Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշքշուկ եւ վիրավորանք «Օվիր»-ում

Ապրիլ 13,2006 00:00

1980 թվականից մենք ապրում էինք ԱՄՆ-ի
Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում: 2002 թվականին ընտանիքով վերադարձանք
հայրենիք: Ես դեռեւս 1996-ին դիմել եւ ստացել էի ՀՀ քաղաքացիության հատուկ
կարգավիճակի անձնագիր, իսկ կինս՝ 2002 թ-ին: Մեր որդին՝ Թադեւոսը, այս տարի ավարտում
է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպանական
բաժինը: Գերազանց ուսանող է, ակտիվ մասնակցում է համալսարանի հասարակական կյանքին,
միջոցառումներին: Հիմա էլ ուսումը շարունակելու է Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում:
2005թ. հոկտեմբերին Թադեւոսի համար դիմեցինք «Օվիր»-ի անձնագրային բաժին՝
ստանալու հատուկ կարգավիճակի անձնագիր: Բաժնի պատասխանատու Ա. Սուքիասյանն ասաց,
որ կեցության վիզան համալսարանի կողմից երկարացնելուց հետո դիմենք: Վիզան եղավ եւ
նույն ամսին անհրաժեշտ փաստաթղթերով ներկայացանք: Այս անգամ էլ նույն պաշտոնյան ասաց,
որ ավարտելուց 2 ամիս առաջ գանք: 2006թ. մարտի վերջերին կրկին գնացինք Ա. Սուքիասյանի
մոտ: Ընդունելությունը շատ վատ էր, նույնիսկ նստել չառաջարկվեց եւ ամբողջ խոսակցության
ընթացքում պարոն Սուքիասյանը հեգնում էր ու ծաղրական արտահայտություններ անում Թադեւոսին՝
կնոջս ներկայությամբ: Այս անգամ էլ ասաց, որ 1 լուսանկար է պետք ու նաեւ փաստաթուղթ,
որ այս տարի ավարտում է: Կնոջս հարցին, թե՝ այլեւս ուրիշ փաստաթուղթ պետք չէ՞, ասաց՝
ոչ եւ որ ծնողի ներկայությունն էլ պարտադիր չէ: Համալսարանից համապատասխան
փաստաթուղթը վերցնելով, Թադեւոսը նորից գնաց Ա. Սուքիասյանի մոտ: Այս անգամ էլ նույն
վերաբերմունքն է եղել եւ պատասխանել է, թե՝ քո բերած փաստաթուղթը հիմա չի անցնում,
գնա, կգաս մայիսի 1-ից հետո՝ կանենք: Թադեւոսը խնդրել է, որ նա լրացնի դիմումագիրը,
բայց չի արել, դեռ ծաղրել են որդուս (ինչ-որ մեկն էլ է եղել սենյակում)՝ նմանեցնելով
ինչ-որ մեկին: Մի՞թե սա վայել է պետական աշխատողին: Գուցե այս խոչընդոտները հատո՞ւկ
են արվում հայրենիք վերադարձածների նկատմամբ: Բազմաթիվ դեպքերի մասին ենք լսել, որ
որոշ (պարզ է, թե ինչ) դեպքերում ինչ արագ է կատարվում: Չծավալվենք: Ա. Սուքիասյանի
նման մոտեցումն ու վերաբերմունքը, կարծում ենք, արժանի է խիստ գնահատականի: Վիրավորված
է մեր արժանապատվությունը եւ դիմում ենք «Առավոտ» թերթին՝ ակնկալելով ձեր միջամտությունը
օրենքով ամրագրված կարգավիճակի հարցի լուծման համար: ՍԱՍՈՒՆ
ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ Հ. Գ. Հակառակ կողմի տեսակետը ներկայացնելու համար
երեկ դիմեցինք ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչություն, որտեղից մեզ պատասխանեցին,
որ իրենք ընթացք չեն տալիս «պատի տակի խոսակցություններին»: Պարոն Պասկեւիչյանի նամակը
տպագրելուց հետո, հուսով ենք, ընթացք կտան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել