Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ դասեր քաղեցին ապրիլյան դեպքերից

Ապրիլ 13,2006 00:00

Ի՞նչ դասեր քաղեցին ապրիլյան դեպքերից Երեկ լրացավ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա իրադարձությունների 2-րդ տարին Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ի պատասխան մեր հարցին՝ ի՞նչ դասեր է քաղել իշխանությունը 2004 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա դեպքերից, երբ իշխանությունը խաղաղ ցուցարարների վրա բռնի ուժ գործադրեց, պատասխանեց. «Չի կրկնվում, չէ՞»: ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը նկատեց, որ իր գլխավորած կուսակցությունը իր համար այդ իրադարձությունների արդյունքում ոչ մի նոր բան չի պարզել, քանի որ ի սկզբանե պարզ էր, որ «ի դեմս ոչ լեգիտիմ իշխանությունների, մենք ունենք բիրտ ուժ, որը խորությամբ գիտակցում է սեփական քաղաքականության ֆիասկոն: Այն դասը, որ մենք իրոք քաղեցինք, կապված չէր հայաստանյան իշխանությունների հետ, այլ միջազգային կառույցների հետ էր կապված, երբ վերջիններիս լռակյաց համաձայնությամբ հնարավոր դարձան այն բռնությունները, որոնց գագաթնակետն էր ապրիլի 12-ը: Այդ օրը պարզապես հանգուցալուծումն էր երեք-չորս ամիս շարունակվող բռնությունների շղթայի, երբ ամեն կերպ խոչընդոտվում էին մեր հանդիպումները ավաններում, մարզերում եւ գյուղերում, եւ ոտնահարվում էին մարդու իրավունքների հռչակագրի տարրական պահանջները: Եվ այս ամենը արվում էր այն երկրների դիվանագիտական առաքելությունների լռակյաց համաձայնությամբ, որոնք իրենց հրապարակային ելույթներում քարոզում էին ճիշտ հակառակը: Ուստի մեր քաղած դասն այն է, որ երբեք ու երբեք չի կարելի հույսը դնել այս կամ այն միջազգային կառույցի կամ երկրի աջակցությանը, այլ պետք է հույսը դնել միայն եւ միայն սեփական ուժերի, սեփական կազմակերպվածության վրա»: Ապրիլյան դեպքերից ֆիզիկապես տուժել էր նաեւ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, որը նկատեց, որ սովորաբար պատմությունից իշխողները ավելի շատ դասեր են քաղում, քան իշխվողները. «Եվ ապրիլյան դեպքերը մի բան հաստատեցին՝ որ հանրահավաքներին անհաղորդակից է մնում Երեւանը: Սա է խնդիրը: Մարդիկ շրջաններից հաղթահարելով ոստիկանների բռնությունները՝ մեծ ջանքերի շնորհիվ հասնում էին մայրաքաղաք, իսկ մայրաքաղաքը մնում էր անհաղորդ: Դասերից մեկը դա է՝ հասկանալ դրա պատճառները: Այսինքն՝ պետք է փոխել պայքարի ձեւերը՝ հաշվի առնելով՝ բնակչության ավելի մտավոր, ավելի գիտակից հատվածը քեզ հե՞տ է, թե՞ ոչ, որովհետեւ նրանից են սկիզբ առնում համապատասխան ազդակները: Եթե դա չկա, եւ հասարակությունը չի տեսնում այլընտրանքը, ապա հուսահատվում են, իսկ եթե տեսնում են այլընտրանքը, մարդիկ ոգեւորվում են: Եթե խոսում ենք դասերի մասին,ապա հիմնական դասը սա պետք է լիներ, բայց, ցավոք սրտի, այդ դասը չքաղվեց, եւ երբ եղավ հնարավորություն՝ համակարգային բարեփոխումների, սահմանադրական փոփոխությունների, այդ պահը եւս բաց թողնվեց, եւ մենք ունեցանք երկու հիասթափության ալիք՝ մեկը՝ ապրիլի 12-ից հետո, մյուսը, որն ավելի վտանգավոր է՝ սահմանադրական հանրաքվեից հետո: Մի ծայրահեղությունից հետո մենք տեսանք մյուսը: Երբ դու քո ճնշումներով հասել ես նրան, որ իշխանությունը տրամագծորեն փոխում է իր վերաբերմունքը սահմանադրության նկատմամբ, մեկ էլ հանկարծ դեմ ես արտահայտվում, այսինքն՝ տեր չես կանգնում քո արածին, իսկ երբ բերում են «ԸՕ» փոփոխությունները, որոնք իրենց էությամբ ուղղված են նորանոր կեղծիքների, հանկարծ կանգնում ես իշխանության կողքին»,- ընդդիմության պահվածքը անհասկանալի համարելով՝ զարմանում է Շավարշ Քոչարյանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել