Լրահոս
Օրվա լրահոսը

«Դարձ ի շրջանս յուր»

Ապրիլ 13,2006 00:00

88-ին սկսված պայքարը, 3-4 տարեկաններն այն, անշուշտ, չեն հիշի, պայքար էր անարդարության դեմ, հանուն ինքնահաստատման ու ինքնուրույնության եւ հանուն ամենամեծ արժեքի՝ ազատության:

Մի պարույր անցանք: Ճիշտ այնպես, ինչպես Ժողովողը նկարագրում է հողմի պտույտը. «…ելնում է դեպի հարավ եւ դառնում է դեպի հյուսիս, պտտվելով պտտվում՝ փչում է հողմը եւ վերադառնում իր շրջապտույտին»: Հենց այդպես մենք էլ ենք վերադարձել մեր՝ գրեթե ելակետին. անկախության հռչակումից մեկուկես տասնամյակ անց դարձյալ անկախության կարիք կա, անարդարության դեմ պայքարը մնացել է 90-ականների կեսերին եւ ինչ-որ տեղ մոլորվել-կորել է, ազատության մասին խոսելն իսկ ավելորդ է՝ ազատ մարդն այսքան ողբերգություններ ինքն իր համար չէր ամբարի եւ չէր դողդողա դրանց վրա: Որպես մեծագույն սեփականություն:

Էնպես որ՝ էն օրերի 3-4 տարեկաններն այսօր ավելին ունեն անելու, քան մենք՝ իրենց տարիքում. անկախության վերանվաճում, ինքնուրույնության վերահաստատում, ազատության ապահովում բոլորի եւ յուրաքանչյուրի համար: Սրանք են, կարծում եմ, այն արժեքները, որոնք միայնակ մարդկանց ամբոխին, որն առաջնորդվում է խիստ գետնաքարշ՝ «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» ցուցումով, ԺՈՂՈՎՈՒՐԴ են դարձնում՝ արժանի քաղաքակիրթ այլոց հետ հավասարը հավասարի պես հարաբերվելու:

Մնացյալը դատարկ խոսակցություններ են, սիտուատիվ լուծումների փորձեր, ընդդիմության դիմակահանդես. ֆորպոստ ես՝ պիտի տաս, պիտի համակերպվես, պիտի թռվռաս՝ երբ թուլափայիդ մեջ մի կտոր էլ թեկուզեւ ոսկրոտ միս ես հայտնաբերում: Բա ոնց: Եթե համակերպվել ես ֆորպոստությանդ՝ էդպես պետք է լինի. ֆորպոստի տիրոջ կամքով. «Գյադեք, էս կողմ անցեք, չէ, չէ, չէ՝ գյադեք, էն կողմ անցեք» տարբերակով: Ու էստեղ միանգամայն երկրորդական-երրորդական բաներ են, թե բլոկը երբ ես տալիս, գազամուղը՝ ոնց, ցանցերը՝ ինչու:

Մի ելք կա միայն. արժեքներ, սկզբունքներ, ինստիտուտներ սահմանելը եւ հաստատելը, որից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի: Առաջին պլան կգան ազգի, երկրի ու պետության ապագայով մտահոգ մարդիկ, ովքեր ՇԱՀԸ որպես պատմության մեջ գրվելու արժանի գործ անելը կդիտեն, ոչ թե օրվա ծախսի փողը…

…Աստված, որ ամենակարող է, ամեն անգամ չէ, որ միջամտում է. համակարգ է հստակ հաստատել, մեր խոսքերով՝ ինստիտուտ, որն աշխատում եւ կատարում է իրեն առաջադրված ծրագիրը՝ վերարտադրությունից, բազմացումից մինչեւ թթվածնի արտադրություն: Բայցեւ՝ ամենամեծ իրավունքը տվել է մեզ՝ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ իրավունքը: Ինչ-որ բանի հասնելու կամ չհասնելու համար: Հասնելու համար էլ առանձին ընտրություն է թողել մեզ: Օրինակ, հենց ԻՐԵՆ հասնելու երեք ճանապարհ է գծել. ՀԱՎԱՏՔԸ, ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ:

Ու մեղքը մերն է, որ ճանապարհը չենք գտնում: Երեքից եւ ոչ մեկը: Երեքներից եւ ոչ մեկը: Թեեւ… ավելի պարզ խնդիրները չեն լուծվում, ավելի մատչելի ճանապարհները չեն փնտրվում եւ գտնվում, ավելի դյուրին հարցերը պատասխան չեն ստանում:

Ավաղ: Քանզի մենք մեր կյանքով կանխորոշում ենք մեր վախճանը նաեւ:

Իսկ իրենցից մեկը միանգամայն արդարացիորեն խորհուրդ է տվել: Հեշտ կյանք մի ցանկացեք ինքներդ ձեզ, այլ հեշտ… մահ:

Եվ պետք չէ հետեւանքները ողբալ. էս տվինք Ռուսաստանին, էն տվինք Ռուսաստանին, անկախությունը տվինք: Բա ֆորպոստ ենք՝ պիտի տանք:

Ու նաեւ արժանի ենք դրան: Տալուն: Ու դրա համար է տրվում: Երբ արժանի կլինենք հակառակին՝ կվերցվի…

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել