Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐԳԱՎԱՃ

Ապրիլ 14,2006 00:00

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ (ՆԱԽԱԳԻԾ) ԵՐԵՎԱՆ 2006 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է ժողովրդին ծառայելու, նրա համար արժանավայել կյանք ապահովելու եւ մեր հայրենիքի բարգավաճմանն իր նպաստը բերելու նպատակով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին միավորում են ազատության, արդարության, համերաշխության եւ հայրենասիրության գաղափարները: Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրները հնարավոր է լուծել միայն ժողովրդի վստահությունը վայելող, բարձր արժեքներ, ազնիվ նպատակներ ու վեհ գաղափարներ դավանող անհատների եւ քաղաքական ուժերի համախմբման ու համագործակցության պարագայում: Երկրի քաղաքական համակարգում «Բարգավաճ Հայաստան»-ն իր առաքելությունը տեսնում է հենց այդ համատեքստում եւ հանդես է գալու քաղաքացիական համախմբվածության ու համերաշխության դիրքերից: «Բարգավաճ Հայաստան»-ը քաղաքացիական համաձայնության կուսակցություն է: Առաջնորդվելով այն հանրահայտ ճշմարտությամբ, որ մարդը բարձրագույն արժեք է, կուսակցությունն իր գործունեությունը նպատակաուղղելու է «Մարդու կողքին, մարդու միջոցով եւ մարդու համար» կարգախոսի իրականացմանը: Մենք նպաստելու ենք երկրում ժողովրդավարական կարգերի ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է, որի գործունեությունը խարսխվում է քաղաքական պրագմատիզմի եւ ողջամտության վրա: Մերժելով ծայրահեղականությունը, քաղաքական արկածախնդրությունն ու դոգմատիզմը, մենք ձգտելու ենք առարկայական եւ հիմնավոր կերպով լուծել հասարակության առջեւ ծառացած հիմնախնդիրները: Համոզված ենք, որ հասարակության զարգացման կարեւորագույն երաշխիքը բարոյական եւ հոգեւոր արժեքային համակարգի առկայությունն է: Ժողովրդավարությանը եւ ազատականությանը դավանելու, հանրության արժեքային նոր համակարգի ձեւավորմանը նպաստելու ձգտումով հանդերձ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջադիմական-պահպանողական գաղափարախոսության հետեւորդ է՝ այդ արժեքային համակարգում կարեւորելով ընտանիքը, եկեղեցին եւ պետականությունը: 1. ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնական նպատակներից մեկը Հայաստանում քաղաքացիական հասարակության, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության եւ ժողովրդավարական ինստիտուտների վրա հիմնված իրավական պետության կառուցման գործին իր ջանքերի եւ հնարավորությունների ներդրումն է: Քաղաքական կայունություն Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքների վրա խարսխված քաղաքական կայունության ապահովման նպատակով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության հիմնական ուղղություններն են՝ 1. սահմանադրական փոփոխությունների համատեքստում համապատասխան օրենքների եւ այլ իրավական ակտերի ընդունմամբ իշխանության թեւերի գործունեության հստակ կանոնակարգումը, 2. ժողովրդավարության զարգացման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ պետության առջեւ ծառացած հիմնախնդիրների լիարժեք լուծմամբ եւ Կուսակցության ծրագրի որոշակի դրույթների կենսագործմամբ պայմանավորված սահմանադրական հետագա բարեփոխումների իրականացումը, 3. քաղաքական ընդդիմության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների կատարումը, որի արդյունքում կսահմանվեն խորհրդարանական փոքրամասնության կարգավիճակը եւ նրա լիազորությունները, խորհրդարանական փոքրամասնությունը հնարավորություն կստանա զբաղեցնել Ազգային ժողովի որոշ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններ եւ այլն, 4. ազգային անվտանգության խորհրդի կարգավիճակի էական բարձրացումը եւ օրենքով դրա կազմավորման հստակ կարգի ամրագրումը, այդ թվում՝ նախատեսելով խորհրդի կազմում նաեւ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների ընդգրկումը: Քաղաքացիական համաձայնության վրա հիմնված հասարակական-քաղաքական կայուն հարաբերությունների ձեւավորման նպատակով, մասնավորապես, անհրաժեշտ ենք համարում՝ * անցնել Ազգային ժողովի ընտրությունների 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի, * ներդնել ընտրական հանձնաժողովներում արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցության եւ ընտրական գործընթացների նկատմամբ ազդեցության ու վերահսկողության առումով խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հաշվեկշռվածության ապահովման մեխանիզմներ, * երաշխավորել ընտրական հանձնաժողովներում նախագահների, տեղակալների եւ քարտուղարների քվոտավորված տեղեր ունենալու՝ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հնարավորությունը, * տեղական նշանակության հարցերի լուծման առումով երաշխավորել տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունը պետական իշխանության բոլոր մարմիններից, այդ թվում՝ սահմանելով միայն տեղական հանրաքվեի անցկացման հիման վրա համայնքի ղեկավարի պաշտոնանկության մեխանիզմ, * երաշխավորել զանգվածային լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների գործունեության իրական ազատությունը, * ապահովել քաղաքացիների խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունքի իրականացումը: Արդյունավետ պետական վարչարարություն Պետական վարչարարության բարեփոխման եւ կատարելագործման նպատակով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտ է համարում՝ 1. կրճատել կրկնվող, միանման գործառույթներ իրականացնող նախարարությունները, գերատեսչությունները եւ դրանց կազմում ընդգրկված առանձին ստորաբաժանումները, 2. ընդունել վարչական կանոնակարգ՝ սահմանելով ու հստակեցնելով որոշումներ ընդունելու կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ փաստաթղթաշրջանառության եւ վարչարարության կանոնների խախտման համար պատասխանատվությունը, 3. բարձրացնել պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկության մակարդակը՝ արմատավորելով հասարակական վերահսկողության միջազգային փորձը, 4. հնարավորինս կրճատել պետական պաշտոնյաների եւ ծառայողների թվաքանակը, բարձրացնել նրանց պատասխանատվությունը եւ կատարելագործել պետական ծառայողների վարձատրության համակարգը: Կոռուպցիայի կանխարգելում եւ նվազեցում Կոռուպցիայի հաղթահարման բնագավառում անհրաժեշտ ենք համարում՝ 1. բարձրացնել պետական վարչարարության արդ յունավետությունը, 2. վերացնել պաշտոնատար անձանց եւ պետական ծառայողների կողմից կամայական որոշումներ ընդունելու հնարավորությունները, հասնել նրան, որ այդ անձինք կատարեն միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքով, 3. իրականացնել օրենքների եւ իրավական ակտերի համալիր փորձաքննություն՝ դրանց «կաշառատարության» իմաստով, հանել այդպիսի դրույթները եւ վերացնել օրենսդրությունում առկա հակասությունները եւ երկիմաստությունները, 4. հնարավորինս սահմանափակել գերատեսչական իրավաստեղծ գործունեության շրջանակները, դադարեցնել այն իրավական ակտերի գործողությունը, որոնք հակասում են օրենքներին, 5. կոռուպցիայի փաստերի հայտնաբերման դեպքում համապատասխան պաշտոնատար անձանց անվերապահորեն ենթարկել քրեական կամ վարչական պատասխանատվության, 6. կատարելագործել եւ խստացնել եկամուտների եւ գույքի հայտարարագրման մեխանիզմը, 7. հնարավորինս կրճատել տարաբնույթ արտոնությունները, այդ թվում՝ նաեւ դրանք համարժեք փոխհատուցման ձեւերով փոխարինելու ճանապարհով, 8. հետեւողական եւ համալիր պայքար մղել կոռուպցիայի հետ սերտաճած այնպիսի երեւույթների դեմ, ինչպիսիք են՝ դրամանենգությունը, ստվերային գործունեությունը, թրաֆիկինգը, կաշառակերությունը եւ այլն, 9. դատական բարեփոխումների արդյունքում պարզեցնել պաշտոնատար անձանց եւ պետական ծառայողների գործողությունների դատական բողոքարկման ընթացակարգը, 10. մշակել եւ ընդունել հակակոռուպցիոն օրենսդրական հատուկ փաթեթ: Պայքար հանցավորության դեմ Այս բնագավառում, մեր համոզմամբ, պետական քաղաքականությունը պետք է հիմնված լինի օրենքի գերակայության, անկողմնակալության, արդարացի պատժի, պատասխանատվության անխուսափելիության, իրավապահ եւ դատական մարմինների գործունեության հրապարակայնության եւ թափանցիկության սկզբունքների վրա: Հանցավորության դեմ պայքարի ոլորտում «Բարգավաճ Հայաստան»-ն անհրաժեշտ է համարում՝ բարձրացնել իրավապահ մարմինների գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, ինչպես նաեւ նախաքննության անկախության ապահովման, օրինականության ամրապնդման եւ հանցավորության դեմ պայքարի ու նախաքննության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծել մեկ միասնական նախաքննական մարմին: Մենք գիտակցում ենք, որ հանցավորությունն ամբողջովին արմատախիլ անել հնարավոր չէ, բայց եւ հավատում ենք, որ հիմնավորված եւ լուրջ բարեփոխումների շնորհիվ կարճ ժամանակահատվածում կարելի է մեր երկրում կտրուկ իջեցնել հանցավորության աստիճանը: Անկախ դատական համակարգի ձեւավորում եւ դատախազության համակարգի բարեփոխումներ Առանց անկախ, ազդեցիկ եւ արդյունավետ դատական համակարգի գոյության հնարավոր չէ կառուցել իրավական պետություն, ձեւավորել ժողովրդավարական ամուր հասարակություն եւ լուծել սոցիալ-տնտեսական լուրջ հիմնախնդիրներ: Մեր համոզմամբ, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի գործունեությունը պետք է հիմնված լինի արդարադատության հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման, անհատի իրավունքների պաշտպանության եւ ողջամիտ ժամկետում գործի արդարացի ու հրապարակային դատական քննության սկզբունքների վրա, իսկ դատավորների կարգավիճակի հստակեցման եւ նրանց անկախության երաշխավորման նպատակով անհրաժեշտ է նաեւ մշակել դատավորի անձեռնմխելիության ու անփոփոխելիության, ինչպես նաեւ անբարեխիղճ դատավորներին պաշտոնից հեռացնելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու կարգեր՝ դրանք ամրագրելով դատական օրենսգրքով: Դատախազական համակարգի բարեփոխումների շրջանակում առաջնային լուծում պահանջող խնդիրներից ենք համարում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համատեքստում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանն օրենքների կատարման նկատմամբ բարձրագույն հսկողություն իրականացնելու իրավունքի վերապահումը, ինչպես նաեւ դատախազության մարմինների գործունեության օպերատիվության ապահովումը եւ քաղաքական գործընթացներին դատախազության մարմինների միջամտության բացառումը: 2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ «Բարգավաճ Հայաստան»-ը նախատեսում է իրականացնել քաղաքացիական հասարակության աջակցության եւ պաշտպանության քաղաքականություն: Կուսակցությունը համոզված է, որ ազգային եւ համամարդկային արժեքների վրա հիմնված՝ քաղաքացիների ինքնակազմակերպման ձեւերում է կուտակված հասարակության զարգացման հսկայական ներուժը: Պետությունը պետք է առավելագույնս օգտագործի այդ ներուժը՝ ապահովելով ստեղծագործական եւ մշակութային միությունների, հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաեւ սեփականատերերի, սպառողների, գործատուների, աշխատողների, ազգային, կրոնական եւ այլ միավորումների գործունեությունը: Տեղական ինքնակառավարման զարգացում Հաշվի առնելով, որ տեղական ինքնակառավարումը քաղաքացիական հասարակության հիմքն է, ինչպես նաեւ պաշտպանելով տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի սկզ- բունքները եւ որպես ռազմավարական նպատակ դիտարկելով Հայաստանում տնտեսապես ուժեղ տեղական ինքնակառավարման կայացումը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտ է համարում՝ 1. օրենսդրորեն ամրապնդել տեղական ինքնակառավարման սահմանադրական երաշխիքները, հստակեցնել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները եւ իրավասությունները, 2. կտրուկ բարձրացնել տեղական ընտրությունների նշանակությունը եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ապահովել ժողովրդավարական ներկայացուցչություն, համայնքներում աստիճանաբար անցում կատարել ավագանիների ընտրական խառը՝ մեծամասնական եւ համամասնական համակարգի, իսկ հետագայում՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի, 3. ընդունել «Երեւան քաղաքի մասին» եւ «Տարածքային կառավարման մասին» օրենքներ՝ հստակ տարանջատելով Երեւանի քաղաքապետարանի ու թաղային համայնքների իրավասությունները, 4. էականորեն ընդլայնել համայնքների բյուջետային եկամուտների աղբյուրները եւ համայնքների ներդաշնակ զարգացման նպատակով ներդնել ֆինանսական համահարթեցման սկզբունքորեն նոր մեխանիզմներ, 5. հիմնովին վերանայել գույքահարկի ու հողի հարկի հաշվարկման եւ գանձման մեխանիզմները՝ ապահովելով այդ հարկատեսակների գծով հարկային բեռի արդարացի բաշխում եւ համապատասխան մուտքերի զգալի ավելացում, 6. օրենքով ամրագրել բնակչության կողմից համայնքի ղեկավարին եւ համայնքի ավագանու անդամներին հետ կանչելու իրավունքը եւ դրա իրականացման մեխանիզմը, ապահովել համայնքային կարեւոր, այդ թվում՝ համայնքի ղեկավարի վստահության հարցերով տեղական հանրաքվեների անցկացման իրավունքի իրականացումը, 7. ուժեղացնել եւ կատարելագործել պետության եւ բնակչության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ վարչական, ֆինանսական եւ հասարակական վերահսկողությունը: Զանգվածային լրատվության միջոցների ազատության ապահովում Մեր երկրում ժողովրդավարության զարգացման գործընթացում կարեւորում ենք զանգվածային լրատվամիջոցների՝ որպես բազմակարծության արտահայտման եւ իրական հասարակական համաձայնության ձեւավորման կարեւորագույն գործիքի, ազատ եւ անաչառ գործունեության համար իրական պայմանների ստեղծումը, որի նպատակով, մասնավորապես, անհրաժեշտ է՝ 1. երաշխավորել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից զանգվածային լրատվության միջոցների անկախությունը եւ արգելել լրատվամիջոցների նկատմամբ պետական մասնակցությամբ տնտեսավարող սուբյեկտների վերահսկողությունը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, 2. օրենսդրորեն ամրագրել անկախ լրագրողի կարգավիճակը՝ բարձրացնելով լրագրողների իրավական պաշտպանվածության մակարդակը, 3. ապահովել զանգվածային լրատվամիջոցների պետական աջակցության նպատակով նախատեսված բյուջետային միջոցների բաշխման հրապարակայնությունը՝ այդ գործընթացում ներգրավելով օրենսդիր եւ գործադիր մարմինների, ինչպես նաեւ լրագրողներից կազմված հասարակական միավորումների ներկայացուցիչներին, 4. սահմանել տեղեկատվության ազատության եւ զանգվածային լրատվության միջոցների հարցերով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալի պաշտոն: Աջակցություն հասարակական կազմակերպություններին Հասարակական կազմակերպությունների զարգացումը եւ այդ գործընթացի պետական աջակցությունը, որի ջատագովն է «Բարգավաճ Հայաստան»-ը, թույլ կտա լուծել այնպիսի կարեւոր խնդիրներ, ինչպիսիք են՝ * մարդկային գործոնի էական ուժեղացումը, իշխանության ու հասարակության միջեւ երկխոսության եւ տարաբնույթ հարցերի շուրջ հասարակական համաձայնության ձեռքբերման հնարավորությունների մեծացումը, * բարեփոխումների, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման գործընթացներին քաղաքացիների մասնակցության հնարավորությունների ընդլայնումը եւ այդ առումով մասնակցային գործընթացի խթանումը, * պետության սոցիալական գործառույթների մի մասը հասարակական կազմակերպություններին փոխանցելու եւ տնտեսության ոչ առեւտրային հատվածում նոր աշխատատեղեր ստեղծելու հաշվին պետական զգալի միջոցների տնտեսումը, ոչ առեւտրային ծառայությունների շուկայի զարգացումը եւ այլն: Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է՝ 1. պետական որոշումների մշակման, քննարկման եւ կատարման վերահսկողության գործընթացներում ստեղծել հասարակական կազմակերպությունների մասնակցության հնարավորություններ, մասնագիտացված հասարակական կազմակերպություններին ներգրավել սոցիալական եւ տնտեսական ծրագրերի մշակման գործընթացներին, ինչպես նաեւ հասարակական հնչեղություն ունեցող՝ ծնողազուրկ երեխաների, տարեցների, հաշմանդամների, փախստականների հիմնախնդիրների լուծմանը, 2. ապահովել պետական բյուջեով նախատեսված սոցիալական պատվերի եւ պետական դրամաշնորհների մեխանիզմների համընդհանուր ներդրումը, որը թույլ կտա հասարակական կազմակերպություններին լիարժեքորեն մասնակցել պետական սոցիալական ծրագրերի իրականացմանը: Տղամարդկանց եւ կանանց իրավունքների իրականացման հավասար հնարավորությունների ապահովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ձգտում է ժամանակակից, քաղաքակիրթ հասարակության կառուցմանը, որտեղ կանայք եւ տղամարդիկ ազատ եւ հավասար են մարդկային գործունեության բոլոր բնագավառներում, իսկ ընտանեկան կյանքում նրանց հարաբերությունները հիմնված են համերաշխության եւ փոխօգնության սկզբունքների վրա՝ նպատակ ունենալով դաստիարակելու հասարակության համար առողջ եւ պիտանի սերունդ: Այս առումով, անհրաժեշտ է՝ 1. ձեւավորել հասարակական կյանքի բոլոր բնագավառներում կանանց ակտիվ մասնակցությունն ապահովող օրենսդրական դաշտ, այդ թվում՝ կատարելագործել եւ բարելավել ընտանեկան, աշխատանքային եւ սոցիալական բնագավառի հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը, օժանդակել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց առաջխաղացմանը, օրենքով ամրագրել Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակներում կանանց իրական ներկայացվածության երաշխիքներ, 2. աջակցել կանանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը, օժանդակել կանանց հասարակական կազմակերպություններին, 3. բարձրացնել կանանց սոցիալական պաշտպանվածության մակարդակը, այդ թվում՝ կանանց մասնագիտական վերապատրաստման համար ստեղծել բարենպաստ պայմաններ, համարժեք աշխատանքի դիմաց կանանց եւ տղամարդկանց համար երաշխավորել հավասար վարձատրություն, էապես բարձրացնել երեխաների ծննդյան միանվագ վճարները եւ երեխաների համար տրվող նպաստները եւ այլն, 4. սահմանել կանանց իրավունքների հարցերով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալի պաշտոն: 3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Ցանկացած երկրի զարգացման եւ բարգավաճման հիմնասյուներից մեկը արդյունավետ տնտեսական համակարգի առկայությունն է, որի ձեւավորմանը կարելի է հասնել նպատակամետ, հետեւողական, կայուն, կանխատեսելի եւ հասարակության բոլոր շերտերի օրինական շահերի հաշվեկշռվածությունն ապահովող տնտեսական քաղաքականության իրականացման ճանապարհով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը զարգացման երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման եւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար տնտեսական քաղաքականության ռազմավարական նպատակներ է համարում՝ 1. տնտեսական այնպիսի աճի ապահովումը, որը թույլ կտա տնտեսավարման գործընթացում հնարավորինս մեծացնել բնակչության ընդգրկվածությունը, 2. կառուցվածքային վերափոխումների գործընթացի արագացումը եւ արտադրողականության ու մրցունակության հենքի վրա արտադրական հարաբերությունների ձեւավորումը, 3. հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների կայունության, համակարգվածության եւ թափանցիկության ապահովումը, 4. գործարարության (հատկապես՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության) զարգացման նպատակով ներդրումային բարենպաստ միջավայրի ձեւավորումը եւ երկրի ներդրումային գրավչության մակարդակի բարձրացումը, 5. ստվերային տնտեսության ծավալների կտրուկ նվազեցումը, 6. արտաքին տնտեսական գործունեության ակտիվացումը եւ արտաքին պարտքի աստիճանական կրճատումը, 7. մրցակցային առողջ միջավայրի ձեւավորումն ու սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության իրական մեխանիզմների ներդրումը: Կառուցվածքային քաղաքականություն Կառուցվածքային քաղաքականության գլխավոր նպատակը, մեր համոզմամբ, պետք է կայանա մրցակցային շուկաների ձեւավորման ու զարգացման սահմանափակումների, խոչընդոտների եւ արգելքների վերացման մեջ, որն էլ իրական հիմք կդառնա գործարար ակտիվության եւ ժամանակակից ենթակառուցվածքների վրա հիմնված շուկայական մոդելի ձեւավորմանն ուղղված կառուցվածքային քաղաքականությանն անցնելու համար: Այդ նպատակով առաջնային են դառնում հետեւյալ հիմնական խնդիրների լուծումը. 1. մասնավորեցման գործընթացի ավարտում՝ առանձնահատուկ մոտեցում ունենալով սոցիալական ենթակառուցվածքի եւ առողջապահական օբյեկտների նկատմամբ, 2. շուկայական ենթակառուցվածքների (բանկային եւ ապահովագրական համակարգեր, հաղորդակցության ուղիներ, բորսայական առեւտուր եւ այլն) զարգացում, 3. ապրանքային շուկաներում տնտեսական մրցակցության զարգացում, բնական մենաշնորհի ոլորտներում ոչ մենաշնորհային հատվածների տարանջատում, բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեության սակագնային կարգավորում եւ նրանց ծախսերի նկատմամբ վերահսկողության իրականացում, 4. սնանկացման մեխանիզմների, չափանիշների եւ ընթացակարգերի վերանայում, դրանց գործնական կիրառելիության ապահովում: Կառուցվածքային քաղաքականության խնդիրների լուծման հիմնական ուղղություններ պետք է հանդիսանան՝ * տնտեսության ճյուղային օպտիմալ կառուցվածքի ձեւավորումը, այդ թվում՝ փոքր եւ միջին բիզնեսի խթանումը եւ կապիտալի միջճյուղային վերաբաշխման գործընթացում արժեթղթերի շուկայի դերի կտրուկ բարձրացումը, * տնտեսության մեջ շահութաբերության նորմայի բարձրացումը եւ արհեստական վնասաբերության կանխումը, * ձեռնարկությունների ինովացիոն (նորարարական) գործունեության խրախուսումը, * բնական մենաշնորհի ոլորտների պետական կարգավորման համակարգի կատարելագործումը, այդ բնագավառներում բնական մենաշնորհ չհանդիսացող ծառայությունների հակամենաշնորհային կարգավորման յուրահատուկ քաղաքականության իրականացումը, * ձեռնարկությունների սնանկացման ընթացակարգերի պարզեցումը եւ կատարելագործումը, անվճարունակ ձեռնարկությունների ֆինանսական առողջացման հնարավորությունների ընդլայնումը եւ պետական օժանդակության մեխանիզմների ներդրումը, * արտադրական ենթակառուցվածքների համալիրի բարեփոխումների իրականացումը: Ներդրումային քաղաքականություն Հանրապետության ներդրումային ոլորտում ստեղծված իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած ձեւավորված մակրոտնտեսական եւ ներքաղաքական հարաբերական կայունությանը, ներդրումները կարգավորող օրենսդրական դաշտի եւ խրախուսող ու պաշտպանող որոշ ենթակառուցվածքների, հարուստ եւ բավականին հզոր սփյուռքի առկայությանը, ներդրումների առկա ծավալները դեռեւս հեռու են բավարար լինելուց: Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հիմնական նպատակը, մեր համոզմամբ, պետք է հանդիսանա տնտեսական ակտիվության բարձրացման, բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորման, ներդրումային գրավչության մակարդակի բարձրացման եւ ներդրումների ծավալների մեծացման միջոցով տնտեսական կայուն աճի ապահովումը: «Բարգավաճ Հայաստան»-ը ներդրումային քաղաքականության կատարելագործման հիմնական ուղղություններ է դիտարկում՝ * ներդրումային ոլորտում տնտեսավարման ազատական սկզբունքների կիրառումը, * ներդրումային ոլորտը կարգավորող օրենսդրական եւ իրավապայմանագրային դաշտի կայացումն ու կատարելագործումը, * ներդրումների եւ ներդրողների շահերի պաշտպանության ապահովումը, * օտարերկրյա եւ տեղական ներդրողների համար տնտեսավարման հավասար պայմանների ապահովումը, * մեծածավալ ներդրումների համար խստորեն վերահսկելի արտոնությունների տրամադրումը, * տնտեսության զարգացման համար որոշիչ, գերակա համարվող ոլորտներում եւ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներում լրացուցիչ արտոնությունների տրամադրումը, * ներդրումային ծրագրերի մշակման եւ իրականացման հարցում պետական աջակցությունը, * ներդրումային ոլորտը կարգավորող պետական կառավարման մարմինների օպտիմալ կառուցվածքի ձեւավորումը, * ներդրումները խթանող ենթակառուցվածքների կայացումը եւ զարգացումը, * պետական ներդրումային համալիր ծրագրերի իրականացումը: Հարկային քաղաքականություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ երկրի հարկային համակարգը պետք է սերտորեն կապված լինի տնտեսության կառուցվածքի եւ տվյալ ժամանակաշրջանում ձեւավորված տնտեսական իրական համամասնությունների հետ՝ արտացոլելով ոչ միայն պետության, այլեւ գործարար շրջանակների կենսական շահերը: Հարկային եւ ընդհանրապես ֆինանսական փոխհարաբերություններում պետությունը եւ հարկատուները պետք է կրեն հավասար եւ հաշվեկշռված պատասխանատվություն: «Բարգավաճ Հայաստան»-ը հանրապետությունում հարկային քաղաքականության կատարելագործման հիմնական խնդիրներ է համարում՝ 1. պետության եւ տնտեսավարող սուբյեկտների շահերի եւ հետաքրքրությունների մերձեցումը, 2. հարկային եկամուտների եւ համախառն ներքին արդյունքի հարաբերակցության ցուցանիշի մեծացումը (մինչեւ 20-25%), 3. տնտեսական աճի ապահովմանը, մասնավորապես՝ ներդրումային ակտիվության բարձրացմանը նպաստող հարկային համակարգի ձեւավորումը, 4. տնտեսության իրական հատվածի՝ որպես պետության եկամուտների հիմնական աղբյուրի, գործունեության հնարավորությունների ընդլայնումը, 5. հարկային օրենսդրության կատարելագործումը, հարկային օրենսգրքի մշակումն ու ընդունումը: Տնտեսական վերափոխումների ներկայիս փուլում որպես հարկային քաղաքականության կատարելագործման գերակա խնդիրներ պետք է համարել ձեռնարկատիրական ակտիվության ուղղությամբ հարկային մեխանիզմի կարգավորիչ եւ խթանիչ լծակների օգտագործման արդյունավետության բարձրացումը, ինչպես նաեւ հարկային բեռի բաշխման արդարացիության եւ հիմնավորվածության ապահովումը: Այս հիմքով ձեւավորված հարկային համակարգը պետք է ապահովի ստվերային տնտեսության նվազագույն եւ հարկերի հավաքելիության բարձր աստիճան, հարկման բեռի հավասարաչափ բաշխում եւ հարկերի օպտիմալ դրույքաչափեր, արդյունավետ հարկային վարչարարություն, պետական եկամուտների կանոնավոր հոսքեր: Հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացման համար կարեւորում ենք՝ * օրենսդրությամբ սահմանված ծավալով եկամուտների հավաքագրման գործում հարկային համակարգի հնարավորությունների մեծացումը, հարկային վարչարարության արդյունավետության, հարկային մարմիններում ընդգրկված աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացումը, * օրենսդրության պահանջների պատշաճ կատարման ապահովումը, հարկային քաղաքականության եւ օրենսդրության գնահատման բազմաշերտ, այդ թվում՝ հասարակական փորձաքննության մեխանիզմների ու պրակտիկայի ներդրումը, հարկային քաղաքականության արդյունքների կանխատեսման մեթոդական հիմքերի մշակումը, * հարկային օրենսդրության ու քաղաքականության կայունության ապահովումը եւ հարկման մեխանիզմների շարունակական կատարելագործումը, * ֆինանսատնտեսական քաղաքականության տարբեր ուղղությունների (մասնավորապես՝ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների) միջեւ կոորդինացման մակարդակի բարձրացումը, * հարկային քաղաքականության մշակման եւ իրականացման վրա լոբբիստական գործունեության բացասական ազդեցության բացառումը, * հարկային ապառքների կուտակման գործընթացի կանխումը, * հայրենական արտադրության, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ հարկային նախադրյալների ձեւավորումը, * օրենսդրական դաշտի պարզեցումը եւ օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմների ներդրումը, * պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների եւ շահութահարկի գծով նվազագույն պարտադիր վճարների վերացումը, * հարկային եկամուտների կառուցվածքում ուղղակի եւ անուղղակի հարկերի միջեւ օպտիմալ հարաբերակցության ապահովումը, * սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձման ծավալների եւ այս նպատակով ապրանքատեսակների համապատասխան ցանկի աստիճանական կրճատումը՝ հեռանկարում այս հարկատեսակի գանձման լիազորությունը վերապահելով միայն հարկային մարմիններին: Բյուջետային քաղաքականություն Ներկայումս Հայաստանի բյուջետային քաղաքականությունը ընդհանուր առմամբ բնութագրվում է տարբեր մակարդակների բյուջետային ռեսուրսների եւ պարտավորությունների անհաշվեկշռվածությամբ, պարտքային բեռի մեծությամբ, բյուջետային ծախսերի ցածր արդյունավետությամբ, պետական ֆինանսների կառավարման արդյունավետ համակարգի բացակայությամբ եւ այլն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ արդյունավետ բյուջետային համակարգի ձեւավորման համար առաջնահերթ կարգով անհրաժեշտ է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ * բյուջետային համակարգի բոլոր մակարդակներում իրականացվող ծախսերի թափանցիկության եւ հրապարակայնության ապահովումը, * բյուջետային համակարգի կայունության մակարդակի բարձրացումը, արտաքին տնտեսական իրավիճակից դրա կախվածության աստիճանի նվազեցումը, * բյուջետային քաղաքականության, որպես պետական կապիտալ ներդրումների ընդլայնումը խթանող կարեւոր գործիքի, դերի բարձրացումը, * բյուջետային գործընթացի կատարելագործումը, դրա արդյունավետության մակարդակի բարձրացումը եւ բյուջետային համակարգի բոլոր մակարդակներում սահմանված ծրագրերի, լիազորությունների, ստանձնած պարտավորությունների ու դրանց իրականացման համար նախատեսվող ծախսերի համարժեքության ապահովումը, * արտաքին պարտքի եւ դրա սպասարկման համար անհրաժեշտ ծախսերի աստիճանական նվազեցման միջոցով պետական բյուջեի վրա պարտքային ճնշման թուլացումը, * պետական վարչարարական ապարատի պահպանման ծախսերի հնարավորինս կրճատումը, * պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման կառուցվածքում ներքին աղբյուրների տեսակարար կշռի մեծացումը: Այս խնդիրների լուծմանը պետք է հասնել բյուջետային համալիր վերափոխումների միջոցով, հետեւյալ ուղղություններով. * պետական ֆինանսների կառավարման արդյունավետ համակարգի ստեղծում, * բյուջետային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրության կատարելագործում, այդ թվում՝ բյուջետային օրենսգրքի մշակում եւ ընդունում, * բյուջետային գործընթացի եւ միջբյուջետային հարաբերությունների կատարելագործում, * գանձապետական համակարգի զարգացում, * բյուջեների եւ բյուջետային ընթացակարգերի կայունության եւ թափանցիկության ապահովում, * ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրում, * բյուջետային ծախսերի եւ պետբյուջեի մակրոտնտեսական համամասնությունների կանխատեսման մեթոդական հիմքերի մշակում եւ ներդրում, * բյուջետային հաշվետվության եւ վերահսկողության ընթացակարգերի կատարելագործում, * ֆինանսական կարգապահության ամրապնդում: Պետության կարեւոր խնդիրներից մեկը սեփական վճարունակության ապահովումն է, որի համար անհրաժեշտ է պետության պարտավորությունները համապատասխանեցնել նրա կողմից տնօրինվող ռեսուրսների հետ եւ, հաշվի առնելով արտաքին պարտավորությունների բարձր մակարդակը, ձգտել բյուջետային դեֆիցիտի կրճատմանը: Այս նպատակով անհրաժեշտ է «գույքագրել» պետության բոլոր պարտավորությունները, անհրաժեշտության դեպքում վերակառուցել ներքին պարտավորությունները եւ վերացնել չհիմնավորված բյուջետային այն ծախսերը, որոնք մրցակցության համար ստեղծում են անհավասար պայմաններ կամ իրականացվում են բավարար հիմնավորվածություն չունեցող նպատակներով: Դրամավարկային քաղաքականություն Դրամավարկային քաղաքականության ոլորտում վերջին տարիների ընթացքում արձանագրվել են որոշակի դրական միտումներ, սակայն դեռեւս առկա են մի շարք հիմնահարցեր՝ կապված ինչպես բանկային համակարգի զարգացման, այնպես էլ դրամավարկային քաղաքականության կատարելագործման հրամայականի հետ: Հանրապետության սոցիալ-տնտեսական ներդաշնակ զարգացման տեսանկյունից դրամավարկային քաղաքականության հիմնական նպատակը պետք է կայանա կայուն, կանխատեսելի, անհրաժեշտ խորություն ունեցող եւ «բազմահարկ» ֆինանսական ու վարկային շուկաների ձեւավորման մեջ, որի համար անհրաժեշտ է լուծել հետեւյալ հիմնական խնդիրները. 1. ֆինանսական եւ վարկային շուկաների զարգացում, 2. հարաբերական գների կայունության ապահովում, 3. սղաճի հիմնավորված մակարդակի սահմանում եւ դրա կառավարելիության աստիճանի բարձրացում, 4. ազգային դրամի կայունության, դրամական զանգվածի եւ տնտեսության հնարավորությունների համապատասխանության ապահովում, 5. բանկային համակարգի իրացվելիության մակարդակի բարձրացում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դրամավարկային քաղաքականության կատարելագործման հիմնական ուղղություններ է դիտարկում՝ * տնտեսության զարգացմանը նպաստող արդյունավետ ֆինանսավարկային քաղաքականության մշակումը եւ իրականացումը, * ոչ կանխիկ դրամաշրջանառության ծավալների ընդլայնումը եւ դրամի փոխարկելիության ապահովումը, * բանկային համակարգի նկատմամբ վստահության լիարժեք վերականգնումը եւ համակարգի կողմից խնայողությունների ներգրավման գործընթացի խթանումը, * վարկային դրույքաչափերի նվազեցումը, երկարաժամկետ վարկերի ծավալների մեծացումը եւ վարկային ռեսուրսների մատչելիության ապահովումը, * բանկային համակարգում ապահովագրական ինստիտուտների եւ մեխանիզմների ներդրումը եւ բնակչության ավանդների անվտանգության երաշխիքների համակարգի կատարելագործումը, * արժութային կարգավորման կատարելագործումը եւ արժութային շուկայի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, * սղաճի կառավարման ճկունության եւ այլընտրանքայնության ապահովումը, * վճարահաշվարկային հարաբերությունների բարելավումը, * Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության նկատմամբ օրենսդիր մարմնի վերահսկողության ուժեղացումը (ներառյալ դրամավարկային քաղաքականության ծրագիրը եւ դրա կատարման վերաբերյալ հաշվետվությունը ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատելը), * ոլորտի կարգավորման իրավական դաշտի կատարելագործումը: Արժեթղթերի շուկայի զարգացում Արժեթղթերի շուկան Հայաստանում մնում է չկայացած, քանի որ այն դեռեւս չի հանդիսանում խնայողությունների կենտրոնացման, դրանք ներդրումների վերածման եւ ձեռնարկությունների նկատմամբ արտաքին վերահսկողության իրականացման արդյունավետ միջոց: Այլ խոսքով՝ արժեթղթերի շուկան հանրապետությունում դեռեւս չի դարձել որպես ինստիտուտների մի այնպիսի համակարգ, որն ի զորու կլիներ կարգավորելու կապիտալի ազատ հոսքերը: Այդ պատճառով, ձեռնարկությունները նման իրավիճակում արժեթղթերի թողարկումը դեռեւս չեն դիտարկում որպես կապիտալի ներգրավման, իսկ բնակչությունը՝ իր ազատ դրամական միջոցները կապիտալում ներդրման արդյունավետ միջոց: Այս առումով, արժեթղթերի շուկայի զարգացման հարցում պետական քաղաքականության հիմնական նպատակ պետք է հանդիսանա ինստիտուցիոնալ ներդրողների ու ներդրումների կարիք ունեցող ձեռնարկությունների միջեւ կապերի աշխուժացումը եւ արժեթղթերի շուկայի մասնակիցների օրինական շահերի պաշտպանությունը: «Բարգավաճ Հայաստան»-ի կարծիքով, արժեթղթերի շուկայում իրականացվող պետական քաղաքականության ռազմավարական ուղղություններ պետք է հանդիսանան՝ * արժեթղթերի շուկայի բոլոր մասնակիցների շահերի հաշվեկշռվածության եւ պաշտպանության ապահովումը, * արժեթղթերի շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների միջեւ մրցակցության ուժեղացումը, * արժեթղթեր թողարկողների գործունեության թափանցիկության մակարդակի բարձրացումը, * արժեթղթերի շուկայում տրանսակցիոն ծախսերի կրճատումը, * այս շուկայի մասնակիցների ինքնակարգավորիչ մեխանիզմների ակտիվացումը: Արտաքին պարտքի հիմնախնդիրների լուծում եւ արտաքին տնտեսական քաղաքականություն Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի ծավալները, որը 2006թ. դրությամբ կազմում է 1 մլրդ 257 մլն ԱՄՆ դոլար (ինչն էլ, իր հերթին, կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի 22%-ը), անկախ այդ պարտքը բնութագրող հարաբերական ցուցանիշների եւ պարտքի արտոնյալության մակարդակներից, բավականին ծանր բեռ է մեր հանրապետության համար, հաշվի առնելով բնակչության սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակը, աղքատության բարձր մակարդակը եւ հայտնի մյուս հանգամանքները: Այս առումով, հանրապետության արտաքին պարտքի կառավարման համակարգի բարեփոխման ռազմավարական նպատակը, մեր կարծիքով, պետք է կայանա փոխառու միջոցների նկատմամբ երկրի պահանջարկի եւ այդ փոխառությունների սպասարկման իրական հնարավորությունների միջեւ օպտիմալ հաշվեկշռվածության ապահովման մեջ՝ զերծ մնալով ընթացիկ կամ իրավիճակային խնդիրների լուծման նպատակով ՀՀ արտաքին պարտքի ծավալների մեծացման «գայթակղությունից»: Նշված ռազմավարական նպատակին հասնելու համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտ է համարում՝ 1. ապահովել արտաքին փոխառությունների ներգրավման եւ օգտագործման թափանցիկությունը, 2. կատարելագործել արտաքին փոխառությունների ներգրավման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողության մեխանիզմը, 3. ստեղծել արտաքին պարտքի կառավարման ճկուն համակարգ, 4. բարձրացնել բյուջետային քաղաքականության եւ արտաքին պարտքի կառավարման կոորդինացման եւ արդյունավետության մակարդակները: Արտաքին պարտքի կառավարման կատարելագործումը սերտորեն կապված եւ պայմանավորված է նաեւ ընդհանուր առմամբ արտաքին տնտեսական գործունեության պետական կարգավորման եւ այս ոլորտում ազգային անվտանգության ապահովման խնդիրների լուծման հետ: Այս առումով, որպես արտաքին տնտեսական գործունեության ակտիվացման կարեւորագույն խնդիրներ պետք է դիտարկվեն՝ 1. համաշխարհային տնտեսությանը ՀՀ առավել լայն ինտեգրումը, այլ պետությունների, միջազգային տնտեսական եւ ֆինանսական կառույցների հետ համագործակցության ակտիվացումը, 2. հայրենական արտադրանքի իրացման շուկաների ընդլայնումը, 3. արտաքին առեւտրի զարգացման եւ համաշխարհային շուկայում մրցակցության ուժեղացման պայմաններում հայրենական արտադրողների շահերի պաշտպանության ապահովումը, 4. ՀՀ արտաքին պարտավորությունների կրճատմանն ուղղված եւ հաշվեկշռված տնտեսական քաղաքականության իրականացումը, 5. միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության խորացումը, 6. արժութային կարգավորման եւ վերահսկողության ոլորտում ներքին շուկայում արտասահմանյան արժութային հաշիվների կրճատման եւ կապիտալի անվերահսկելի արտահանման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը: Տնտեսության ապաբյուրոկրատացում եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցություն Հանրապետության ձեռնարկատիրական գործունեության զարգացման եւ պետական աջակցության ոլորտներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է հետեւյալ ռազմավարական մոտեցումները: 1. Էականորեն պարզեցնել եւ հստակեցնել ձեռնարկությունների եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման ընթացակարգերը: 2. Կրճատել փոքր եւ միջին ձեռնարկությունների ստուգումներով զբաղվող պետական մարմինների քանակը եւ հավասարակշռել ու պահպանել կազմակերպությունների եւ պետության շահերը: 3. Հետեւողական քաղաքականություն վարել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկի կրճատման ուղղությամբ եւ ձեւավորել լիցենզավորման այնպիսի համակարգ, որը կլինի խիստ՝ պահանջների կիրարկման մասով, սակայն արագ հաղթահարելի՝ ընթացակարգերի մասով: 4. Ստեղծել բոլոր տեսակի ապրանքների եւ ծառայությունների արտադրության, ներմուծման եւ արտահանման գծով արտոնագրային մեկ միասնական մարմին եւ բացառել տվյալ ոլորտում գործառույթների կրկնության, կրկնակի արտոնագրման եւ նմանատիպ մյուս երեւույթները: 5. Վարչական եւ քրեական օրենսդրությամբ հստակ ամրագրել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների եւ պաշտոնատար անձանց պատասխանատվության տեսակներն ու չափերն այն գործողությունների կամ անգործության համար, որոնց հետեւանքով ձեռնարկատերերը կկրեն վնասներ: 6. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում նախատեսել փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար պետական օժանդակության գումարներ (օգտագործելով այդպիսի օժանդակության բոլոր ձ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել