Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐՄԻՐ

Ապրիլ 13,2006 00:00

«ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Ակնհայտ է, որ ԱԺ-ն այսօր չի հաստատելու 2004-ին պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման հաշվետվությունը: «Աշխարհը շուռ չի գա»,- այս հեռանկարն աչքի առջեւ ունենալով՝ ասում են կառավարության այս ոլորտի պաշտոնյաները, եւ հիշեցնում, թե 2002-ին իրականացված սեփականաշնորհման հաշվետվությունն էլ չի հաստատվել, սակայն դա չի ունեցել որեւէ իրավական հետեւանք: Երեկ խորհրդարանական բոլոր ուժերը, բացառությամբ ՀՀԿ-ի՝ քննադատեցին 2001-2003-ին իրականացված սեփականաշնորհումը: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն իր ելույթում ընդգծելով, թե տնտեսության զարգացման համար մասնավորեցումն այլընտրանք չունի՝ նշեց, թե այս գործընթացների իրականացման ձեւի պատճառով վարկաբեկվել է գաղափարը: Մասնավորապես հիշատակեց, թե ծրագրվածից 5 անգամ քիչ գումար է մուտք արվել բյուջե. «Մաքուր ձեռքերո՛վ չի արվել մասնավորեցման գործընթացը»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի խոսքից այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես են քվեարկելու այսօր: Ելույթը նա եզրափակեց սեփականաշնորհման գործընթացն արժեւորելու եւ հայեցակարգային մոտեցումները հստակեցնելու համար լսումներ կազմակերպելու առաջարկով: Սակայն «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց, որ 2003-ի դեկտեմբերին ՀՅԴ պատգամավորները դեմ կամ ձեռնպահ են քվեարկել համանման մի հաշվետվության: Այժմ էլ կոչ արեց դեմ քվեարկել՝ «կարմիր քարտ» ցույց տալով կառավարությանը: ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը չթաքցրեց, որ դեմ են 2001-2003 թվականների մասնավորեցմանը եւ չեն պատրաստվում կողմ լինել մի գործընթացի, որը միշտ քննադատել են հրապարակայնորեն: «Պարոնյան նորի՛ց կարդացեք»,- կոչ արեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա հաջորդ գեղարվեստական զուգահեռն էր. «Արդեն եկել է այն պահը, որ մարդիկ մտածում են, թե կոալիցիան էլ չկա՜, պիտի բաժանվե՜ն, մեկը փոշոտվե՜լ է, մյուսը՝ ծաղկի փոշու մեջ: Չկա՛ այդպիսի խնդիր: Վերջին հաշվով՝ բոլոր Մոխրոտները չեն, որ հեքիաթի վերջում դառնում են գեղեցկուհի: Մի՛ հավատացեք այդ հեքիաթներին»: Ծաղկափոշու մեջ ներկայանալու փորձերի վերաբերյալ կշտամբանքն ակնհայտորեն ուղղված էր ՕԵԿ-ին: Սակայն այդ կուսակցության եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր արտահերթ ելույթում խորհուրդ տվեց հանգիստ տանել քննադատությունը. «Մենք բրեժնեւյան ժամանակներում չենք ապրում»: Եվ արդեն իսկ հնչած փաստերին հավելեց նորերը. «Նաիրի» կինոթատրոնի շենքի մեկ քառ. մետրը վաճառվել է 40 դոլարով, երբ շուկայական գինը 1000-1200$ է: Հանրապետության 67-ում գտնվող տարածքը վաճառվել է 1 քառ. մետրը 65 դոլարով, երբ քաղաքի կենտրոնում շուկայական գինը 1200$-ից պակաս չէ: Բաղրամյան-Այգեձորի հատվածում 1 քառ. մետրը վաճառվել է 30$-ով, երբ շուկայական գինը 900-1000$ է. «Արաբկիր-Զեյթուն հատվածներում վաճառվել է պետական գույքը 10-20$-ով. շուկայական արժեքը տատանվում է 300-500$-ի սահմաններում: Արաբկիր ջրային մարզադպրոցի 4600 քառ. մետր շենքը վաճառվել է 1 քառ. մետրը 4.5 դոլարով՝ շուկայական գնից 100 անգամ պակաս»: ԱԺ նախագահը նշեց, որ այս փաստերը շարադրված են Վերահսկիչ պալատի հաշվետվություններում. «Շուրջ 200 ընկերությունների մոնիտորինգը ցույց է տալիս, որ ներդրումային պարտավորություններ են ստանձնել ընդամենը 27 ընկերություն: Իսկ 170-ը օտարվել է առանց որեւէ ներդրումային պարտավորություն ամրագրելու»: Ըստ մեկ այլ եզրակացության՝ շուրջ 100 ձեռնարկությունների մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս. «Պետք է կատարվեր 140 միլիոն դոլարի ներդրում՝ կատարվել է 37 միլիոնի ներդրում: Այսինքն՝ ավելի քան 100 միլիոն դոլարի պակաս ներդրում է կատարվել: Չեն ստեղծվել մի քանի հազար աշխատատեղեր: Ո՞ւմ ենք ենթարկել պատասխանատվության: Ո՛չ մեկին: Ես կարծում եմ, որ մեր պետական լիազոր մարմինը պետք է իրականացնի ավելի պատշաճ հսկողություն»: ԱԺ նախագահը հավելեց, որ առաջիկայում դատախազությանն է ուղարկելու Վերահսկիչ պալատի նյութերը: Նախօրեին նշվել էր, թե «Օրբիտա» ձեռնարկությունը գնահատվել է 3 մլրդ 166 մլն դրամ, բայց վաճառվել է 212 մլն դրամով: Սակայն երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը ճշտեց, որ «Օրբիտան» վաճառվել է 750 միլիոն դրամով, բացի այդ՝ ձեռնարկությունն ունեցել է 320 միլիոնի պարտք, 220 միլիոնի այլ պարտավորություններ, աշխատավարձի պարտքեր, որոնք մարվել են: Եվ «Օրբիտա»-ում արդեն իսկ արվել է 150 մլնի ներդրում, ավելացել են աշխատատեղերը եւ աշխատավարձերը: Երեկ ԱԺ-ն քննարկեց նաեւ «Պետական գույքի մասնավորեցման 2005-2007-ի ծրագիրը: Ըստ Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանի՝ այս ծրագիրն, ըստ ամենայնի, վերջինն է: Այն ներառում է 300-ից ավելի ընկերություններ, որոնց մեջ են մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերություններ, անավարտ շինարարական օբյեկտներ եւ այլն: Ըստ Կարինե Կիրակոսյանի, սա վերջին ծրագիրն է ոչ այն պատճառով, որ էլ վաճառելու բան չկա, այլ՝ քանի որ «արդեն մասնավորեցվել է պետական ընկերությունների այն մասը, որը թույլ է տալիս գործել ազատ շուկայական տնտեսության պայմաններում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել