Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ

Ապրիլ 14,2006 00:00

ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ՝ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ Վահան Թամարյանի տունը ծախեցին, ի՞նչ է սպասվում մյուսներին Այսօր Հայաստանի գրողների միության պատվիրակությունը կվերադառնա Բեյրութից, որտեղ կայացել է Գրողների համահայկական երրորդ համաժողովը՝ Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հովանավորությամբ: Թեպետ համագումարը Գրողների համագումար էր, սակայն հայաստանյան 50 հոգանոց պատվիրակության 80 %-ը կազմված է գրականագետներից՝ Ժենյա Քալանթարյան, Վազգեն Գաբրիելյան, Ազատ Եղիազարյան, Գառնիկ Անանյան եւ ուրիշներ: Ընդ որում, Հայաստանի գրականությունը ներկայացնողների մեծամասնության տարիքն անցնում է 60-ից: Թեեւ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը պնդում էր, որ պատվիրակության կազմը ընտրվել է Արամ Ա-ի գլխավորած համապատասխան հանձնաժողովի կողմից, սակայն միությունում շատերը համոզված են, որ դա այնքան էլ այդպես չէ: «Լիբանան են մեկնել մարդիկ՝ հիմնականում ՀԳՄ վարչության ու նախագահության անդամներ, որոնք պարբերաբար պետպատվերով գրքեր են տպագրում, մրցանակներ ստանում»,- այս առիթով նկատեց գրողներից մեկը: (Ի հակադրություն այս պնդմանը, նշենք, որ Լիբանանում էր «Առավոտում» տպագրվող վեպի հեղինակ գրող Արմեն Շեկոյանը, որը չի համապատասխանում վերոհիշյալ բնութագրումներից ոչ մեկին- խմբ.): Բոլոր դեպքերում միությունում իրավիճակը շարունակում է լարված մնալ, քանի որ Գրողների տան ճակատագիրը դեռեւս առկախ է: Հիշեցնենք, որ վերջերս գրողները բուռն քննարկում էին ունեցել իրենց շենքի վաճառքի հետ կապված: Իսկ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը հաստատել էր, որ իսկապես ցանկանում են բարեփոխել իրենց «խարխուլ ու փլվող» շենքը: Նա նաեւ չէր թաքցրել, որ հնարավոր ինվեստորներից մեկը «Աստրալ» ակումբի տնօրեն Արմեն Ստեփանյանն է՝ մականունը՝ Ջիմի: Հետաքրքիր զուգադիպությամբ Արմեն Ստեփանյանը ՀԳՄ նախագահության անդամ եւ Երեւանի պետհամալսարանում Լեւոն Անանյանի կոլեգա Հենրիկ Էդոյանի քրոջ որդին է: Չար լեզուներն ասում են, որ հենց Ա. Ստեփանյանն է մեծ դերակատարություն ունեցել Անանյանի միջոցով իր քեռու պետական մրցանակը «դասավորելու» գործում: Մեր տեղեկություններով, Հայաստանի գրողների միության անդամները այժմ ժամերն են հաշվում, թե երբ է ՀԳՄ վարչությունը կրկին քննարկելու շենքի հարցը: Ոմանք էլ պնդում են, որ միայն վաչությունը իրավունք չունի շուրջ 300 գրողներին պատկանող շենքի վերաբերյալ որոշում կայացնել, քանի որ ՀԳՄ վարչությանն ու նախագահությանը համարում են ոչ լեգիտիմ. «դրանք նշանակովի են եւ 14-րդ համագումարի ժամանակ նրանց չեն ընտրել քվեարկության միջոցով»։ Ի դեպ, Գրողների միության անդամների մտահոգությունը իրենց շենքի առիթով ինչ-որ իմաստով հիմնավորված է: Հետաքրքիր նախադեպ կա՝ արձակագիր Վահան Թամարյանի մահից հետո, Իսրայելյան 37 հասցեի նրա բնակարանը, որը գտնվում էր Գրողների միության հաշվեկշռում եւ, բնականաբար, միության բոլոր անդամների սեփականությունն էր, մեկ ամիս առաջ սուսիկ-փուսիկ վաճառվել է: Ասում են, գումարի մի մասը բանկում է, եւ դրա տոկոսների հաշվին բարձրացվել է ՀԳՄ աշխատակազմի աշխատավարձը: Սա դեռ բոլորը չէ, Գրողների միությանը պատկանող Սեւանի ստեղծագործական տան գլխին էլ են սեւ ամպեր կուտակվել: Ասում են, վերջինիս վրա էլ ոստիկան-երգիծաբան Վլադիմիր Հայրապետյանի որդին է աչք դրել: Փաստորեն, զուր չէ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի՝ իր ոչ շարքային գրչակիցներին ամոթանք տալը. «Ես ամոթից գետինն եմ մտնում անգամ նրա համար, որ նման հարց է քննարկվել ՀԳՄ վարչության նիստում»: Հետաքրքիր է, որ ժամանակին Ս. Կապուտիկյանը Լեւոն Անանյանի՝ ՀԳՄ նախագահ դառնալու ջատագովներից մեկն էր: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Պատրաստ ենք տպագրել նաեւ ՀԳՄ ղեկավարության պարզաբանումները, ինչը չենք կարող անել այս պահին՝ նրանց Բեյրութում գտնվելու պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել