիզան.- ես էլ ե՞մ հետդ ռեստորան գալու:

– Իսկ ինչո՞ւ ոչ: Մանավանդ որ՝ Լեւոն Ներսիսյանին հաստատ ճանաչում ես:

– Նույնիսկ կարող եմ ասել, որ ինքն ինձ շատ լավ է վերաբերվում: Վախենամ՝ ռեստորանում խանդի տեսարան սարքես:

– Հույս ունեմ՝ առիթ չես տա:

– Կատակ եմ անում,- ասաց Լիզան:

– Հասկացա,- ասացի ես:

– Ուրախ եմ, որ հասկանում ես, բայց ե՛ս չեմ հասկանում:

– Ի՞նչը չես հասկանում:

– Իրենք քե՛զ են հրավիրել. ես որ հետդ գամ, երեւի ինձ անկոչ հյուրի պես վերաբերվեն:

– Բա նոր ասում էիր՝ Լեւոն Ներսիսյանը քեզ լավ ա վերաբերվում:

– Մյուս երկուսին նկատի ունեմ:

– Դու քեզ շատ ես թերագնահատում:

– Ի՞նչ իմաստով:

– Ամենաուղղակի՛ իմաստով:

– Այսինքն:

– Դու, փաստորեն, զարդարելու ես մեր սեղանը:

– Ո՞նց եմ զարդարելու,- կարմրեց Լիզան:

– Քո գեղեցկությամբ,- ասացի ես:

– Պարզվում է՝ կոմպլիմենտ անել է՛լ գիտես:

– Նոր ա՞ պարզվում:

– Արդեն ուղիղ չորս ժամ է,- ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան:

– Չորս ժամ ա, բայց ոնց որ չորս տարի անցած ըլնի:

– Քիչ առաջ հազար էիր ասում: Շուտ ես խոսքդ փոխում:

– Հազարն ու չորսն էս դեպքում համարյա նույնն են:

– Հեչ պարզ չի, թե էս ինչ դեպք է: Երեւի մաթեմատիկայից թույլ ես եղել, դրա համար էլ բանասիրական ես գնացել:

– Ճիշտ գլխի ընկար:

– Զատո՝ անատոմիայի՛ց ես ուժեղ եղել:

– Կոֆեդ խմել ե՞ս:

– Ես սուրճը դանդաղ եմ խմում:

– Ես է՛լ եմ դանդաղ խմում:

– Դա նրանից է, որ շտապելու տեղ չունենք:

– Ընդհա՛նրապես եմ դանդաղ խմում:

– Ուրեմն՝ ընդհա՛նրապես շտապելու տեղ չունես:

– Ճիշտ ես ասում:

– Ես մի՛շտ եմ ճիշտ ասում: Ուզո՞ւմ ես՝ բաժակդ նայեմ:

– Բաժակ նայում ե՞ս:

– Պատահում է:

– Որ նայում ես՝ ճիշտ բաներ ե՞ս ասում:

– Սուտ բաներ եմ ասում, բայց վերջում պարզվում է՝ ճիշտ եմ ասել:

– Դե նայի՛,- սուրճս շտապ խմելով ու բաժակս իրեն մեկնելով՝ ասացի ես:

– Շո՛ւռ տուր. բաժակդ շրջիր ափսեիդ մեջ՝ թող մի քիչ չորանա:

– Հա,- ասացի ես ու բաժակս շրջեցի:

– Հակառակ կողմո՛վ շրջիր,- ասաց Լիզան՝ ձեռքս բռնելով ու բաժակս հակառակ կողմով շրջելով:

– Բաժակս կնայես ու կգնանք,- ասացի ես՝ ձեռքն ամուր սեղմելով:

– Շատ նստեցինք,- ասաց Լիզան՝ փորձելով ձեռքը փախցնել:

– Ոնց որ հազար տարի անցած ըլնի:

– Չորս,- ասաց Լիզան:

– Երեւի դու է՛լ ես մաթեմատիկայից թույլ էղել,- ասացի ես:

– Ճիշտ գլխի ընկար:

– Ահագին ընդհանուր գծեր ունենք:

– Ձեռքս թո՛ղ,- գոռաց Լիզան՝ ձեռքն իրեն քաշելով:

– Ինչո՞ւ այդքան կոպիտ:

– Չես ուզո՞ւմ բաժակդ նայեմ:

– Ուզում եմ,- ասացի ես՝ բաժակիս մեջ նայելով:- Ոնց որ արդեն չորացել ա:

– Պահո՜,- բաժակիս մեջ նայելով՝ զարմացավ Լիզան.- ա՜յ քեզ բաժա՜կ: Հազար ու մի բաժակ եմ նայել, բայց էս տեսակ բաժակ կյանքումս առաջին անգամ եմ տեսնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել