Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսեցին

Ապրիլ 12,2006 00:00

Խոսեցին վարչապետի ետեւից Ֆադեյ Տաճատիչի հրաժարականից հետո ակադեմիկոսներն ավելի «պահանջատեր» դարձան ԳԱԱ հումանիտար, բնագիտական եւ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքները երեկ հավաքվել էին՝ այսօր կայանալիք Ընդհանուր ժողովից առաջ քննարկելու իրենց տարեկան գործունեությունը: Եղան նաեւ ելույթներ, որոնցից մեջբերենք մի քանիսը: Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Ղարագյոզյանը ափսոսանք հայտնեց, որ նախօրեին իրենք շուտ են բաց թողել ՀՀ վարչապետին ու նրան չեն ներկայացրել իրենց հուզող բոլոր հարցերը: Վարչապետը մի կարեւոր հարց է բարձրացրել՝ ի՞նչ է արված եւ կոնկրետ ինչի՞ համար են գիտնականները փող ուզում: «Երեւի հարկավոր է հասցնել նրան, թե յուրաքանչյուր ինստիտուտում ինչ է արվում, հարկավոր է մատչելի ձեւով ներկայացնել ու պահանջել վերանայել խայտառակ ֆինանսավորումը, որ հատկացվում է գիտությանը»,- նշեց գիտնականը: Տեսնենք՝ այսօրվա ընդհանուր ժողովին արդյո՞ք պրն Ղարագյոզյանը վարչապետին կոնկրետ հարցեր կուղղի, խնդիրներ առաջ կքաշի, թե՞ նորից կոռուպցիայի դեմ պայքարողների աշխատանքին կանդրադառնա ու Բոլոնիայի գործընթացները կուղարկի ռուսական հայտնի հասցեով, ինչպես երեկ հերթական անգամ արեց դա: Կ. Ղարագյոզյանը նախ ուզում է տեսնել մի բռնված կոռուպցիոների, ումից կբռնագանձվեն շորթած գումարներն ու կփոխանցվեն գիտնականների հաշվին. «Արթուր Բաղդասարյանը մի անգամ ինձ ասաց, որ 5 մլն մի կոռուպցիոներից բռնագանձվել է եւ ինչքան պահանջել է այդ գումարներից գիտությանն էլ տալ, չեն տվել: Մենք պետք է պահանջենք, եթե աղբյուրներից մեկը դա է՝ զարգացնել գործողությունները (նկատի ունի կոռուպցիոներներին բռնելու գործընթացը- Հ. Բ.), որ արդյունքը երեւա: Թե չէ՝ միայն խոսում են»: Քիմիական գիտությունների դոկտոր Առնոս Հովհաննիսյանն ակադեմիկոսներին խորհուրդ տվեց խոսել ու պահանջատեր լինել. «Խոսողներին հոգեկան հիվանդ եք համարում (նա նկատի ուներ ակադեմիկոս Անրի Ներսիսյանի հասցեին հնչած անձնական վիրավորանքները-Հ. Բ.), բա դուք դրա համար պատասխան չպե՞տք է տաք, այդ մարդը ոչ մի դաշնակից, ոչ մի թայֆա չուներ, պարզապես իր ընդվզումն էր հայտնում: Ես անձամբ պահանջում եմ, որ նախագահությունն ասի՝ 10 տարվա մեջ որքան փող է մտել ակադեմիա՝ որպես օգնություն, ասեք այդ թիվը, որովհետեւ ես ստացել եմ 0, իսկ ինձ նման 2000 հոգի են: Այս հարցերը չեք բարձրացնում, չեք էլ թողնում, որ մենք բարձրացնենք, հետո էլ ասում եք՝ դեղին մամուլ, բա մենք ո՞նց անենք: Մենք ձեզ առայժմ հարգում ենք որպես ակադեմիկոս, բայց դուք լռում եք, ուրեմն հավասարապես մեղավոր եք ակադեմիայի կատարած մեղքերի մեջ»: Այսօր, երբ արդեն Ֆադեյ Սարգսյանը ԳԱԱ նախագահ չէ, հանուն գիտության իշխանություններին ընդդիմանալու կոչեր են անում նաեւ այն անձինք, ովքեր մինչ այժմ լռում էին ու ենթարկվում վերեւների հրամաններին: Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Գեւորգյանը, օրինակ, անդրադարձավ թղթակից անդամների ընտրության հարցին. «Նրանց ինչպե՞ս պետք է քվեարկի հանձնաժողովը, որը չի հասկանում այդ գործը, ինչպե՞ս պետք է գնահատեն, եւ գնահատում են, գնահատում են ու վարկաբեկում ակադեմիան: Գիտնականը չի կարող համաձայնել իշխանության հետ, նա միշտ պետք է ընդդիմախոս լինի, ինչպես ամեն մարդու, մեզ համար էլ հաճելի է բոլորին լավամարդ լինել, բայց հանուն գիտության պետք է ընդդիմանալ: Ես չեմ կարող հանդուրժել, որ մեզ ստորացնեն…»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. ԳԱԱ 2005 թ. տարեկան հաշվետվության համաձայն, 2005 թ. ընթացքում ԳԱԱ գիտական կազմակերպություններ ընդունվել է 48 եւ հեռացել 122 գիտությունների թեկնածու: Զգալի արտահոսք է գրանցվել Կենսաքիմիայի ինստիտուտում՝ 16, Բուսաբանության եւ Մաթեմատիկայի ինստիտուտներում՝ 10, Ֆիզիոլոգիայի ինստիտուտում՝ 7, Երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ 6: Ընդհանուր առմամբ, հաշվետու տարում ակադեմիայից հեռացել է 136 գիտաշխատող, որոնցից 14-ը՝ գիտությունների դոկտոր: 79 ակադեմիկոսից միայն 6-ն է գիտական ղեկավարի գործունեություն ծավալել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել