Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅԱՆ

Ապրիլ 14,2006 00:00

ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅԱՆ ՇՔԱՀԱՆԴԵՍ Երեկ կայացած քվեարկությունը շատ խոսուն ապացույց էր, թե մեր խորհրդարանական ուժերը որքանով են հավատարիմ իրենց գաղափարախոսությանն ու հայտարարություններին: Խոսքը Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի կատարման հաշվետվության մասին է, որը հաստատելու համար ԱԺ էին կանչվել Լեւոն Սարգսյանն ու միայն քվեարկության կոճակ սեղմելու համար նիստերի դահլիճ ժամանող բոլոր պատգամավորները: Բերման ենթարկվածների գործոնը չեզոքացնելու համար՝ մինչ քվեարկությունը «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը կոչ արեց ոչ թե դեմ քվեարկել, այլ բոյկոտել, որ քվորում չապահովվի: Սակայն քվեարկությունը բոյկոտեցին միայն «Արդարությունն» ու «Ազգային միաբանությունը»: Ընդ որում՝ վերջինիս մի անդամը՝ Հարություն Մուրադյանը, որի եղբայրներին սեփականաշնորհվեց Մարզահամերգային համալիրը՝ քվեարկեց կողմ: Ծրագրի կատարմանը նախապես դեմ արտահայտված խմբակցությունները հրաշալի գիտակցելով, որ դեմ կամ ձեռնպահ քվեարկելու պարագայում հաշվետվությունը հաստատվելու է՝ նախընտրեցին այդ տարբերակը: Քվեարկության արդյունքն էր՝ 65 կողմ, 9 դեմ եւ 10 ձեռնպահ: Խմբակցություններից եւ ոչ մեկը չառանձնացավ միասնական քվեարկությամբ: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը նախապես հայտարարել էր, թե լինելով «ազատական գաղափարախոսություն կրող քաղաքական ուժ, որը երկու ձեռքով պաշտպանում է մասնավորեցման գաղափարը»՝ կասկածներ ունեն, որ սեփականաշնորհման գումարների պետբյուջե պակաս մուտք արված գումարը գնացել է առանձին անձանց գրպանը: Նաեւ նշեց, թե բացասական գնահատական են տալիս իրականացված մասնավորեցման ձեւին եւ «գնային բաղադրիչին»: Սակայն ՄԱԿ խմբակցության անդամ Արթուր Պետրոսյանը կողմ քվեարկեց հաշվետվությանը, իսկ Մնացական Պետրոսյանն ու Հռիփսիմե Ավետիսյանը՝ ձեռնպահ: 115 տարի սոցիալիստական գաղափարախոսության կրող կուսակցության՝ ՀՅԴ անդամները կողմ քվեարկեցին իրականացված մասնավորեցմանը: Կարելի է հավելել՝ ինչպես միշտ, քանի որ դաշնակցականները միայն 2003-ի դեկտեմբերին էին դեմ քվեարկել մասնավորեցման 2002-ի ծրագրի կատարման հաշվետվությանը՝ այն էլ, քանի որ միայն Պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանի պաշտոնանկությանը հասնելու խնդիր կար: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը նշեց. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի կատարման այս նույն հաշվետվությունը 2004-ին բերել, քվեարկվել է ԱԺ-ում, եւ ընդհանրապես չեն եղել դեմ ձայներ: Մեր կուսակցությունն այն ժամանակ էլ էր քվեարկել կողմ: Հիմա պատճառ չէինք տեսնում 2004-ի հաշվետվությանը դեմ քվեարկելու, մանավանդ որ՝ նույն ծրագիրն է, որեւէ որակական տարբերություն չկա 2004-ի եւ 2003-ի հաշվետվությունների միջեւ: Ընդհակառակը՝ 2004-ի ընթացքում իսկապես նկատվում է վարչարարության բարելավում եւ դրական արդյունքների միտում»: Հիշեցմանը, թե իրենք այնուամենայնիվ սոցիալիստական կուսակցություն են՝ պրն Մկրտչյանն այսպես արձագանքեց. «ՀՅԴ-ն սկզբից եւեթ դեմ էր սեփականաշնորհման այն ձեւերին, որ կիրառվեցին: Հետագայում գործընթացը կարգավորվեց, եւ դրան զուգընթաց՝ մենք արդեն կողմ ենք քվեարկել մասնավորեցման ծրագրերին: Բայց միաժամանակ, իբրեւ ընկերվարական կուսակցություն, գտնում ենք, որ մասնավոր շուկայական տնտեսությունն այն միակ ճանապարհն է, որ պիտի օգնի ոտքի կանգնել Հայաստանին: Պարզապես պետությունը պետք է վարի ավելի վճռական քաղաքականություն»: Առավել երկակի է ՕԵԿ-ի վիճակը: Մհեր Շահգելդյանը խմբակցության անունից հայտարարել էր, թե դեմ են 2001-2003 թվականների մասնավորեցմանը եւ չեն պատրաստվում կողմ լինել մի գործընթացի, որը միշտ քննադատել են հրապարակայնորեն: Սակայն պարզվեց, որ խմբակցության 7 անդամներ քվեարկել են ձեռնպահ, եւ ավելին՝ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանը քվեարկել է կողմ: Վերջինիս մասին հիշատակմանը պրն Շահգելդյանն արձագանքեց ձեռքերը տարածելով՝ «Դե, մեծամասնականով ընտրված պատգամավոր է: Այս կապակցությամբ կարտահայտենք մեր դիրքորոշումը»: Եվ ամենահետաքրքիրը՝ պարզվում է, որ ՕԵԿ խմբակցության անդամները՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, 2004-ի հոկտեմբերի 25-ին կողմ են քվեարկել այս նույն Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի կատարմանը: Ուղղակի այն ժամանակ այն ընդգրկել է 2003-ի տարեկան հաշվետվությունը, ինչպես այս անգամ էր ընդգրկում 2004-ի հաշվետվությունը: «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքի համաձայն՝ եթե նոր ծրագիր չի ընդունվում, շարունակում է գործել հինը: Սակայն երբ Մհեր Շահգելդյանին խնդրեցինք մեկնաբանել իրենց այս հակասական քվեարկությունները՝ ասաց. «2004-ին քվեարկվել է միայն 2003-ի տարեկան հաշվետվությունը: Այս անգամ քվեարկվում էր 2001-2003թթ. ծրագրի հաշվետվությունը: Սա ամբողջ փաթեթի վերջնական քվեարկություն էր, եւ մեր մոտեցումն ամբողջական գործընթացի նկատմամբ էր»: Մինչդեռ հաշվետվության սկզբում իսկ նշված է, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը 2001, 2002 եւ 2003-ի տարեկան հաշվետվությունները ներկայացրել է ԱԺ-ին՝ «սույն հաշվետվությունը ընդգրկում է 2004-ի օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման գործընթացը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել