Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԾԱՆԵԼԻՔ՝

Ապրիլ 13,2006 00:00

ՕԾԱՆԵԼԻՔ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ Հարկ ենք վճարում՝ նախագահի աշխատակազմին օծանելիք, կառավարությանը՝ հետեւի բարձ եւ մեր բոլոր իշխանավորներին պարագվայական թեյ մատակարարելու համար: ՀՀ պետական բյուջեով նախատեսված գնումների անվանացանկի ընթերցումը, հավատացնում եմ, այնքան էլ ձանձրալի զբաղմունք չէ: Կարելի է մի լավ ծիծաղել, զարմանալ ու նաեւ՝ արդարացի բարկանալ: Ես նախագահի ու իր աշխատակազմի համար օծանելիք գնել չեմ ցանկանում: Եվ ինչո՞ւ պետք է 2004-ի պետական բյուջեով՝ նախագահի ու աշխատակազմի անուշահոտությունն այդքան թանկ նստի մեզ վրա. մի ամբողջ 1?850?000 դրամ, որ, իհարկե, գոյանում է իմ, ձեր, մեր հայրենակիցների վճարած հարկերից: Յուրաքանչյուր հարկատու արդարացիորեն կարող է պահանջել երկրի իշխանություններից թափանցիկ աշխատանք, այն է՝ հրապարակել տարվա ընթացքում պետբյուջեով իրականացվելիք գնումների անվանացանկը: 2005-ի ու 2006-ի տարեկան բյուջեներում կատարվելիք մանրամասն ծախսերի մասին պետական տեղեկագիրքը չգիտես ինչու լռում է: Սակայն, ոչ հեռու անցյալում, 2004-ին, այդ ցանկը հասանելի էր յուրաքանչյուրին: Բավական է միայն ձեռքի տակ ունենալ 2004-ի բյուջեի մասին օրենքը՝ տպագրված ՀՀ պաշտոնական տեղեկագրքում, որտեղից էլ արվում են բոլոր մեջբերումները: Զավեշտ N1. Կարո՞ղ է որեւէ մեկը տրամաբանական բացատրություն տալ, թե ինչո՞ւ ես, դուք, մեր հայրենակիցները պետք է վճարեն 500?000 դրամ՝ հոգալու համար ՀՀ բնապահպանության նախարարության «Բաղնիքների եւ դուշերի, վարսավիրանոցների, ծիսական եւ արարողական ծառայությունների» ծախսերը: Հասկանալի է, որ պաշտոնյաները պետք է փայլեն մաքրությամբ ու գեղեցիկ սանրվածք ունենան: Սակայն մի՞թե մենք ենք դրա պատասխանատուն: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչպե՞ս են «բաղնիքների, դուշերի, վարսավիրանոցների ծառայությունները» համադրվում «ծիսական եւ արարողական» ծառայությունների հետ, մեկ ենթավերնագրում: Անհասկանալի է նաեւ, թե «դուշերում» ու «բաղնիքներում» մատուցվող այդ ի՞նչ «ծիսական» ու «արարողական» ծառայությունների մասին է խոսքը: Այստեղ կարելի է միայն երեւակայել…8230 բայց թողնենք այդ գործն ընթերցողին, շարունակելով մաքրակենցաղության թեման: Զավեշտ N 2. Լվանում ենք ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցների գլուխները՝ 10?000 դրամի շամպունով: Հարց է ծագում, թե ինչո՞ւ միայն այս նախարարության: Եթե լվանում ենք, ուրեմն, գոնե՝ բոլոր նախարարություններինը: Զավեշտ N 3. ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համար գնում կենդանի ճագար՝ 1 մլն դրամի եւ առնետներ ու սպիտակ մկներ՝ կենդանի, 3 մլն դրամի: Զավեշտ N 4. Նախագահի աշխատակազմի համար նախատեսված է 32.500 դրամ՝ «Կոշկեղեն, գլխարկներ, զոնտեր, արեւապաշտպան զոնտեր, ձեռնափայտեր, ձեռնափայտ-նստոցներ, խարազաններ, մտրակներ եւ դրանց մասերը, մշակված փետուրներ, արհեստական ծաղիկներ, մարդկային մազերից պատրաստված ապրանքներ, գետրիներ» ենթավերնագրով գնումներ կատարելու համար: Նախագահի աշխատակազմը նաեւ 14 մլն 508 հազ. դրամով գնումներ է կատարել «Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ եւ մեխանիկական հարմարանքներ, դրանց մասերը» ենթավերնագրով, որի ներքո, չգիտես ինչ տրամաբանությամբ, նախատեսված է հիմնականում համակարգչային տեխնիկայի գնում: Զավեշտ N 5. ՀՀ կառավարության համար պետբյուջեով նախատեսված է գնել «հետեւի բարձ»՝ 18.400 դրամով: Մեկնաբանություններն ավելորդ են: 8230 Զավեշտ N 6. Պարզվում է, ՀՀ դատախազությունը 2004-ին գնել է «Վերգետնյա տրանսպորտային միջոցներ, թռչող ապարատներ, լողուն միջոցներ, տրանսպորտին վերաբերող սարքեր եւ սարքավորումներ, դրանց մասերը»՝ 7.294 000 դրամով: Սրանք, անշուշտ, բարձրացրել են հայրենի դատախազության աշխատանքի արդյունավետությունը: Իսկ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունը 2004-ին 30 մլն դրամով բնակարան գնելու հնարավորություն է ունեցել: Զավեշտների ցանկը կարելի է շարունակել: Ավելացնենք նաեւ, որ մեր կառավարության բոլոր անդամ-պաշտոնյաների համար, պետական կարեւորագույն գործերը հավուր պատշաճի իրականացնելու համար 2004-ի պետբյուջեով գնվել է միլիոնավոր դրամների ավտոմեքենաներ, հարյուր հազարավոր դրամների «բոմբոներկա», «Ջերմուկ», «Կոկա Կոլա», «Ֆանտա», «Սփրայթ», «Փարիզյան սուրճ», «Նեսկաֆե», «Պելե», կոնյակ, կոֆե, պարագվայական թեյ՝ «Մատե»: Վերջինիս մասին համացանցում (ինտերնետում) կարդում ենք. թեյ, որ ուժ եւ էներգիա է հաղորդում, կարգավորում է ախորժակը, ուղեղի աշխատանքը եւ հակադեպրեսանտ է: ՍԵԴԱ ՄՈԻՐԱԴՅԱՆ Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել