Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅԱՆ ՇՔԱՀԱՆԴԵՍ

Ապրիլ 14,2006 00:00

Երեկ կայացած քվեարկությունը շատ խոսուն ապացույց
էր, թե մեր խորհրդարանական ուժերը որքանով են հավատարիմ իրենց գաղափարախոսությանն
ու հայտարարություններին: Խոսքը Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ.
ծրագրի կատարման հաշվետվության մասին է, որը հաստատելու համար ԱԺ էին կանչվել Լեւոն
Սարգսյանն ու միայն քվեարկության կոճակ սեղմելու համար նիստերի դահլիճ ժամանող բոլոր
պատգամավորները: Բերման ենթարկվածների գործոնը չեզոքացնելու համար՝ մինչ քվեարկությունը
«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը կոչ արեց ոչ թե դեմ քվեարկել,
այլ բոյկոտել, որ քվորում չապահովվի: Սակայն քվեարկությունը բոյկոտեցին միայն «Արդարությունն»
ու «Ազգային միաբանությունը»: Ընդ որում՝ վերջինիս մի անդամը՝ Հարություն Մուրադյանը,
որի եղբայրներին սեփականաշնորհվեց Մարզահամերգային համալիրը՝ քվեարկեց կողմ: Ծրագրի
կատարմանը նախապես դեմ արտահայտված խմբակցությունները հրաշալի գիտակցելով, որ դեմ
կամ ձեռնպահ քվեարկելու պարագայում հաշվետվությունը հաստատվելու է՝ նախընտրեցին այդ
տարբերակը: Քվեարկության արդյունքն էր՝ 65 կողմ, 9 դեմ եւ 10 ձեռնպահ: Խմբակցություններից
եւ ոչ մեկը չառանձնացավ միասնական քվեարկությամբ: ՄԱԿ խմբակցության ղեկավար
Գուրգեն Արսենյանը նախապես հայտարարել էր, թե լինելով «ազատական գաղափարախոսություն
կրող քաղաքական ուժ, որը երկու ձեռքով պաշտպանում է մասնավորեցման գաղափարը»՝ կասկածներ
ունեն, որ սեփականաշնորհման գումարների պետբյուջե պակաս մուտք արված գումարը գնացել
է առանձին անձանց գրպանը: Նաեւ նշեց, թե բացասական գնահատական են տալիս իրականացված
մասնավորեցման ձեւին եւ «գնային բաղադրիչին»: Սակայն ՄԱԿ խմբակցության անդամ Արթուր
Պետրոսյանը կողմ քվեարկեց հաշվետվությանը, իսկ Մնացական Պետրոսյանն ու Հռիփսիմե Ավետիսյանը՝
ձեռնպահ: 115 տարի սոցիալիստական գաղափարախոսության կրող կուսակցության՝ ՀՅԴ
անդամները կողմ քվեարկեցին իրականացված մասնավորեցմանը: Կարելի է հավելել՝ ինչպես
միշտ, քանի որ դաշնակցականները միայն 2003-ի դեկտեմբերին էին դեմ քվեարկել մասնավորեցման
2002-ի ծրագրի կատարման հաշվետվությանը՝ այն էլ, քանի որ միայն Պետական գույքի կառավարման
վարչության պետ Դավիթ Վարդանյանի պաշտոնանկությանը հասնելու խնդիր կար: ՀՅԴ խմբակցության
ղեկավար Լեւոն Մկրտչյանը նշեց. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի
կատարման այս նույն հաշվետվությունը 2004-ին բերել, քվեարկվել է ԱԺ-ում, եւ ընդհանրապես
չեն եղել դեմ ձայներ: Մեր կուսակցությունն այն ժամանակ էլ էր քվեարկել կողմ: Հիմա
պատճառ չէինք տեսնում 2004-ի հաշվետվությանը դեմ քվեարկելու, մանավանդ որ՝ նույն
ծրագիրն է, որեւէ որակական տարբերություն չկա 2004-ի եւ 2003-ի հաշվետվությունների
միջեւ: Ընդհակառակը՝ 2004-ի ընթացքում իսկապես նկատվում է վարչարարության բարելավում
եւ դրական արդյունքների միտում»: Հիշեցմանը, թե իրենք այնուամենայնիվ սոցիալիստական
կուսակցություն են՝ պրն Մկրտչյանն այսպես արձագանքեց. «ՀՅԴ-ն սկզբից եւեթ դեմ էր
սեփականաշնորհման այն ձեւերին, որ կիրառվեցին: Հետագայում գործընթացը կարգավորվեց,
եւ դրան զուգընթաց՝ մենք արդեն կողմ ենք քվեարկել մասնավորեցման ծրագրերին: Բայց
միաժամանակ, իբրեւ ընկերվարական կուսակցություն, գտնում ենք, որ մասնավոր շուկայական
տնտեսությունն այն միակ ճանապարհն է, որ պիտի օգնի ոտքի կանգնել Հայաստանին: Պարզապես
պետությունը պետք է վարի ավելի վճռական քաղաքականություն»: Առավել երկակի
է ՕԵԿ-ի վիճակը: Մհեր Շահգելդյանը խմբակցության անունից հայտարարել էր, թե դեմ են
2001-2003 թվականների մասնավորեցմանը եւ չեն պատրաստվում կողմ լինել մի գործընթացի,
որը միշտ քննադատել են հրապարակայնորեն: Սակայն պարզվեց, որ խմբակցության 7 անդամներ
քվեարկել են ձեռնպահ, եւ ավելին՝ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանը քվեարկել է
կողմ: Վերջինիս մասին հիշատակմանը պրն Շահգելդյանն արձագանքեց ձեռքերը տարածելով՝
«Դե, մեծամասնականով ընտրված պատգամավոր է: Այս կապակցությամբ կարտահայտենք մեր դիրքորոշումը»:
Եվ ամենահետաքրքիրը՝ պարզվում է, որ ՕԵԿ խմբակցության անդամները՝ Արթուր Բաղդասարյանի
գլխավորությամբ, 2004-ի հոկտեմբերի 25-ին կողմ են քվեարկել այս նույն Պետական գույքի
մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի կատարմանը: Ուղղակի այն ժամանակ այն ընդգրկել
է 2003-ի տարեկան հաշվետվությունը, ինչպես այս անգամ էր ընդգրկում 2004-ի հաշվետվությունը:
«Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքի համաձայն՝ եթե նոր ծրագիր չի ընդունվում,
շարունակում է գործել հինը: Սակայն երբ Մհեր Շահգելդյանին խնդրեցինք մեկնաբանել իրենց
այս հակասական քվեարկությունները՝ ասաց. «2004-ին քվեարկվել է միայն 2003-ի տարեկան
հաշվետվությունը: Այս անգամ քվեարկվում էր 2001-2003թթ. ծրագրի հաշվետվությունը:
Սա ամբողջ փաթեթի վերջնական քվեարկություն էր, եւ մեր մոտեցումն ամբողջական գործընթացի
նկատմամբ էր»: Մինչդեռ հաշվետվության սկզբում իսկ նշված է, թե հաշվի առնելով այն
հանգամանքը, որ կառավարությունը 2001, 2002 եւ 2003-ի տարեկան հաշվետվությունները
ներկայացրել է ԱԺ-ին՝ «սույն հաշվետվությունը ընդգրկում է 2004-ի օրացուցային տարվա
ընթացքում իրականացված մասնավորեցման գործընթացը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել