Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕԾԱՆԵԼԻՔ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

Ապրիլ 13,2006 00:00

Հարկ ենք վճարում՝ նախագահի աշխատակազմին
օծանելիք, կառավարությանը՝ հետեւի բարձ եւ մեր բոլոր իշխանավորներին պարագվայական
թեյ մատակարարելու համար: ՀՀ պետական բյուջեով նախատեսված գնումների անվանացանկի
ընթերցումը, հավատացնում եմ, այնքան էլ ձանձրալի զբաղմունք չէ: Կարելի է մի լավ ծիծաղել,
զարմանալ ու նաեւ՝ արդարացի բարկանալ: Ես նախագահի ու իր աշխատակազմի համար օծանելիք
գնել չեմ ցանկանում: Եվ ինչո՞ւ պետք է 2004-ի պետական բյուջեով՝ նախագահի ու աշխատակազմի
անուշահոտությունն այդքան թանկ նստի մեզ վրա. մի ամբողջ 1 850 000 դրամ, որ, իհարկե,
գոյանում է իմ, ձեր, մեր հայրենակիցների վճարած հարկերից: Յուրաքանչյուր հարկատու
արդարացիորեն կարող է պահանջել երկրի իշխանություններից թափանցիկ աշխատանք, այն է՝
հրապարակել տարվա ընթացքում պետբյուջեով իրականացվելիք գնումների անվանացանկը: 2005-ի
ու 2006-ի տարեկան բյուջեներում կատարվելիք մանրամասն ծախսերի մասին պետական տեղեկագիրքը
չգիտես ինչու լռում է: Սակայն, ոչ հեռու անցյալում, 2004-ին, այդ ցանկը հասանելի
էր յուրաքանչյուրին: Բավական է միայն ձեռքի տակ ունենալ 2004-ի բյուջեի մասին օրենքը՝
տպագրված ՀՀ պաշտոնական տեղեկագրքում, որտեղից էլ արվում են բոլոր մեջբերումները:
Զավեշտ N1. Կարո՞ղ է որեւէ մեկը տրամաբանական բացատրություն տալ, թե ինչո՞ւ
ես, դուք, մեր հայրենակիցները պետք է վճարեն 500 000 դրամ՝ հոգալու համար ՀՀ բնապահպանության
նախարարության «Բաղնիքների եւ դուշերի, վարսավիրանոցների, ծիսական եւ արարողական
ծառայությունների» ծախսերը: Հասկանալի է, որ պաշտոնյաները պետք է փայլեն մաքրությամբ
ու գեղեցիկ սանրվածք ունենան: Սակայն մի՞թե մենք ենք դրա պատասխանատուն: Բացի այդ,
անհասկանալի է, թե ինչպե՞ս են «բաղնիքների, դուշերի, վարսավիրանոցների ծառայությունները»
համադրվում «ծիսական եւ արարողական» ծառայությունների հետ, մեկ ենթավերնագրում: Անհասկանալի
է նաեւ, թե «դուշերում» ու «բաղնիքներում» մատուցվող այդ ի՞նչ «ծիսական» ու «արարողական»
ծառայությունների մասին է խոսքը: Այստեղ կարելի է միայն երեւակայել…… բայց թողնենք
այդ գործն ընթերցողին, շարունակելով մաքրակենցաղության թեման: Զավեշտ N 2.
Լվանում ենք ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցների գլուխները՝ 10 000 դրամի
շամպունով: Հարց է ծագում, թե ինչո՞ւ միայն այս նախարարության: Եթե լվանում ենք,
ուրեմն, գոնե՝ բոլոր նախարարություններինը: Զավեշտ N 3. ՀՀ ֆինանսների եւ
էկոնոմիկայի նախարարության համար գնում կենդանի ճագար՝ 1 մլն դրամի եւ առնետներ ու
սպիտակ մկներ՝ կենդանի, 3 մլն դրամի: Զավեշտ N 4. Նախագահի աշխատակազմի համար
նախատեսված է 32.500 դրամ՝ «Կոշկեղեն, գլխարկներ, զոնտեր, արեւապաշտպան զոնտեր, ձեռնափայտեր,
ձեռնափայտ-նստոցներ, խարազաններ, մտրակներ եւ դրանց մասերը, մշակված փետուրներ, արհեստական
ծաղիկներ, մարդկային մազերից պատրաստված ապրանքներ, գետրիներ» ենթավերնագրով գնումներ
կատարելու համար: Նախագահի աշխատակազմը նաեւ 14 մլն 508 հազ. դրամով գնումներ է կատարել
«Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ եւ մեխանիկական հարմարանքներ,
դրանց մասերը» ենթավերնագրով, որի ներքո, չգիտես ինչ տրամաբանությամբ, նախատեսված
է հիմնականում համակարգչային տեխնիկայի գնում: Զավեշտ N 5. ՀՀ կառավարության
համար պետբյուջեով նախատեսված է գնել «հետեւի բարձ»՝ 18.400 դրամով: Մեկնաբանություններն
ավելորդ են: … Զավեշտ N 6. Պարզվում է, ՀՀ դատախազությունը 2004-ին գնել է
«Վերգետնյա տրանսպորտային միջոցներ, թռչող ապարատներ, լողուն միջոցներ, տրանսպորտին
վերաբերող սարքեր եւ սարքավորումներ, դրանց մասերը»՝ 7.294 000 դրամով: Սրանք, անշուշտ,
բարձրացրել են հայրենի դատախազության աշխատանքի արդյունավետությունը: Իսկ ՀՀ կառավարությանն
առընթեր ոստիկանությունը 2004-ին 30 մլն դրամով բնակարան գնելու հնարավորություն
է ունեցել: Զավեշտների ցանկը կարելի է շարունակել: Ավելացնենք նաեւ, որ մեր
կառավարության բոլոր անդամ-պաշտոնյաների համար, պետական կարեւորագույն գործերը հավուր
պատշաճի իրականացնելու համար 2004-ի պետբյուջեով գնվել է միլիոնավոր դրամների ավտոմեքենաներ,
հարյուր հազարավոր դրամների «բոմբոներկա», «Ջերմուկ», «Կոկա Կոլա», «Ֆանտա», «Սփրայթ»,
«Փարիզյան սուրճ», «Նեսկաֆե», «Պելե», կոնյակ, կոֆե, պարագվայական թեյ՝ «Մատե»: Վերջինիս
մասին համացանցում (ինտերնետում) կարդում ենք. թեյ, որ ուժ եւ էներգիա է հաղորդում,
կարգավորում է ախորժակը, ուղեղի աշխատանքը եւ հակադեպրեսանտ է: ՍԵԴԱ
ՄՈԻՐԱԴՅԱՆ Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան
գրասենյակի ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել