Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Ամյանը կմեկնի Յուրմալա

Ապրիլ 14,2006 00:00

Այս
տարի Հայաստանը «Նովայա վոլնա-2006» ամենամյա ժամանակակից երգի միջազգային մրցույթին
կներկայանա ԼՂՀ դեմքով: Օրերս Մոսկվայի «Մետելիցա» համալիրում կայացել են
մրցույթի կիսաեզրափակիչ փուլի լսումները, որոնց արդյունքում 128 մասնակցից եզրափակիչ
է անցել 16-ը: Մոսկվայից վերադառնալուն պես Ռ. Ամյանը զրուցեց «Առավոտի» հետ:
Նա տեղեկացրեց, որ դեռ փետրվարին 5000 մասնակցի լսումներ են կատարվել CD-ների միջոցով:
«Երբ Նադեժդա Սարգսյանը 2005-ին Արցախում կայացած «Ընծա» համահայկական մրցույթի ավարտին
(Ռ. Ամյանն արժանացել է Գրան պրիի) իր «ընծան» մատուցելով ասաց, որ 2006-ին առաջարկում
է ինձ մասնակցել Յուրմալայի հեղինակավոր մրցույթին, շոկի մեջ ընկա: Մասնակցել եմ
Արթուր Գրիգորյանի «Արցախյան ձայներ» նախագծին եւս, բայց միջազգային ասպարեզ դուրս
չեմ եկել: Մինչ Մոսկվայի կիսաեզրափակիչին մասնակցելը, շոկային վիճակս շարունակվում
էր: Հիմա էլ առանձնապես դրանից դուրս չեմ եկել: Այս տարի, օրինակ, եզրափակիչ անցավ
Սան Ռեմոյի փառատոնի մրցանակակիրներից մեկը, հիանալի էր երգչուհին ԱՄՆ-ից, Իսրայելի
ներկայացուցիչը՝ նույնպես»,- հայտնեց Ռ. Ամյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ ժյուրիի
կազմում են «Նովայա վոլնայի» գլխավոր պրոդյուսերը՝ հանրահայտ «Սլիվկի», «Սմեշ», «Օտպետիյե
մաշեննիկի» խմբերի պրոդյուսեր Եվգենի Օռլովը, Ալսուի պրոդյուսեր Ալեքսանդր Շեւչենկոն,
Իգոր Նիկոլաեւը, Իգոր Կրուտոյը, Ալլա Պուգաչովան: Հետաքրքրությանը՝ գաղտնիք չէ, որ
երգչի կարիերայում, մանավանդ սկզբում, կարեւոր է նաեւ պրոդյուսերի դերը: Մոսկվայում
ինչպիսին էր ձեր պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի եւ ձեր թվարկած հանրահայտ պրոդյուսերների
շփումը: «Մանրամասն երեւի պրոդյուսերս կպատասխաներ, բայց ասեմ այն, ինչ տեսել եմ:
Ժյուրիի անդամները տեսնելով Նադյային, համբուրեցին ձեռքը, բնականաբար, մտքեր փոխանակեցին:
Հիշում եմ այն մասը, որը վերաբերում էր ինձ: Այս տարի ո՞ւմ ես ներկայացնում հարցին
պրոդյուսերս պատասխանեց՝ Ղարաբաղից է, ոչ միայն ուժեղ հոգով, ոգով ու ձայնով, այլեւ
իսկական մարտնչող տղամարդու տեսակ է (ինչը, ըստ հասարակության մեջ տարածված խոսակցությունների,
դեֆիցիտ է շոու-բիզնեսում ընդհանրապես): Անհամեստորեն պետք է ասեմ (ծիծաղում է),
որ կիսաեզրափակիչում միայն Ամերիկան ներկայացնող երգչուհու ու իմ ելույթից հետո ժյուրին
ծափահարեց: Բնական է, ամեն ինչ ցույց կտա եզրափակիչը, որը կկայանա հուլիսի 26-ից
օգոստոսի 1-ը: Նշեմ նաեւ, որ եղան ելույթներ, որոնք ժյուրին անգամ մինչեւ վերջ չլսեց:
Այդ բախտին արժանացավ Թուրքիայի ներկայացուցիչը»,- պատասխանեց երգիչը: Հարցին՝ դուք
սովորում եք կոնսերվատորիայում, դասական վոկալի բաժնում: Հնարավո՞ր է, որ եզրափակիչին
ընդգրկեք նաեւ, որպես համաշխարհային հիթ՝ դասական կոմպոզիտորի որեւէ երգի ժամանակակից
մեկնաբանություն, Ռ. Ամյանը հայտնեց. «Օրերս պրոդյուսերիս հետ հենց այդ մասին էինք
խոսում ու եկանք այն եզրակացության, որ անպայման պետք է ներկայացնել նաեւ դասական
գործ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մրցույթի ժյուրին ինքն է ընտրելու եզրափակիչի
օրը, ներկայացվող երգերը: Նրանք Մոսկվայում էլ կեսկատակ-կեսլուրջ ասացին՝ շոուն մերն
է, մենք ենք ընտրելու երգերը, կներկայանաք մեկ բաժին տեւողությամբ ծրագրով»: Տեղեկացնենք
նաեւ, ինչպես մրցույթի բոլոր մասնակիցները, այնպես էլ հայ երգիչը Յուրմալայում բեմ
կբարձրանա երեք օր, առաջին օրը ներկայացնելով մեր երկրի հիթը համարվող երգ, երկրորդ
օրը՝ համաշխարհային որեւէ հիթ, եւ վերջում՝ երգ, որը գրված է հատուկ իր համար: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել