Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ տապալեց ԵՊՀ ռեկտորի ընտրությունները

Ապրիլ 14,2006 00:00

Ո՞վ տապալեց ԵՊՀ ռեկտորի ընտրությունները Ըստ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, ԵՊՀ ռեկտորի թեկնածու Գագիկ Ղազինյանի՝ դա արեցին ոչ համալսարանական ուժերը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին ԵՊՀ նախորդ ընտրություններում ընդամենը մեկ ձայն էր պակասում ռեկտոր դառնալու համար: Գալիք ընտրություններում էլ պրն Ղազինյանը կներկայացնի իր թեկնածությունը. «Անտրամաբանական կլիներ, եթե առաջին փուլում այդքան ձայներ հավաքելուց հետո չդնեի իմ թեկնածությունը»,- «Առավոտին» ասաց Գ. Ղազինյանը։ Ըստ նրա, նախորդ ընտրությունները չկայացան ընթացակարգի անկատարության պատճառով, «քանի որ այն հնարավորություն էր տալիս թույլ թեկնածուներին անցնել հաջորդ փուլ»։ Խոսակցություններ կան, որ գալիք ընտրություններին կմասնակցեն նաեւ ոչ համալսարանականներ՝ «վերեւների հովանավորությամբ»։ Ըստ Գ. Ղազինյանի, դրսից եկողների մասին խոսակցությունները որոշակի հիմք ունեն: «Քանի որ ոչ համալսարանական տարրերը տապալեցին նախորդ ընտրությունները, ապա կարելի է այս փաստը հիմք ընդունելով՝ այդտեղ ճշմարտություն տեսնել»։ Գագիկ Ղազինյանը մի քիչ կասկածում է, որ դրսից ինչ-որ մեկը կարող է գալ եւ մրցել համալսարանականների հետ՝ միեւնույն ժամանակ պնդելով, որ եթե լուրջ գիտնական է, այդ կոչմանն արժանի անձնավորություն, ապա ոչ մի առարկություն չի տեսնում այդպիսի անձի՝ ԵՊՀ ռեկտոր ընտրվելու հարցում։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Սամվել Հարությունյանը, որ նախորդ ընտրություններում հավաքել էր 4 ձայն, դեռ չի որոշել՝ իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելո՞ւ է, թե՞ ոչ։ Նա կարծում է, որ նախորդ ընտրությունները չկայացան ոչ ճիշտ կազմակերպվածության պատճառով. «Նախընտրական կամպանիան շատ սխալ ձեւով տարվեց։ Ընտրողների մեծ մասն այս կամ այն անձի վերաբերյալ թյուրիմացության մեջ հայտնվեց, որովհետեւ ավելի շատ խոսվեց, թե ով ում բարեկամն է, քան թեկնածուները ներկայացվեցին որպես գիտնական, մանկավարժ, գիտության, կրթության գործիչ։ Ես պատկերացնում էի, որ գոնե վերջին տասն օրերին հեռուստատեսությամբ բանավեճեր կլինեին թեկնածուների միջեւ, նրանք կհանդիպեին աշխատողների, ընտրող ուսանողների հետ։ Փաստորեն, մեզ մոտ նախընտրական կամպանիայի այն մակարդակը չապահովվեց, որը հարիր էր ԵՊՀ ռեկտորի ընտրությանը,- ասաց Ս. Հարությունյանը։- Վերջապես, գյուղի մասնավոր համալսարանի ռեկտոր չէր ընտրվում։ Մայր բուհի ռեկտորի ընտրությունը պետք է լուրջ մակարդակով անցկացվի»: Նա ոչ մի զարմանալի բան չի տեսնում, որ հնարավոր է իր թեկնածությունն առաջադրի ոչ համալսարանական մի անձ։ Դա օրենքով սահմանված է, եւ Ս. Հարությունյանը չի բացառում, որ այդպիսի բան, իրոք, հնարավոր է: Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի կարծիքով էլ՝ ռեկտորի ընտրության ընթացակարգում անհարթություններ կան։ Նա նախընտրում է Գիտությունների ազգային ակադեմիայում ընդունված կարգը, ըստ որի՝ ընտրողները կարող են միաժամանակ մի քանի մարդու կողմ քվեարկել. «Միայն մեկի վրա սեւեռվելն այնքան էլ ճիշտ տարբերակ չէ»։ Ընտրության կազմակերպման հարցում բացթողումները նա կապում է համալսարանում ռեկտորի ընտրության փորձ չունենալու հետ։ Մյուս թեկնածուն, որ վերջին փուլում մրցում էր Գագիկ Ղազինյանի հետ, ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանն է: Նա անպայման դնելու է իր թեկնածությունը: Իսկ ընթացակարգի թերություններին վերաբերող կարծիքների մասին նա ասաց, որ դրանք սոսկ դիտողությունների կարգով կարող են լինել, քանի որ ընթացակարգը գիտխորհուրդը պաշտոնապես ընդունել է: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել