Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 14,2006 00:00

«Բարգավաճ Հայաստան»-ի համար ընդունելի է արցախյան հիմնախնդրի
այնպիսի կարգավորումը, որի բանակցային գործընթացում ԼՂՀ-ն հանդես կգա որպես լիիրավ
կողմ, իսկ Արցախի կարգավիճակի հարցում կբացառվի որեւէ լուծում՝ առանց Արցախի ժողովրդի
համաձայնության:2. Ուղենիշները Հայաստան- Սփյուռք հարաբերություններում
2.1 Սփյուռքահայության հետ հարաբերությունները, մասնավորապես՝
Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգված զարգացումը եւ հետագա խորացումը,
միջազգային իրավունքի նորմերին համապատասխան սփյուռքահայերի օրինական իրավունքների
ու շահերի պաշտպանությունը համարել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության
գերակայություններից մեկը: 2.2 Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների կարգավորման
եւ ուղղորդման նպատակով Հայաստանի եւ Սփյուռքի համապատասխան կառույցների ու մասնագետների
մասնակցությամբ մշակել «Հայաստան-Սփյուռք» հայեցակարգ, որտեղ, մասնավորապես, ամրագրված
կլինեն համազգային հիմնախնդիրները եւ դրանց լուծման մեխանիզմները: 2.3 Հայրենիք-Սփյուռք
հարաբերություններում Հայաստանի առաջատար դերի հրամայականից ելնելով Սփյուռքի կուտակած
քաղաքական, մտավոր, նյութական ներուժը, ներդրումային եւ մասնագիտական հնարավորություններն
առավելագույնս ի սպաս դնել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի զարգացման, Հայաստանը
համաշխարհային եւ տարածաշրջանային տնտեսությանն ինտեգրելու համատեղ ծրագրերի իրականացման,
համազգային հիմնախնդիրների լուծման, Մայր հայրենիքի շուրջ սփյուռքահայության համախմբման,
հոգեւոր-մշակութային արժեքների պահպանման գործին: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը
պետք է գործնական քայլեր իրականացնի սփյուռքահայ լոբբիստական կազմակերպությունների
հետ կապերը սերտացնելու, Սփյուռքի ազգային կյանքը աշխուժացնելու, Մայր հայրենիքի
քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթական, հոգեւոր-մշակութային, մարզական եւ հասարակական
կյանքին սփյուռքահայության լիարժեք մասնակցության համար հնարավորություններ ստեղծելու,
Սփյուռքի կրթամշակութային, հոգեւոր, մարզական եւ այլ բնույթի ձեռնարկները ծրագրավորված
ձեւով իրականացնելու, հայկական գաղթօջախների կրթական, մշակութային, հոգեւոր եւ մարզական
կառույցներում հայաստանցի մասնագետների գործունեությունը խրախուսելու, Սփյուռքում
հայոց լեզվի պահպանման, մայրենիի եւ Հայ ժողովրդի պատմության ուսուցման, կրթամշակութային
հաստատություններին համապատասխան դասագրքերով եւ մեթոդական ձեռնարկներով ապահովելու,
հայոց լեզվի եւ Հայ ժողովրդի պատմության գծով սփյուռքահայ ուսուցիչների եւ մասնագետների
պատրաստման եւ վերապատրաստման գործընթացը համակարգված իրականացնելու, Հայաստանի բարձրագույն
եւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սփյուռքահայության ուսումնառության
հնարավորություններն ընդլայնելու, համապատասխան չափորոշիչներից եւ առաջնահերթություններից
ելնելով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության ծրագրավորման, ֆինանսական
միջոցների հավաքագրման եւ ծախսման թափանցիկության, հրապարակայնության եւ նպատակային
օգտագործման, ոչ միայն համահայկական հարցերի իրականացման, Հայաստանի եւ Արցախի բարգավաճման,
այլեւ աստիճանաբար սփյուռքահայության հիմնախնդիրների լուծման համար համապատասխան
միջոցների տրամադրման ուղղությամբ: 2.4 Անհրաժեշտ է սկզբունքորեն վերանայել
Սփյուռքի ներուժի նկատմամբ մինչ օրս դրսեւորված սպառողական վերաբերմունքը՝ Սփյուռքը
դիտարկելով ոչ թե որպես նվիրատվությունների եւ ֆինանսավորման աղբյուր, այլ Հայաստանի
Հանրապետության եւ համազգային խնդիրների լուծման ընթացքում որոշակի կարգավիճակ ունեցող
գործընկեր եւ սուբյեկտ: Սփյուռքի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ոչ թե նվիրատվություններ
եւ ֆինանսական միջոցներ հավաքելն է, այլ հայաստանյան եւ համազգային խնդիրների լուծման
շուրջ հայությանը միավորելը: 2.5 Հայաստան-Սփյուռք հարաբերությունները որակական
նոր մակարդակի վրա բարձրացնելու գործում կարեւորվում է Հայաստանի սահմաններից դուրս
այդ հարաբերությունները համակարգող մարմնի ստեղծումը, որին հասնելու ճանապարհին լուրջ
նշանակություն կունենա Հայ առաքելական եկեղեցու միասնությունը: 2.6 Հայկական
համայնքների ներուժն ի նպաստ հայությանը ծառայեցնելու համար լուրջ դերակատարություն
կարող է ունենալ սփյուռքահայության շրջանակներում բարի կամքի դեսպանի ինստիտուտի
ստեղծումը, որը վստահություն կստեղծի արտերկրի մեր հայրենակիցների մոտ՝ Հայաստանի
Հանրապետությունում լուրջ ներդրումներ կատարելու առումով: 2.7 Հայաստան-Սփյուռք
հարաբերությունների հիմքում պետք է դրվի այն գաղափարը, որ համահայկական հոգեւոր-մշակութային
կենտրոնը Հայաստանի Հանրապետությունն է, որը պետք է ստանձնի Մայր հայրենիքի շուրջ
հայության միավորման առաջատարի եւ ազգապահպանության երաշխավորի դերակատարությունը:
2.8 Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խորացման նպատակով անհրաժեշտ ենք
համարում ստեղծել այդ հարաբերությունները համակարգող նախարարություն, իսկ քարոզչության
բնագավառում սփյուռքահայության գործունեությունը համակարգելու նպատակով՝ համահայկական
քարոզչական կենտրոնացված կառույց: 3. Արտաքին քաղաքականության մյուս
ուղենիշները 3.1 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի
Հանրապետության մասնակցության չափն ազգային, պետական իրատեսական շահերով պայմանավորելը:
3.2 Հայաստանի անմիջական հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների
հաստատումը, տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատմանը նպաստելը,
միջազգային եւ տարածաշրջանային ծրագրերի իրականացման գործընթացում Հայաստանի ընդգրկումը,
Հայաստանը տարածաշրջանային զարգացման կենտրոնի վերածելը: 3.3 Հայրենիք-Սփյուռք
հարաբերությունների համակարգված զարգացումը եւ հետագա խորացումը, միջազգային իրավունքի
նորմերին համապատասխան արտասահմանում ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքահայերի օրինական
իրավունքների ու շահերի պաշտպանությունը: 3.4 ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրամիության,
ԱՀԿ-ի, ՍՏՀ-ի եւ եվրոպական ու միջազգային այլ կազմակերպությունների եւ կառույցների
հետ Հայաստանի Հանրապետության արդյունավետ համագործակցությունը: 3.5 ՀՀ զարգացմանը,
անվտանգության ապահովմանը եւ բարգավաճմանն աջակցող երկրների եւ միջազգային կառույցների
հետ ռազմավարական ծրագրերի իրականացումը: 3.6 Եվրամիությանն անդամակցությունը,
որի համատեքստում անհրաժեշտ է՝ * ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ՀՀ օրենսդրությունը
Եվրոպական Միության ակտերին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ եվրոպական կառույցներին
ինտեգրվելու ուղղությամբ, * նպաստել բոլոր բնագավառներում Եվրոպական Միության
երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը, ընդլայնել եւ խորացնել համագործակցությունը
եվրոպական անվտանգությունն ապահովող կառույցի՝ ՆԱՏՕ-ի հետ: 3.7 ԱՄՆ-ի հետ
բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հետագա խորացումը եւ քաղաքական, տնտեսական,
ռազմական, անվտանգության, հոգեւոր-մշակութային, սոցիալական եւ այլ բնագավառներում
համագործակցության մակարդակի էական բարձրացումը նպատակաուղղել այդ երկրի համակողմանի
ներգրավմանը Հայաստանում ժողովրդավարական, սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացմանը,
տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների լուծմանը, Հարավային Կովկասում կայուն
եւ երկարատեւ խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը, ԱՄՆ-ի կողմից իրականացվող կամ
համակարգվող տարածաշրջանային եւ միջազգային տարաբնույթ ծրագրերում ու կառույցներում
ՀՀ մասնակցության ապահովմանը: 3.8 Հայ-ռուսական ավանդական, բարիդրացիական
հարաբերությունների հետագա զարգացումն իրականացնել՝ ելնելով քաղաքական, սոցիալ-տնտեսական,
ռազմական, անվտանգության, հոգեւոր-մշակութային եւ այլ բնագավառներում փոխշահավետ
համագործակցության սկզբունքներից: 3.9 Համակողմանիորեն նպաստել հայ-չինական
հարաբերությունների հետագա զարգացմանը: 3.10 Տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում
հաղորդակցության ուղիների, էներգետիկ համակարգերի ստեղծման զանազան համատեղ ծրագրերի
իրականացման, մշակութային եւ այլ բնագավառներում խորացնել փոխշահավետ, բարիդրացիական
եւ ավանդական հարաբերությունները Իրանի հետ: Շարունակել «Իրան-Հայաստան» գազատարի
եւ հաղորդակցության այլ ուղիների կառուցումը (մասնավորապես՝ հեռանկարում ձեռնարկել
Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը), ընդ որում՝ գազատարի եւ հետագայում կառուցվելիք
հաղորդակցության այլ ուղիների տեխնիկական պարամետրերը պետք է թույլ տան դրանք օգտագործել
դեպի Եվրոպա եւ այլ երկրներ տարանցիկ փոխադրումներ իրականացնելու համար: 3.11
Հարավկովկասյան երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) լիարժեք զարգացումը եւ անվտանգությունը
կարող է ապահովվել այն դեպքում, երբ այդ պետությունները ընդգրկված լինեն անվտանգության
միեւնույն համակարգում: Հետեւաբար, անհրաժեշտ է նպաստել տարածաշրջանային անվտանգության
միացյալ համակարգի ստեղծմանը եւ դրա գործունեությանն ուղղված գործընթացների զարգացմանը,
ինչպես նաեւ էներգետիկ (նավթամուղների, գազամուղների, էլեկտրացանցերի) եւ հաղորդակցության
այլ ուղիների կառուցման եւ զարգացման համատեղ ծրագրերի հիման վրա Հարավկովկասյան
պետությունների տարածաշրջանային ինտեգրմանը: 3.12 Քաղաքական, տնտեսական, էներգետիկ,
տարածաշրջանային անվտանգության, հաղորդակցության ուղիների, հոգեւոր-մշակութային,
հումանիտար եւ այլ բնագավառներում զարգացնել ավանդական, բարիդրացիական, փոխշահավետ
հարաբերությունները Վրաստանի հետ: Հայ-վրացական հարաբերություններում կարեւորում
ենք նաեւ Վրաստանում բնակվող հայերի, մասնավորապես՝ ջավախահայության անվտանգության
եւ ինքնակառավարման իրավունքների ապահովման, Ջավախքի սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային
հիմնախնդիրների լուծման հարցում վրացական իշխանությունների առարկայական եւ ծրագրային
մոտեցումները: Այդ համատեքստում, Հայաստանը վրացական իշխանությունների հետ փոխհամաձայնեցված
ձեւով մշտապես պետք է աջակցի Ջավախքի խնդիրների լուծմանն ուղղված Վրաստանի քայլերին:
3.13 Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումը եւ երկու
երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է իրականացվի առանց
նախապայմանների առաջադրման: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի մերժումը
բացասաբար է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա: Հայաստանի եւ Թուրքիայի
միջեւ բնականոն փոխհարաբերությունների հաստատման շրջանակներում քննարկման առարկա
կարող են դառնալ, մասնավորապես, տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության,
արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Թուրքիայի կողմից կշռադատված,
կառուցողական, ոչ գաղափարախոսական դիրքորոշում ցուցաբերելու, հայ-թուրքական սահմանի
բացման, հաղորդակցության ուղիների, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման,
Թուրքիայում հայկական մշակութային արժեքների պահպանման հարցերը: Եվրամիությանը Թուրքիայի
անդամակցությունը, մեր կարծիքով, չի հակասում Հայաստանի Հանրապետության ազգային,
պետական շահերին, քանզի անդամակցության պարագայում Թուրքիան կարող է կանխատեսելի
եւ վերահսկելի քայլեր կատարել իրական ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության,
Հայաստանի հետ համագործակցության, շրջափակման վերացման եւ Հայոց ցեղասպանության ճանաչման
ուղղությամբ: 3.14 Կառուցողական քայլեր իրականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների
կարգավորման ուղղությամբ: Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում
առկա կնճռոտ հիմնախնդիրները կարող են լուծվել ոչ թե ատելության, այլ հանդուրժողականության
մթնոլորտում՝ ելնելով պատմական փաստերից, արդի իրողություններից, միջազգային իրավունքի
նորմերից եւ սկզբունքներից: Եվրոպական ընտանիքին անդամակցության, աշխարհում ժողովրդավարական
գործընթացների անշրջելիության եւ անմիջական հարեւաններ լինելու հանգամանքները ենթադրում
են, որ հայ ժողովուրդը կարող է կողք կողքի խաղաղ գոյակցել թուրք եւ ադրբեջանցի ժողովուրդների
հետ: 3.15 Հետխորհրդային մյուս երկրների հետ նույնպես զարգացնել երկկողմ հարաբերություններ:
Անցյալում գոյություն ունեցած տնտեսական կապերի, հումքի եւ սպառման շուկաների վերականգնման,
հոգեւոր-մշակութային բնագավառներում համագործակցության իրականացման ուղղությամբ ձեռնարկել
համապատասխան քայլեր: 3.16 Զարգացնել ավանդական, բարիդրացիական եւ փոխշահավետ
համագործակցությունը արաբական երկրների հետ: 8. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման
եւ բնական պաշարների ողջամիտ օգտագործման բնագավառում առկա հիմնախնդիրների լուծման
համար անհրաժեշտ է համարում մարդկանց արժանավայել ապրելու համար բնապահպանական անվտանգ
կենսապայմանների ստեղծումը, բնապահպանական նոր քաղաքականության, այդ թվում՝ «Շրջակա
միջավայրի անվտանգության ապահովման հայեցակարգի», բնապահպանական երկարաժամկետ, համալիր
պետական ծրագրերի մշակումը, ինչպես նաեւ բնապահպանության եւ բնօգտագործման ոլորտի
օրենսդրության կատարելագործումը: Բնական պաշարների ողջամիտ օգտագործման պետական
քաղաքականության իրականացման առումով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ձգտելու
է ակտիվ քաղաքականություն իրականացնել հետեւյալ ուղղություններով. 1. հստակեցնել
բնական պաշարների օգտագործման ոլորտի, այդ թվում՝ հողային, ջրային, անտառային ու
բնական այլ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման եւ պահպանության խնդիրները, ծրագրային
հիմքերի վրա դնել օդային ավազանի պահպանման եւ դրա բարենպաստության մակարդակի բարձրացման
հարցերը, 2. հատուկ ուշադրություն դարձնել Սեւանա լճի՝ որպես Հայաստանի Հանրապետության
բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական,
առողջապահական, բնակլիմայական եւ ռեկրեացիոն արժեք ունեցող էկոհամակարգի հիմնախնդիրների
լուծմանը, մշակել եւ իրականացնել Սեւանա լճի բնական մակարդակի վերականգնման, նրա
էկոհամակարգի բնական պաշարների վերարտադրության, պահպանման եւ դրանց օգտագործման
համալիր, տարեկան եւ նպատակային ծրագրեր: Մենք համոզված ենք, որ քաղաքացիական
համախմբվածության, համերաշխության եւ ժողովրդի վստահությունը վայելող իշխանության
պարագայում կունենանք ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն:
ՄԻԱՍԻՆ ԿԱՌՈՒՑԵՆՔ ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ: Սիրելի հայրենակիցներ.
Շնորհակալությամբ կընդունենք սույն փաստաթղթի վերաբերյալ Ձեր դիտողություններն
ու առաջարկությունները, որոնք մինչեւ ս/թ մայիսի 15-ը կարող եք ներկայացնել Կուսակցության
տարածքային գրասենյակներ կամ զանգահարել 56-06-50 հեռախոսահամարով: Ստացված
դիտողություններն ու առաջարկությունները կքննարկվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության
ծրագրի նախագծի հեղինակների կողմից, իսկ ծրագրի վերջնական տարբերակը կներկայացվի
Կուսակցության համագումարի հաստատմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել