Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՇՏ

Ապրիլ 12,2006 00:00

«ՀԵՇՏ Է ԱՇԽԱՏԵԼ ԿԱՄԵՐԱՅԻՆԻ ՀԵՏ» Այս կարծիքին է իտալացի ճանաչված սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Արամ Ղարաբեկյան): Նվագախումբը կղեկավարի Մոսկվայի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը: Մենակատարներն են սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին (Իտալիա), դաշնակահար Բասինիա Շուլմանը (Ռուսաստան): Ֆեդերիկո Մոնդելչին սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: – Դուք իբրեւ մենակատար ելույթներ եք ունեցել Իտալիայի լավագույն նվագախմբերի հետ, համագործակցում եք նաեւ Մոսկվայի կամերային նվագախմբի հետ, ի՞նչ կարծիքի եք Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասին: – Այս նվագախմբի հետ ինձ շատ ազատ եմ զգում, շատ կոմֆորտ նվագախումբ է, հեշտ է աշխատել նրա հետ: Ընդամենը երկրորդ փորձից տպավորություն ունեի՝ կարծես տեւական ժամանակ աշխատել էի Հայաստանի Կամերայինի հետ: Շատ կցանկանայի ձայնասկավառակ թողարկել, որովհետեւ ձեր երաժիշտներն ուղղակի հիանալի են նվագում: – Լայն հասարակության (խոսքը մասնագետների մասին չէ) մոտ սաքսոֆոնը ասոցացվում է ջազի հետ: Համաձա՞յն եք այս դիտարկման հետ: – Սաքսոֆոնը դասական երաժշտական գործիք է, ինչպես դաշնամուրը, կլարնետը, ջութակը, թավջութակը: Տարբերությունն այն է, որ մյուս գործիքների համար շատ ստեղծագործություններ են գրված՝ Մոցարտի, Բեթհովենի ու այլ կոմպոզիտորների կողմից: Ինչ խոսք, սաքսոֆոնի համար էլ կա դասական ռեպերտուար, սակայն այն այնքան մեծ չէ, քանի որ սաքսոֆոնը հին գործիք չէ: Ինչ վերաբերում է ջազին, այն նախ մեծ ռեպերտուար ունի, բացի այդ՝ սաքսոֆոնը իսկապես ջազում շատ է ներգրավված, հետեւաբար այդ գործիքը ասոցացվում է ջազի հետ: – Ձեր խոսքում էլ հնչեց, որ սաքսոֆոնի համար գրված դասական գործերը քիչ են, դրա համար էլ փոխադրումներ են արվում: Աստոր Պիացոլայի ստեղծագործությունների փոխադրումը՝ սաքսոֆոնի համար դո՞ւք եք արել: – Ես աշխատել եմ անել այնպես, որ այդ ստեղծագործությունը այնպիսի տեսք ունենա, ինչպիսին Պիացոլան կգրեր սաքսոֆոնի եւ նվագախմբի համար: Ես աշխատել եմ ոչ միայն նոր տրանսկրիպցիա անել, այլեւ նոր շունչ եմ հաղորդել, արդյունքում՝ փոխադրումները տարբերվում են օրիգինալից: – Հետաքրքիր է՝ Իտալիայում այժմ երիտասարդ կոմպոզիտորները սաքսոֆոնի համար գործեր գրո՞ւմ են: – Շատ կան այդպիսի կոմպոզիտորներ: Ես անցյալ համերգաշրջանում նվագել եմ մի կոնցերտ, այս համերգաշրջանում էլ Նոր Զելանդիայի նվագախմբի հետ կկատարեմ հատուկ ինձ համար գրված կոնցերտը: Նույնը վերաբերում է նաեւ Ռոբերտո Մոլինելիի «Չորս պատկեր Նյու Յորքից» ստեղծագործությանը, որի պրեմիերան կկայանա Երեւանում: – Սա Ձեր առաջին այցն է Հայաստան, ինչպիսի՞ն են տպավորությունները: – Ես դեռ չեմ հասցրել տեսել Հայաստանը: Լսել եմ եւ վստահ եմ, որ ձեր փոքրիկ երկիրը բազում գանձեր ունի, որոնք ցանկանում եմ անպայման տեսնել: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել