Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԵՆ

Ապրիլ 14,2006 00:00

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԵՆ Եթե Ցեղասպանությունից տուժածները նման հաշիվներ են ունեցել, ապա նրանց ժառանգորդները կարող են փորձել այդ հաշիվները ստանալ: Նյու Յորքում գտնվող «Mkrtchian, Broderick & Shapiro» իրավաբանական գրասենյակն արդեն մեկ ամիս է, ինչ սկսել է հետաքրքիր մի գործընթաց, որը, ըստ առաջին արձագանքների՝ մեր հայրենակիցներից շատերի մոտ զուգակցվում է արդեն մոռացության մատնված ամերիկյան «New York Life» կազմակերպության գործունեության հետ: Հիշեցնենք, որ վերջինս անցյալ տարվա սկզբից սկսեց զբաղվել եղեռնի զոհերի ժառանգորդներին իրենց պապերի ապահովագրական ունեցվածքի փոխհատուցման գործով: Մեր տեղեկություններով, առայսօր գոնե թե Հայաստանի քաղաքացի ժառանգորդներից որեւէ մեկը դեռ չի ստացել ցանկալի, կարելի է ասել՝ օդից ընկած իր հասանելիքը: Պետք է ենթադրել՝ «New York Life»-ի այլ երկրներում բնակվող շահառուները՝ նույնպես: Համենայնդեպս՝ փոխհատուցմամբ զբաղվող Հայկական ապահովագրական հատուցման ֆոնդի վեբկայքում նշված է, որ «գրասենյակի տնօրենների խորհուրդը ստացել է մեծ թվով հայցեր, որոնց ուսումնասիրությունը կարող է տեւել 6 ամիս եւ ավելի»: Իսկ մինչեւ ուսումնասիրության ավարտը խորհուրդ է տալիս հայցի ներկա վիճակի հետ կապված որեւէ հարց չտալ եւ սպասել իրենց տեղյակ պահելուն: Անդրադառնանք «Mkrtchian, Broderick & Shapiro» իրավաբանական ընկերության առաջարկածին: Կազմակերպության հայազգի ներկայացուցիչը 1990-ականների սկզբին Հայաստանից գնացած եւ ԱՄՆ-ում իրավաբանական հիմնավոր կրթություն ստացած Կարեն Մկրտչյանն է, որի հետ հեռախոսային հարցազրույց ենք արել: «Mkrtchian, Broderick & Shapiro»-ն առաջարկում է իրենց դիմել եղեռնի զոհերի կամ տուժածների այն ժառանգորդներին, որոնք կարող են հավակնել իրենց նախնիների կորած կամ չհայտնաբերված բանկային հաշիվներին՝ անկախ դրա եւ ժառանգորդների գտնվելու վայրից: Ըստ մեր զրուցակցի՝ դիմելու համար բավարար պայման են մաշված վճարման կտրոնները, պապերից լսածը կամ դրա մասին հիշողությունները նրա ունեցվածքի մասին, որն իրենք կստուգեն եւ, եթե հայտնաբերվեց՝ պայմանագիր կկնքեն դիմողի հետ ու կսկսեն դատական գործ: Կարեն Մկրտչյանի տեղեկացմամբ, անցյալ դարասկզբին Արեւմտյան Հայաստանի տարածքում գործել է հիմնականում 4 բանկ. մեկը՝ ամերիկյան, մյուսը՝ շվեյցարական, երկուսն էլ՝ ֆրանսիական: Բոլոր բանկերն էլ գործել են կամ այժմ էլ գործում են հաստատուն կանոնադրությամբ: Այն է՝ եթե բանկային հաշվում 10 տարի որեւէ շարժ չկա, բանկը պարտավոր է այն սառեցնել, այդ մասին գրավոր ծանուցել պետությանը եւ սպասել հաշվի տիրոջը կամ ժառանգորդներին: Օրենքը խիստ է՝ չվերադարձնելու դեպքում բանկին սպասվում է վերադարձնելիք գումարի բազմապատիկ չափով տուգանք: Բանկային հաշիվները վաղեմության ժամկետ չունեն, ավելին՝ բանկերը պարտավոր են նույնիսկ սեփական նախաձեռնությամբ փնտրել եւ գտնել հասցեատիրոջը: «Mkrtchian, Broderick & Shapiro»-ի գործելակերպով յուրաքանչյուր պայմանագիր կդառնա առանձին դատական գործի հիմք: «New York Life» ապահովագրական ընկերության դեմ դատավարությունն սկսվում եւ ավարտվում է Լոս Անջելեսի դատարանի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում: Շահառուներից ովքեր հասցրել են մտնել դրա մեջ՝ լավ, իսկ մնացածը պահանջներ ներկայացնել չեն կարող: Ի դեպ, նրան հետեւած ֆրանսիական մեկ այլ կազմակերպություն իր պահանջները դրեց նույն՝ խմբային տարբերակով: Ընդ որում, ըստ մեր ստացած տեղեկության, մինչեւ ապահովագրվածների ցուցակի հրապարակումը հատուցման ֆոնդի գրասենյակը պետք է տեղեկացներ ժառանգորդներին, որ նրանք, ովքեր համաձայն չեն համաձայնագրով վերադարձնել իրենց ժառանգությունը եւ ցանկություն ունեն անհատապես դիմելու դատարան՝ կարող են չընդգրկվել ընդհանուր ցուցակում: Այդ ցանկության մասին տեղեկացնելու համար սահմանված էր կոնկրետ ժամանակ: Բայց գրասենյակն այդ մասին չտեղեկացնելով սպասել է մինչեւ սահմանված ժամկետի լրանալը, հետո հրապարակել բոլորի անունները: Ժառանգորդի կորուստն այստեղ կարող է մեծ լինել, որովհետեւ հաշվարկված շուրջ 20 մլն դոլարից 4-5 մլն-ը փաստաբանների բաժինն է, 3-ը պետք է տրամադրվի եկեղեցուն՝ բարեգործության համար, եւ մնացածը նոր բաժանվի հասցեատերերին, որոնց թիվը շուրջ 3000 է: Նույն թվաբանությունը ֆրանսիական կազմակերպության համար է արված: Մինչդեռ անհատական գործով քննվելու դեպքում ժառանգորդի ծախսերն այդքան մեծ չէին լինի: «Mkrtchian, Broderick & Shapiro»-ն արդեն ստացել է շուրջ 20 դիմում: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել