Լրահոս
Օրվա լրահոսը

1 ՄԻԼԻՈՆԻ ԼԵԳԵՆԴԸ ՊԱՅԹԵՑ

Ապրիլ 14,2006 00:00

1
ՄԻԼԻՈՆԻ ԼԵԳԵՆԴԸ ՊԱՅԹԵՑ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի երեկվա
նիստում քննարկվել է «Փախստականները եւ տեղահանված անձինք Հայաստանում, Ադրբեջանում
եւ Վրաստանում» զեկույցը, որի վերաբերյալ բանաձեւ է ընդունվելու: ԵԽԽՎ-ում
հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը երեկ «Մեդիամաքսին»
տված հարցազրույցում ասել է, որ բանաձեւի նախագծում առաջարկված փոփոխություններն
ու լրացումները «կրում են հիմնականում տեխնիկական բնույթ եւ չեն սպառնում Հայաստանի
շահերին», թեեւ նրա փոխանցմամբ, ադրբեջանական պատվիրակությունն առաջարկել էր բանաձեւում
ներառել 18 փոփոխություններ եւ լրացումներ: Եվս 16 փոփոխություն առաջարկել էր եվրոպացի
պատգամավորների խումբը՝ Լեո Պլատվոետի գլխավորությամբ, իսկ հայկական կողմը հանդես
էր եկել միայն մեկ առաջարկով, որով կոչ էր անում` փախստականներին եւ տեղահանված անձանց
չօգտագործել քաղաքական նպատակներով: Տ. Թորոսյանը հայտնել է, որ ԵԽԽՎ միգրացիայի
եւ փախստականների հարցերով կոմիտեի երեկվա նիստում որոշվել էր ընդունել եվրոպացի
պատգամավորների 15 առաջարկները, հայկական կողմի մեկ լրացումը եւ ադրբեջանական կողմի
առաջարկած փոփոխությունների գրեթե կեսը: ԱԺ փոխխոսնակի ասելով, բանաձեւի նախագծի
գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանում ամրագրված է Ադրբեջանում փախստականների
եւ տեղահանված անձանց թիվը՝ համապատասխանաբար 8.606 եւ 578.545: Դրա համար որպես
հիմք բանաձեւի հեղինակներն օգտվել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի
հավաստի տվյալներից: Ավելի ուշ, արդեն զեկույցի քննարկումից հետո, Տ. Թորոսյանն ասել
է, թե՝ «վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանի տարածած առասպելը՝ մեկ միլիոն փախստականների
մասին, այսօր պայթեց պղպջակի նման»: Ըստ «Մեդիամաքսի», Տիգրան
Թորոսյանը հայտնեց նաեւ, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի աշնանային նիստը կկայանա Երեւանում:
Նա նշել է, որ նիստի անցկացման ժամկետը ճշգրտվում է: ՀՀ ԱԺ փոխխոսնակը միաժամանակ
տեղեկացրել է, որ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն ԵԽԽՎ Քաղաքական կոմիտեի
նիստը նույնպես Երեւանում անցկացնելու վերաբերյալ, սակայն դրա հստակ ժամկետների մասին
խոսելը դեռեւս վաղ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել