Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՓԱՆՑԻ՞Կ ԵՆ, ԱՐԴՅՈՔ, ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԸ

Ապրիլ 14,2006 00:00

Օմբուդսմենի կայքում Լարիսա Ալավերդյանը դեռ շնորհավորում է

«Առավոտի» իրավական էջը պատրաստելիս օրը մի քանի անգամ այցելում ենք ՀՀ ուժային կառույցների, իրավապահ, արդարադատության մարմինների պաշտոնական կայքեր: Որքանո՞վ է նրանց տեղեկատվությունը մատչելի, օպերատիվ եւ ամբողջական: ՀՀ պաշտպանության նախարարության www.mil.am կայքն ունի լուրեր, ընդհանուր տեղեկություններ, մամուլ, իրավաբանական էջ անփոփոխ խորագրերը, ՀՀ ոստիկանության www.police.am-ը՝ պատմություն, նշանավոր օրեր, խորհրդանիշեր, արխիվ: ՊՆ-ի լուրերը իրենց բնույթով միջոցառումային են: Այստեղ հիմնականում լուսաբանվում են նախարարի շրջայցերը, նրա մասնակցությամբ միջոցառումները: Լուրերի բաժնից որեւէ անգամ չես ստանա ՊՆ որեւէ զորամասում կատարված արտակարգ դեպքերի, իրավիճակների կամ որեւէ միջոցառման մասին տեղեկություններ: ՊՆ կայքը թեեւ հարուստ չէ լուրերի հարցում, սակայն բավական խոսուն է «Ընդհանուր տեղեկություններ» խորագիրը, մասնավորապես՝ «Բյուջե եւ գնումներ» բաժինը:

Ի տարբերություն ՊՆ-ի, ոստիկանությունը ունի օպերատիվ ամփոփագիր, որում գրեթե ամեն օր տրվում է նախորդ օրը կատարված հանցագործությունների մասին: Ոստիկանությունը առաջնորդվում է յուրօրինակ «անմեղության կանխավարկածով» եւ շարունակում է միայն իր հեռուստաեթերի համար հերոսներին ներկայացնել կասկածյալների անուն-ազգանունները: Ամփոփագրերում հաճախ չի նշվում դեպքի վայրը: Կցկտուր, հապավումներով լեցուն տեղեկատվությունից թերեւս մի քայլ առաջ է այն, որ տուժողների անուն-ազգանունները գոնե այսօր հրապարակվում են: Ոստիկանության «հետախուզում» բաժնի «վտանգավոր հանցագործ» ենթավերնագրի տակ դեռեւս 2005թ. հոկտեմբերի 28-ից որոնվում է Արսեն Աշոտի Գասպարյանը: Մի քանի օր առաջ «նրան միացավ» երկրորդ վտանգավոր հանցագործը՝ Համլետ Ֆելիքսի Ծատուրյանը, որը հետախուզվում է 2006թ. ապրիլի 10-ից: «Անհետ կորածներ» ենթավերնագրի տակ տեղ են գտել 2002թ. փետրվարի 22-ից մինչեւ 30.04.2005թ. կորածները: «Չճանաչված դիակ» բաժնում մշտապես տվյալներ չես գտնի: Police.am-ը տարբերվում է նրանով, որ իր լուրերում որոշակի վերաբերմունք է ցույց տալիս, այն արտահայտելով թերթային հնարքներով, վերնագրերով: Օրինակ՝ «Սյուն կտրելու անհաջող փորձ», «Ինքը տխուր ու մոլոր», «Պարբերաբար», «Զիլի» թշնամին», «Մեղավոր «Կամազը», երբ պաշտոնական լրահոսում պետք է ընդամենը չոր տեղեկատվություն:

ՀՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության www.ema.am կայքը տրամադրում է ՀՀ-ում ամենօրյա արտակարգ դեպքերի օպերատիվ տեղեկագիրը: Այն թերեւս ամենաբովանդակալիցն է. տեղեկագրում նշվում է օրը, երկրորդ սյունակում՝ արտակարգ դեպքերը եւ ձեռնարկված միջոցառումները, հասցեատերերի տվյալները, պատահարի վայրը, ժամը:

ՀՀ գլխավոր դատախազության www.genproc.am կայքը պաշտոնապես գործում է մարտի 1-ից եւ, փաստորեն, կարող է մրցել ema.am-ի հետ: Մասնավորապես՝ իր «Նորություններ», «Փաստաթղթեր եւ վիճակագրություն» բաժիններով: Ի տարբերություն մնացյալ կայքերի, ամեն օր «թարմացվում» են են գերատեսչական փաստաթղթերը՝ բողոքները, տեղեկանքները: Հասանելի են դարձել անգամ ՀՀ գլխավոր դատախազի հրամանները, մի բան, որ ամիսներ առաջ չկար ու չես գտնի, օրինակ, ՀՀ ոստիկանության կայքում: Այստեղ լուրերը մատուցվում են առանց քնարական զեղումների ու ժամանակին:

Արդարադատության նախարարության www.justice.am պաշտոնական կայքի վերջին լուրը, երեկվա դրությամբ, 2006-ի մարտի 20-ի թվագրությամբ առեւտրային արբիտրաժի մասին ՀՀ օրենքի նախագիծն էր: Կա «Նամակ նախարարին» բաժին, որում հղում է արված, թե «բոլոր նամակները ուշադրությամբ կուսումնասիրվեն»:

ՀՀ փաստաբանների պալատը դեռ չունի պաշտոնական կայք, իսկ մեզ հետաքրքիր մեկ այլ՝ իրավապաշտպան ոլորտում պատկերը հետեւյալն էր. www.ombuds.am՝ Մարդու իրավունքների պաշտպանի կայքով օմբուդսմենը դեռ Լարիսա Ալավերդյանն է, իսկ «Նորություններ» բաժինը սկսվում է 20.12.2005թ.-ից մինչեւ 01.01.2006 Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում առկա բողոքների ստացման մասին տեղեկատվությամբ, ինչպես նաեւ Լարիսա Ալավերդյանի ամանորյա մաղթանքով:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել