Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն անկա՞խ կլինի

Ապրիլ 14,2006 00:00

Մինչ օրս նման բան պնդել ոչ ոք չի կարող

Երեկ ՀՀ խորհրդարանի հերթական նիստում օրենսդիրները քննարկել ու առաջին ընթերցմամբ ընդունել են ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը: Նման օրենք ընդունելու անհրաժեշտությունը ծագել էր սահմանադրական փոփոխությունների փաթեթը անցյալ տարվա նոյեմբերի 27-ին կեղծված հանրաքվեի արդյունքում ընդունված համարվելուց հետո: Նաեւ հայաստանյան ընդդիմության խոստովանությամբ, բարեփոխված ու արդեն գործող Սահմանադրության առավելություններից մեկն այն է, որ գործողը, ի տարբերություն նախորդի, հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին դիմել Սահմանադրական դատարան՝ «յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»: Իհարկե, այլ խնդիր է, թե ՍԴ-ն իր անդամներով հանդերձ գործնականում որքանո՞վ իշխանություններից ավելի անկախ կարող է լինել, քան այսօր մեր եռաստիճան դատական համակարգն է: Բոլոր դեպքերում, սույն օրենքի նախագծով թղթի վրա գրված դրույթները գոնե տեսականորեն ապահովում են այդ անկախությունը: Այսպես, օրինագծի հոդված 9-ով սահմանված է Սահմանադրական դատարանի անդամի անկախությունը. «1. Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանի անդամն անկախ է եւ ենթարկվում է միայն Սահմանադրությանը: 2. Սահմանադրական դատարանի անդամն իրավունք չունի իր գործունեության կապակցությամբ հայցել կամ ստանալ որեւէ ցուցում: 3. Սահմանադրական դատարանի անդամի գործունեության կապակցությամբ նրա նկատմամբ որեւէ ներգործություն անթույլատրելի է եւ հետապնդվում է օրենքով։ 4. Սահմանադրական դատարանի անդամի գործունեությանը միջամտության կամ նրա նկատմամբ այլ ներգործության յուրաքանչյուր փաստի մասին Սահմանադրական դատարանի անդամն անհապաղ իրազեկում է Սահմանադրական դատարանին, որն իր որոշմամբ կարող է  իրավասու մարմիններից պահանջել անհապաղ պատասխանատվության ենթարկել միջամտություն թույլ տված  եւ (կամ) այն կազմակերպած անձին»:

Օրինագծի եւս մեկ հոդվածով սահմանված է, որ ՍԴ անդամն անձեռնմխելի է: Նա չի կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաեւ նրա նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց Սահմանադրական դատարանի եւ իրեն նշանակող մարմնի՝ ԱԺ-ի կամ ՀՀ նախագահի  համաձայնության: Ընդ որում, ՍԴ-ի համաձայնությունը տրվում է եզրակացությամբ, ԱԺ-ինը՝ ԱԺ որոշմամբ, իսկ ՀՀ նախագահինը՝ հրամանագրով:

Օրինագծով ՍԴ անդամ կարող է լինել 35 տարին լրացած, ՀՀ ընտրական իրավունք ունեցող այն քաղաքացին, որը չունի այլ պետության քաղաքացիություն, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն կամ սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան, իրավաբանի մասնագիտությամբ առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ եւ տիրապետում է հայերենին։ ՍԴ անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից, որը չպետք է  խոչընդոտի Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների իրականացմանը եւ չի կարող  հարգելի պատճառ համարվել Սահմանադրական դատարանի նիստերից բացակայելու համար։ ՍԴ անդամը չի կարող լինել նաեւ որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ։

Ինչ վերաբերում է ՍԴ անդամի լիազորությունների դադարեցմանը, ապա, ի շարս օրինագծում մատնանշված մի շարք պատճառների ու հիմքերի, ՍԴ անդամի լիազորությունները դադարում են, երբ լրանում է նրա 65 տարին: Ընդհանուր առմամբ ներկայացված նախագիծը դրական գնահատեց նաեւ ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, ով նաեւ ասաց, թե, այդուհանդերձ, ինքը շուրջ 30 հարցադրումներ ու առաջարկություններ ունի այս նախագծի վերաբերյալ, որոնք խոստացավ առաջիկայում ներկայացնել:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել