Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴՈՒ

Ապրիլ 14,2006 00:00

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ Երեկ ԱԺ կիսադատարկ դահլիճում լսվեց Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը: Ներկա էր նաեւ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Եթե քվեարկությունից առաջ խորհրդարանը բառացիորեն տնքում էր պատգամավորների առատությունից, տղերքը եկել էին հրահանգված կոճակները սեղմելու, ապա հանձնարարությունը գերազանց կատարելով՝ անմիջապես «թռան»: Ժամանակին այնքան կրքեր բորբոքած Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություններից հետո կայացրած որոշումը՝ լսել վերջինիս տարեկան զեկույցը, երեկ ոչ մեկին չէր հուզել, եւ այդ զեկույցը լսվեց կիսադատարկ դահլիճում: Պատգամավորների թիվը մեկ տասնյակի չէր հասնում, նույնիսկ ընդդիմությունն էր բացակա, ներկա էին միայն Վիկտոր Դալլաքյանը, Հրանտ Խաչատրյանը, Ստեփան Զաքարյանը եւ Արամ Գ. Սարգսյանը: Վստահ ենք, որ եթե ժամանակին ընդունվեր ընդդիմության առաջարկը՝ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի օրվա նիստը ցուցադրել ուղիղ հեռարձակմամբ, ապա երեկ դահլիճում լիքը մարդ կլիներ եւ հեռուստադիտողն էլ վերջապես մի կարգին կինո կդիտեր՝ մաքուր խորհրդարանական հայերենով, բայց, թերեւս, հենց այդ պատկերից խուսափելու եւ կրքերի ավելորդ բորբոքման դեպքերը կանխելու նպատակով այդ առաջարկը այն ժամանակ չընդունվեց կոալիցիայի կողմից: Այնուամենայնիվ, կինոն ստացվեց, բայց՝ ոչ լայն լսարանի համար: Անսպասելիորեն դահլիճ մտած Լարիսա Ալավերդյանը երեկ կրկին ապացուցեց իր ղարաբաղցի լինելը եւ հաստատեց իր իսկ խոստումը, որ ինքը հեշտ ու հանգիստ հանձնվողներից չէ: Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Ես գտնում եմ, որ այս գործընթացն այնքան էլ օրինական չէ, եւ իմ այստեղ գալը չի նշանակում, որ այն օրինականացվում է: Կցանկանայի ասել, որ այստեղ գործող պաշտպանի կողմից ներկայացված զեկույցը զուտ վիճակագրական տվյաներ են, եւ ես շնորհակալ եմ Արմեն Հարությունյանից, որ ինքն իր վրա չվերցրեց զեկույցի ավելի առարկայական մասը, որը ինքը չի արել. կարծում եմ, դա էթիկայի նորմերի մեջ է»: Իրեն ԱԺ հրավիրելուն ի պատասխան, տիկին Ալավերդյանը եկող շաբաթ պատգամավորներին հրավիրեց իր զեկույցը լսելու: Ասաց նաեւ, որ հակաօրինական էր առաջին պաշտպանին զրկել իր զեկույցը ներկայացնելու հնարավորությունից, սակայն դա չի նշանակում, որ ինքը զրկված է դա հասարակությանը ներկայացնելուց: Առաջին պաշտպանը նկատեց նաեւ. «Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը կրում են համակարգային բնույթ»: Մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանը զեկույցը ներկայացնելուց առաջ նկատեց, որ կարելի էր առաջին պաշտպանին հնարավորություն տալ ներկայացնել իր գործունեության զեկույցը. «Իմ խնդիրն եմ համարում ներկայացնել ձեզ հակիրճ զեկույց այն մասին, թե ինչպիսին են եղել 2005 թվականին պաշտպանին ուղղված բողոքների ընդհանուր ուղղվածությունը, վիճակագրությունը, դրանց քննարկման ընթացքը եւ այլն»: Թվեր եւս ներկայացվեցին, մասնավորապես՝ մեկ տարվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին են ուղղվել 1551 դիմում, որոնց մեծ մասը առնչվում է ոստիկանական, դատական, արդարադատության համակարգերին: Դիմումատուների ճնշող մեծամասնությունը երեւանցիներ են: Արմեն Հարությունյանը գնահատականներ չտվեց ներկայացված փաստերին՝ ավելի ուշ բացատրելով իր դիրքորոշումը. «Ես գնահատականներ չտվեցի, որովհետեւ գնահատականներ տվողը պետք է լիներ այդ ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպանը: Ոնց ուզում եք մտածեք, նույն տվյալների հիման վրա տարբեր մարդիկ տարբեր մոտեցումներ կարող են ներկայացնել»: Մարդու իրավունքների պաշտպանին դատարկ խորհրդարանը հարցեր չուներ: Երկու հարց հնչեց՝ Արամ Գասպարիչի եւ Հրանտ Խաչատրյանի կողմից: Ելույթների առատություն եւս չկար, այս հարթությունում եւս հիմնական դերակատարները նույն անձինք էին: Մասնավորապես, Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց. «Ներկայացված փաստաթղթի հակիրճ վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մարդու իրավունքները զանգվածաբար խախտվել են»: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին երեկ մենք հարցրինք՝ ակնհայտ է, որ մարդիկ ավելի շատ դժգոհ են դատական, իրավական համակարգի ապօրինություններից, սակայն գաղտնիք չէ նաեւ, որ Արմեն Հարությունյանը բավականին լավ կապեր ունի հենց նույն համակարգի ներկայացուցիչների հետ: Այս իրավիճակում ինքը ինչպե՞ս է պատրաստվում օրինականություն հաստատել, վերականգնել մարդկանց ոտնահարված իրավունքները, երբ խոսքը իր շրջապատի մասին է, ընկերական կապերը չե՞ն խանգարելու: Մեր հարցին ի պատասխան՝ Մարդու իրավունքների պաշտպանը ասաց. «Չեն խանգարելու, ընդհակառակը՝ օգնելու են, եւ արդեն այդ պատրաստակամությունը հայտնել են թե գլխավոր դատախազը, թե գլխավոր ոստիկանապետը, թե արդարադատության նախարարն ու վճռաբեկ դատարանի նախագահը, եւ մենք պետք է նախատեսենք համագործակցության հետաքրքիր մեխանիզմներ: Նրանք էլ են շահագրգիռ այդ բնագավառներում մարդու իրավունքների խախտումների վերացմամբ, եւ դա միայն Մարդու իրավունքների պաշտպանի գործը չէ, այլ մեր համատեղ գործունեությունն է, եւ նրանք դա հիանալի հասկանում են, ըմբռնումով են մոտենում: Համոզված եմ, միասին արդյունքների ենք հասնելու, առանձին-առանձին, իրար հակադրվելով ոչ մի արդյունքի չենք հասնի: Բայց այսօր այդ կամքը կա, եւ համոզված եմ՝ հաջողության հասնելու ենք»: Չի՞ ստացվում, որ դատական համակարգը սրտատրոփ սպասում էր, թե ե՞րբ Մարդու իրավունքների պաշտպան կդառնա հենց իրենց ընկեր Արմեն Հարությունյանը, որպեսզի դատական, ոստիկանական, արդարադատության համակարգերում իրենք այլեւս ապօրինություններ չկատարեն: Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք քաղաքացիները դիմո՞ւմ են Մարդու իրավունքների պաշտպանին՝ քաղաքական հետապնդումների համար: Պարզվեց՝ ոչ մի քաղաքական դիմում դեռ չկա: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել