Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա խայտառակ գործարք է»

Ապրիլ 13,2006 00:00

Երեկ
«Փաստարկ» ակումբում «Գույք՝ գազի դիմաց» գործարքի թեմայով ասուլիս էր հրավիրել անկախ
տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: Պարոն Աղաջանովը բերեց ձվերի ու զամբյուղի օրինակը.
տնտեսագիտության մեջ կա մի չգրված օրենք՝ բոլոր հավկիթները չի կարելի դնել մի զամբյուղի
մեջ, իսկ մենք մեր բոլոր էներգետիկ գործոնները դրել ենք մեկ՝ ռուսական զամբյուղի
մեջ: Ինչ վերաբերում է բուն գործարքի մասին նրա կարծիքին՝ «սա խայտառակ գործարք է,
որը միայն կորուստներ է խոստանում, մեր երկրի շահերը պահանջում էին, որ շուկայում
պետք էր թողնել մի քանի խաղացող, դա դասագրքային բան է, չի կարելի ամբողջը տալ մեկին,
դա անհեթեթություն է, մանավանդ որ բաշխիչ ցանցերն արդեն տվել էին ռուսներին, սա էլեմենտար
ճշմարտություն է, որը մերոնք չեն ուզում հասկանալ»: Մեր հարցին, թե հաշվի առնելով
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի էներգետիկ պոտենցիալը, պահանջվող ներդրումները,
այն որպես առանձին կառույց լա՞վ գնով ենք վաճառել, թե՞ ավելի թանկ էլ կարելի էր վաճառել,
պարոն Աղաջանովը պատասխանեց. «Ես գինը դեռ չեմ հաշվարկել, կարող ա ավելի շատ կամ
քիչ տվողներ էլ լինեին»: Է. Աղաջանովը ասուլիսի սկզբում նշեց, որ լինելով «Փաստարկ»
ակումբում՝ ինքը միայն խոսելու է փաստարկներով: Մասնավորապես, նա բերեց «Գազպրոմի»
կայքից հանած մամուլի ծառայության հաղորդագրությունը եւ ռուսական «Կոմերսանտ» թերթում
ապրիլի 7-ին տպագրված «Գազպրոմի» բաժնետոմսերի մասին նյութը, որտեղ ասվում է՝ «Հայաստանը
Ռուսաստանին է վաճառել նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ունեցած 45% իր մասնաբաժնի
27%-ը, ինչի արդյունքում «Գազպրոմը» դարձել է «ՀայՌուսգազարդի» 82%-ի սեփականատերը»:
Իշխանությունն այս օրերին անընդհատ փորձում է համոզել, որ ռուսներին մեր տվածը
առանձնապես մեծ բան չի եղել, եւ որ Հայաստանից առնվազն 10 տարի կպահանջվեր Հրազդանի
ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը ոտքի կանգնեցնելու համար, մինչդեռ ռուսները պետք է հսկայական
ներդրումներ կատարեն ու էներգաբլոկը ծառայեցնեն մեզ: Մասնավորապես, նախօրեին էլ պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանը ՋԷԿ-ը համեմատել էր 3 հարկանի տան հետ, որի միայն փոքր նկուղն
է կառուցված: Այս առնչությամբ պարոն Աղաջանովից հետաքրքրվեցինք, թե իսկապե՞ս ՋԷԿ-ի
էներգաբլոկը այդքան անպետք հիմնարկ է եղել եւ քանի հարկն է իրականում կառուցված եղել:
Ի պատասխան՝ նա ասաց. «Դա անհեթեթություն է, այդ նույն իշխանությունները մի ամիս
առաջ անընդհատ թմբկահարում էին Պարսկաստանի հետ կնքած պայմանագիրը, թե ինչ լավ գործարք
ենք կնքել, էներգետիկ անվտանգությունից էին խոսում, այլընտրանքային գազամատակարարման
հնարավորությունն էին ռեկլամ անում, բայց ինչ եղավ էս երկու օրվա ընթացքում՝ չեմ
կարող բացատրել»: Իսկ Սերժ Սարգսյանի պահով նա ասաց, որ «նման անուն-ազգանունով տնտեսագետ
ես չեմ ճանաչում»: Թե ինչ է լինելու 3 տարի հետո՝ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ պարոն
Աղաջանովը կանխատեսեց. «Մենք չենք հասցնելու ադապտացվել գազի էժան գնին՝ գազը դառնալու
է 230 դոլար, այն ժամանակ մենք կխոսենք իշխանությունների հետ»: Հ.
ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել