Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱԱ

Ապրիլ 13,2006 00:00

«ԳԱԱ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՇԽԱՏԻ ԱՎԵԼԻ ԼԱՎ» Վստահ է Ֆադեյ Սարգսյանը Երեկ տեղի ունեցած ԳԱԱ տարեկան հաշվետու ժողովին, ի զարմանս գիտնականների, ներկա չէր հիմնադիրը՝ ի դեմս ՀՀ վարչապետի: Կիսադատարկ դահլիճում չկար նախկին էնտուզիազմը, մի քանի օր առաջվա նման Ֆադեյ Տաճատիչին փառաբանող ճառեր չեղան, եւ եղած մի քանի ելույթները նվիրվեցին ընդհանուր ակադեմիական խնդիրներին: Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Ղարագյոզյանն իր ելույթում նույնիսկ ցանկություն հայտնեց, որ ժողովին պետք է ներկա լիներ նաեւ հանրապետության նախագահը, որովհետեւ «այստեղ գիտնականներն են, որտեղ պետք է լուծվի երկրի ստրատեգիան որոշող հարցերից մեկը, առանց գիտության ո՞վ իրավունք ունի արտասանել քաղաքակիրթ երկիր, քաղաքակիրթ հասարակություն բառերը: Հայաստանն այսօր դարձել է չարչստան, ոչ թե Հայաստան, մինչդեռ քաղաքակրթության օրրան էր համարվում: Ինչո՞ւ այստեղ չէ հանրապետության նախագահը: Մի՞թե ավելի կարեւոր ժողովների է նա մասնակցում: Ֆիզկուլտուրնիկները, բանը՝ հասկացանք…»: Կ. Ղարագյոզյանը ուզում էր ղեկավարությանը դիմել, որպեսզի վերջիններս փոխեին իրենց մոտեցումները, հասկանային, որ ակադեմիային արմատական փոփոխություններ են պետք, ֆինանսական միջոցներ եւ այլն: Բայց, ցավոք, ղեկավարությունից միայն Սերգո Երիցյանն էր մնացել (Հրանուշ Հակոբյանն էլ շուտ լքեց դահլիճը, թեեւ նրան շարունակում էին հարցեր հղվել), ումից էլ Կ. Ղարագյոզյանը պահանջում էր դիմել կառավարությանը եւ վերանայել ակադեմիայի խնդիրները: Սերգո Երիցյանն էլ իր հերթին նորից կրկնեց, որ ակադեմիան եղել է, կա ու կլինի, որ բարեփոխումները կիրականացվեն ԳԱԱ գիտնականների համաձայնությամբ ու մասնակցությամբ: Երեկվա ժողովում եւ դրանից հետո տեղի ունեցած նախագահության նիստում գիտնականները շարունակ կրկնում էին, որ պետք է թողնել խորհրդային շրջանի պահպանողական մոտեցումները եւ ԳԱԱ կառավարման հարցում որդեգրել առավել դեմոկրատական մոտեցումներ: ԳԱԱ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանին հարցրինք, թե ինչու են իր գնալուց հետո միայն նման հայտարարություններ արվում: «Այդ խոսքերը միշտ էլ ասում ենք, Աստված տա՝ լինի»,- պատասխանեց Ֆ. Սարգսյանը: Ֆադեյ Սարգսյանն իր ելույթում արձանագրեց, որ վերջին մեկ տարին իր կյանքի ամենածանր տարին էր, ավելին՝ այն տարին, երբ ինքն առաջին անգամ չի կարողացել մարդավարի ապրել: Պատճառը ակադեմիայի շուրջ ստեղծված խոսակցություններն են ու այն լուծարելու մասին լուրերը. «Բայց բարեբախտաբար լսեցինք ամենակարեւորը, որ հաջողվեց պահպանել մեր գիտությունն ու ակադեմիան: Ով էլ դառնա ակադեմիայի նախագահ, համոզված եմ՝ կաշխատի ավելի լավ, քան ես: Ինչպես ուզում եք վերցրեք, չի կարող պատահել, որ ավելի երիտասարդը ավելի լավ չաշխատի»,- իր խոսքն ավարտեց պրն Սարգսյանը՝ շեշտելով, որ որեւէ մեկից նեղացած չի հեռանում եւ շնորհակալ է անխտիր բոլոր գործընկերներից: ԳԱԱ նախկին նախագահն այս պահին ակադեմիայի նախագահի նախընտրելի թեկնածու չունի: Լուրերին, թե նրա թեկնածուն Երեւանի հաշվողական մեքենաների ինստիտուտի (Մերգելյանի ինստիտուտ) տնօրեն Ռոմիկ Աթոյանն է, պրն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ես դեռ չեմ նախընտրել, ես ասել եմ, որ այդ մարդուն շատ սիրում եւ հարգում եմ, նրա հետ աշխատել եմ, ես նաեւ շատ սիրում եմ Ռադիկ Մարտիրոսյանին, Յուրի Սարգսյանին, Յուրի Շուքուրյանին, Էդվարդ Ղազարյանին, Լենսեր Աղալովյանին… ով էլ ընտրվի՝ շատ հիանալի կաշխատենք: Պետք է աշխատող լինի, գիտնական լինի, մեզ մոտ այդպիսի մարդիկ կան»: Ռ. Աթոյանն իր հերթին ասաց, որ գաղափար չունի իր թեկնածության մասին լուրերից: Ակադեմիկոսներ Յուրի Սարգսյանն ու Ռադիկ Մարտիրոսյանն էլ ի պատասխան իրենց թեկնածության մասին ակնարկների, լրագրողներին հիշեցրին, որ իրենք իրենց չեն առաջադրում, այլ իրենց պետք է առաջադրեն. «Որքան է իմ անհրաժեշտությունը, պահանջարկը՝ այն պահին, երբ այդ հարցը կառաջանա ու ավելի հարմար թեկնածուներ չեն լինի, ես կմտածեմ»,- ասաց Յուրի Սարգսյանը: ԳԱԱ նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին, իսկ թե կոնկրետ որ օրը՝ կորոշվի գալիք չորեքշաբթի՝ նախագահության նիստում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել